- Ամենահեռու տարածությունից խփված գոլը
2013 թվականին ԱՊԼ-ի «Սթոք Սիթի»-«Սաութհեմփթոն» հանդիպման ժամանակ աչքի է ընկել «Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը, որը իր պաշտպանած դարպասի մատույցներից գնդակը հեռացրել է այնքան ուժեղ, որ այն կտրելով 91,9 մետր հայտնվել է Արթուր Բորուցի դարպասում:
- Ամենաթանկ տրանսֆերը
2017 թվականին բրազիլացի Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով:
- Մեկ մրցաշրջանում ամենից շատ խփած գոլերի հեղինակը
2012 թվականին արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր ակումբի եւ Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցելով 69 հանդիպման՝ խփել է 91 գոլ:
- Աշխարհի մեկ առաջնությունում ամենից շատ գոլ խփած ֆուտբոլիստը
Ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենը 1958 թվականի աշխարհի առաջնությունում դարձել է 13 գոլի հեղինակ: Մեկնարկային խաղում նա հեթ-տրիկ է գրանցել, երկրորդ խաղում՝ դուբլ, խմբային մրցաշարի երրորդ խաղում հեղինակել է 1 գոլ: Նա քառորդ եզրափակչում 2 գնդակ է ուղարկել Հյուսիսային Իռլանդիայի դարպասը, կիսաեզրափակչում աչքի է ընկել Բրազիլիայի դարպասը խփած մեկ գոլով: Բրոնզե մեդալի համար խաղում Ֆոնտենը մրցակցի դարպասը գրավել է 4 անգամ՝ մեկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցնելով մինչեւ այժմ չգերազանցված ռեկորդի՝ 13-ի:
Կարդացեք նաև
- Ամենաշատ հաճախելիություն ունեցող խաղը
1950 թվականին աշխարհի առաջնության եզրափակչի Բրազիլիա-Ուրուգվայ հանդիպմանը «Մարականա» ստադիոնում հետեւել է 210 հազար մարդ, չնայած վաճառված եղել է 173 850 տոմս:
- Ամենախոշոր հաշիվը
2002 թվականին Մադագասկարի առաջնությունում բացառիկ հաշիվ է գրանցվել «Ադեմա»-«Ստադ Օլիմպիկ լ՝Էմիրն» խաղում: Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստները նախորդ հանդիպմանը մրցավարի գործողություններից ծայր աստիճան դժգոհ լինելով՝ որպես բողոքի նշան սկսել են իրենք իրենց գոլ խփել: Գրանցվել է 149:0 հաշիվ:
- Ամենաուժեղ հարվածը
2011 թվականի սեպտեմբերին «Պորտուի» բրազիլացի հարձակվող Խալկը կատարել է ֆուտբոլում ամենաուժեղ հարվածը գնդակին: Գնդակը սուրացել է ժամում 240 կմ բացարձակ ռեկորդային արագությամբ, որը «Շախտյորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը ի վիճակի չի եղել կասեցնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ