«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն ավանդական է դարձել վարչապետ-խմբակցություն հանդիպումը; Նա նշեց, որ քննարկվել է 2019թ. տեղի ունեցածը եւ 2020թ. իրենց տեսլականը. «Հարցեր հղեցինք վարչապետին, պատասխաններ ստացանք: Մշտապես նման հանդիպումներ եղել են եւ լինելու են, եւ որեւէ արտառոց բան կամ ենթատեքստ չպետք է դնել այս հանդիպման մեջ»:
Գազի հնարավոր թանկացման մասին էլ ասաց, որ տվյալ պահին նման տեղեկություն չկա եւ բանակցություններ են ընթանում:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ վարչապետը գոհ է ԱԺ աշխատանքից:
Հարցին՝ անդրադարձե՞լ են արդյոք պետական հեղաշրջման փորձին, Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: Իսկ հաջորդ հարցին՝ ինչպես է վերաբերվում այն պնդումներին, որ Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Փաշինյանի ընտանիքի հանդեպ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես դրան որեւէ կերպ չեմ վերաբերվում: Իմ օրակարգում նման հարց չկա եւ դա ինձ անկեղծ չի հետաքրքրում: Նման հարցեր օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այլ թեմա չկա»:
Կարդացեք նաև
Միքայել Մինասյանի եւ Արթուր Վանեցյանի համագործակցությամբ պետական հեղաշրջման փորձին վերաբերող հարցին էլ պատասխանեց. «Չեմ ուզում պատասխանել այդ հարցին եւ չեմ ուզում ինձանով ուժ տալ այդ թեմաներին»:
Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ չի կարծում, թե Արթուր Վանեցյանի՝ Փաշինյանի դեմ իրականացրած քարոզչությամբ իրավապահները պետք է զբաղվեն, իսկ զրպարտության դեպքում, նրա խոսքերով, անձը դիմում է դատարան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ