Ապրիլի 10-ին Լոս Անջելեսում կայանալու է Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» պիեսի բեմականացման առաջնախաղը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արմեն Ամիրյանը. «Սա մեր բոլորի կյանքի պատմությունն է…
ԱՄՆ զինված ուժերի գեներալ, բժիշկ Կարպիս Դրամփյանի կյանքում գլխապտույտ իրադարձություններ են տեղի ունենում։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) հարցաքննում է ընտանիքի անդամներին ու հետաքննում գեներալի անցած ճանապարհը, հատկապես Արցախյան ազատամարտի տարիները, որոնք վճռորոշ են եղել գեներալի համար թե’ անձնական, թե’ հանրային կյանքում ։
Արցախում նա երդվել էր․․․ և հավատարիմ մնացել իր երդմանը։
Պատմության հերոսները՝ շատ տարբեր մարդիկ, Լոս Անջելես են հասել Սիրիայից, Լիբանանից, Հայաստանից, Իրանից ու Ռուսաստանից։ Նրանք հայտնվել են մի հարկի տակ՝ Կարպիսի ընտանիքում, սակայն շատ տարբեր պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, երբեմն՝ հակասական։
Կարդացեք նաև
Բեմադրության ընթացքում անսպասելի շրջադարձեր են լինում, որոնք ավելի են խտացնում պատկերները։ Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանի վարպետության, կոմպոզիտոր Արեգ Առուստամյանի հրաշալի երաժշտության, բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի մտահղացումների և, իհարկե, դերասանների բացառիկ խաղի շնորհիվ իրադարձություններն ընթանում են սրընթաց, հաճախ միաձուլվում են իրականն ու երևակայականը, ակնհայտ ճշմարտությունն ու ենթադրյալ պատկերացումները, կարոտն ու սերը, լացն ու ծիծաղը և այս ամենը՝ հայրենիքից հեռու՝ անսահման հայրենասիրության մեջ»:
Արմեն Ամիրյանը վստահեցնում է «Ներկայացումից հետո ձեր կյանքում փնտրելու եք մեր հերոսներին և ասելու եք. «Այո, սա իմ կյանքի պատմությունն է»: