Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևորը՝ հիմա քաղաքական կամք կա խնդիրները լուծելու». ԵՄ դեսպանը՝ ՍԴ-ի շուրջ խնդրի, դատական բարեփոխումների, հակակոռուպցիոն քայլերի մասին

Հունվար 17,2020 13:48

Առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներ են ներդրվել Հայաստանում: Այդ մասին այսօր անազատության վայրերում խնդիրների մասին քննարկմանը տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա ասաց, որ դրանով արձանագրվում է, որ իրենց իրավական չափանիշները նաեւ իրավունքի աղբյուր են հանդիսանում, պաշտպանի զեկույցները օգտակար են լինելու դատավորների, քննիչների համար:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ ինչ Հայաստանում է, այս ընթացքում բավականին առաջընթաց է տեսնում մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը նույնպես ասաց, որ ոգեւորված է Հայաստանում մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում առաջընթացով:

Լրագրողները Անդրեա Վիկտորինին հարցրեցին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրից՝ տեղյա՞կ է, ինչ է կատարվում դրա շուրջ, ՍԴ դատարանին մեղադրանք է առաջադրված ու նախկին իշխանությունները պնդում են, որ դա քաղաքական հետապնդում է: ԵՄ դեսպանը պատասխանեց. «ԵՄ-ն, բնականաբար, միջազգային այլ կառույցների նման ուշադիր հետեւում է զարգացումների ընթացքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը մենք չենք մեկնաբանում: Տեղյակ ենք, որ արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների, մասնավորապես, ԵԽ-ի հետ»:

Հարցին՝ մտահոգություն չունի՞ ԵՄ-ն այդ առումով՝ Անդրեա Վիկտորինը պատասխանեց. «Նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց մասին չեմ կարող ասել, մենք չենք մեկնաբանում կոնկրետ ընթացող գործերը: Սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր ու մենք այդ ջանքերին սատարում ենք, այդ հանգամանքը մեզ համար շատ կարեւոր է: Ես ձեր երկրում աշխատել եմ ավելի, քան տասը տարի, նույնիսկ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ եմ աշխատել ու տեսնում եմ, որ հիմա մանավանդ խոշտանգումների դեմ պայքարի ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում ու այս ուղղությամբ նաեւ համագործակցություն կա միջազգային կառույցների հետ»:

Անազատության վայրերի հետ կապված ԵՄ դեսպանն ասաց, որ եթե անձը զրկված է ազատությունից, ապա կարեւորագույն իրավունքներից մեկը արժանապատիվ պայմանների ապահովումն է, փաստաբանների, բժշկին տեսակցելու հնարավորությունը. «Այս ամենի վերաբերյալ կան տեղական եւ միջազգային չափանիշներ, կարեւորը այդ չափանիշների պահմանումն է: Այս գործընթացում կարեւոր դեր ունեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները: Փակ հաստատությունների հետ կապված վերհանվում են խնդիրները, տրվում հանձնարարականներ, պետք է հետեւել նաեւ այդ հանձնարարականներին»:

ԵՄ դեսպանն ընդգծեց. «Կարևորը՝ հիմա քաղաքական կամք կա խնդիրները լուծելու: ԵՄ-ն ու ՄԱԿ-ի բոլոր կառույցները պատրաստակամ են օժանդակել, մնում են այդ բարեփոխումները քայլ առ քայլ իրագործել, մենք հաստատում ենք աջակցելու մեր պատրաստակամությունը: ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ համագործակում է հանուն կայուն զարգացման նպատակների իրագործման: Դուք միայն դիտորդի դերակատարում չունեք, դուք ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման կարեւոր գործընկերներ եք, հարցեր եք առաջ քաշում, որոնց ԵՄ-ն ու ՄԱԿ-ը միասնական անդրադառնում են»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը եւ վերջին մեկուկես տարում ՀՀ-ում կառավարման համակարգը՝ ԵՄ դեսպանը պատասխանեց. «Ես համեմատելու բան ունեմ: Կարծում եմ, իրավիճակը բարելավվել է, սակայն բազմաթիվ բարեփոխումներ կան, որ անհրաժեշտ է իրականացնել: Չեն լինի մարդու իրավունքներ, եթե չկա իրավունքի գերակայություն, գերիշխանություն: Ես շատ տպավորված եմ դատական բարեփոխումների առաջխաղացման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերով եւ այս գործընթացի մեջ ԵՄ-ն կարեւոր գործընկեր է լինելու: Դեկտեմբերին գործընկերության հանձնաժողովի նիստ գումարվեց Բրյուսելում եւ երկու կողմերն էլ համաձայն են, որ մենք առաջընթաց ենք գրանցում: Բայց դա չի նշանակում, որ կարող ենք կանգ առնել, վաղը դա կարող է կանգ առնել, պետք է շարունակել բարեփոխումները: Շատ տպավորված եմ տեսնելով նաեւ կառավարության կողմից բարեփոխումները եւ հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ գործադրվող ջանքերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031