Այսօր լրագրողները ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին հարցրեցին՝ ընդդիմադիրներն անընդհատ ահազանգում են, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում իրենց վրա, ճնշումներ կան մեդիայի, մամուլի նկատմամբ, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:
ԵՄ դեսպանը պատասխանեց, որ ԶԼՄ-ների մեծ ազատություն կա ու հավելեց. «Իհարկե, կլինեն ինչ-որ իրավիճակներ, նեղ դեպքեր, երբ կարող է լինել ճնշում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, դա լինում է ցանկացած երկրում, իմ երկրում էլ դա լինում է, չենք կարող բացառել:
ԵՄ-ն այսօր ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունն է դիտարկում, կարողությունների զարգացման խնդիր կա, մենք նայում ենք ինչպես կարող ենք լրագրողների վերապատրաստման խնդիրը լուծել, այստեղ կա էթիկայի, պատասխանատվության գիտակցման խնդիր էլ, որն ըստ իս, ոչ միշտ է ճիշտ: Կտեսնեք մեզ միշտ ԶԼՄ-ների ազատությունը կարեւորող սուբյեկտի դերում, մենք բազմաթիվ ծրագրերի մեջ ենք ներգրավում ԶԼՄ-ներին, որպես կարեւոր հսկիչների, բայց կա հարցի մյուս կողմը՝ նաեւ ԶԼՄ-ների պատասխանատու գործելու անհրաժեշտությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ