Հիմա իրավիճակը այլ է (համենայն դեպս՝ այլ է իշխանությունների վերաբերմունքը ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ), բայց էլի բողոքի ակցիաների պակաս չկա։ Եվ առաջին հայացքից կարող է թվալ, թե այս առումով առանձնապես բան չի փոխվել։ Իրականում փոխվել է այն, որ հիմա բողոքի ակցիա անելու փաստն ինքնաբերաբար չի նշանակում, որ բողոքողներն իրավացի են։ Մի դեպքում կարող են իրավացի լինել, մեկ այլ դեպքում՝ ոչ։ Ու իշխանություններն ամենայն մանրամասնությամբ քննարկում են բարձրացված հարցերը, եւ եթե գտնում են, որ բողոքն արդարացի է՝ համապատասխան որոշումներ են ընդունում։
Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ այդ բողոքները, մեղմ ասած, արդարացի չեն՝ որքան էլ հակաիշխանական քարոզչամիջոցները թմբկահարեն դրանք ու փորձեն ներկայացնել որպես համաժողովրդական դժգոհության արտահայտություն, մարդկանց առանձին խմբեր էլ, դրանից ոգեւորված, փորձեն իրենց նեղ խմբային շահերը պարտադրել իշխանություններին։
Հայաստանում իսկապես հետաքրքիր բաներ են տեղի ունենում։ Մարդկանց մի խումբ, օրինակ, ուզում է ապրել ժամանակակից քաղաքակիրթ երկրում, որտեղ ամեն ինչ կլինի օրենքով, իր բոլոր քաղաքացիական իրավունքները պաշտպանված կլինեն եւ այլն, բայց՝ պայմանով, որ անձամբ իրեն թույլ տան, ասենք, իր պահած անասունը մորթել թեկուզ գոմում ու վաճառել՝ որտեղ կամենա։
Մի ուրիշ խումբ ուզում է, որ Երեւանը դառնա գերժամանակակից եվրոպական քաղաք, խցանումներ չլինեն, խանութներում վաճառվող միսն ու այլ սննդամթերքները լինեն բացարձակապես անվտանգ եւ այլն, բայց՝ անձամբ իրեն չտուգանեն մեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու կամ ծխախոտի մնացորդը պատուհանից շպրտելու համար, երրորդները պահանջում են, որ Հայաստանում լինի բարձրակարգ առողջապահություն, գերժամանակակից սարքավորումներ եւ այլն, բայց՝ բոլոր բնակավայրերում լինեն բուժհաստատություններ, ընդ որում՝ պրոֆեսիոնալ եւ բարձր աշխատավարձ ստացող բուժանձնակազմով։ Եվ իհարկե՝ համաձայն են, որ դրա համար մեծ բյուջե է պետք, բայց դեմ են հարկային վարչարարության խստացումներին։
Կարդացեք նաև
Մեկ այլ խումբ երազում է ունենալ ազնիվ ու չկոռումպացված իշխանություններ, բայց՝ պայմանով, որ այդ իշխանությունները մյուս բոլորի «գյամերը քաշեն», իսկ իրենց թույլ տան, ասենք,ապօրինի անտառահատումներով կամ ձկնորսությամբ զբաղվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում