Կառավարության դեգերումը, անցնող ժամանակը և պահպանվող աղքատությունը
2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Իհարկե, այս մոտեցումները ևս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ և քաղաքական ծեծված փաթեթավորումներով։
Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները (էլեկտրոնային տարբերակը հասու է՝ https://www.arfd.am/library/4040/ հղումով): Ի դեպ, 1,5 տարի առաջ Դաշնակցության կողմից օրակարգ բերված այս հիմնադրույթները բովանդակում են աշխատանքով աղքատության հաղթահարման՝ գործող իշխանությունների օրերս հայտնած ցանկությունը կյանքի կոչելու ամբողջական մոտեցումը, սկզբունքները, առաջնահերթություններն ու հավաքական լուծումները։ Ավելին՝ դրանք կազմում են տնտեսության ներառական զարգացման համար անհրաժեշտ, ՀՅԴ կողմից առաջարկվող հավաքական լուծումների մի փոքր մասը:
Մասնավորապես, ՀՅԴ հիմնադրույթներում առաջնային է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայումը, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական և որոշիչ գործիքը: Կիրառվող մեթոդով գնահատումը հիմնված է սոցիալական աշխատողի սուբյեկտիվ կարիքի և գնահատման անուղղակի ցուցանիշների վրա: Բնականաբար, պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ընտանեկան և սոցիալական նպաստների հասցեականության խնդիրները:
Կարդացեք նաև
Այո՛, այս մեթոդը պետք է օր առաջ փոխարինվի գնահատման ուղղակի մեթոդով՝ հիմնված ընտանիքի եկամուտների, հավաստի և ստուգելի աղբյուրներից ձևավորվող այլ տեղեկատվության վրա: Ուղղակի մեթոդը գործադրելու համար էլ անհրաժեշտ է ունենալ եկամուտների և ծախսերի համատարած հայտարարագրման համակարգ: Իշխանափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, իսկ անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական փոփոխությունները չկան ու չկան: Քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով դրանց մասին միայն պարբերաբար խոսում են: Իսկ իրականացված փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ պոպուլիստական և կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Օրինակ՝ անապահովության անուղղակի գնահատման ցուցանիշները ավելացել են խնդրահարույց նոր ցուցանիշներով, եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգվում է և այլն:
Հաջորդիվ, ՀՅԴ ներկայացրած հիմնադրույթներում աղքատության հաղթահարման տեսանկյունից առանցքային դեր ունի զբաղվածության խթանման ակտիվ և արդյունքի միտված քաղաքականությունը: Պետական աջակցության այս գործիքով է միայն հնարավոր նպաստի ստացման ձգտումների իրական ապախթանումը՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության: Արդյունքում՝ անապահովության նպաստ կստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ, սակայն գործազուրկ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:
Բարեփոխումների այս նպատակներին համարժեք նախ և առաջ անհրաժեշտ էր շարունակել և ավարտին հասցնել զբաղվածության պետական ծրագրերի վերաիմաստավորման սկսված գործընթացը: Բովանդակային առումով այս ծրագրերը պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված: Ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտային հարկով:
Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո զբաղվածության պետական քաղաքականության նկատմամբ եղել է անլուրջ վերաբերմունք: Նախ՝ համակարգային կառավարման բացակայության հետևանքով 2018 թվականին այս ծրագրերի 75 տոկոսը չի իրականացվել, իսկ 2019 թվականին 50՝ տոկոսը: Հետևաբար, տարեկան 3000-4000 գործազուրկներ, հիմնականում՝ աղքատ ընտանիքների անդամներ, չեն կարողացել ստանալ պետական աջակցություն և տեղավորվել աշխատանքի կամ դառնալ ինքնազբաղված: Իսկ իրականացված փոփոխություններն էլ բացառապես միտված են եղել ծրագրերի հասցեականության նվազեցմանը, ռիսկերի կառավարման բաղադրիչի վերացմանը և այս ճանապարհով ծրագրերի կատարողականի ինքնանպատակ ապահովմանը: Սակայն պատասխանատուները նույնիսկ այդ գնով չեն կարողացել ապահովել ծրագրերի ամբողջական իրականացումը:
Կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են նաև աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է՝ համեմատած գիտելիքահեն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ։ Պետության համար առավել նպատակահարմար պետք է լիներ աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք և տարածքային համաչափ զարգացման առարկայական գործիք:
Իշխանափոխությունից հետո, այս նպատակադրման ներքո աշխատատար ճյուղերի զարգացման նոր ծրագրեր չեն իրականացվել: Հակառակը, 2020 թվականից համահարթեցվեց եկամտային հարկի դրույքաչափը, ըստ որի՝ ոչ միայն չի նվազել ցածր եկամուտ ունեցողների և աշխատող աղքատների եկամտային հարկի բեռը, այլև դրա հետևանքով ձևավորվել է աշխատատար ճյուղերում ներդրումների ներգրավման և զարգացման ոչ բարենպաստ միջավայր:
Առկա իրավիճակից ելնելով՝ առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լիներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը, առնվազն նախկինում ներդրված հետևյալ նոր գործիքների լիարժեք գործադրումով՝
- գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշխատատեղերի պահանջ (քվոտա),
- սոցիալական ձեռնարկատիրություն՝ պետական անհրաժեշտ մասնակցությամբ և արտոնություններով:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի քվոտավորման և սոցիալական ձեռնարկատիրության զարգացման պահանջները օրենքով սահմանվել են դեռևս 2016 թվականին: Իշխանափոխությունից հետո այս ուղղություններով նախանշված բարեփոխումները ևս չեն շարունակվել:
Այսպիսով՝ առարկայական հարց է առաջանում.
«Իշխանափոխությունից հետո արձանագրվող այս ընթացքով գործող իշխանությունները կարո՞ղ են իրականացնել աշխատանքով աղքատության հաղթահարման իրենց բարի ցանկությունը:»:
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող