Այսօր անազատության վայրերում խնդիրների մասին քննարկմանը լրագրողների հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ իրավական նոր գործիքներ են ներդրվել իրենց կողմից: Խոսքը նախ առցանց իրավախորհրդատու համակարգի ստեղծման մասին է: Թաթոյանի խոսքով՝ «Յուրաքանչյուրը ազատազրկվածի իրավախորհրդատու որոնելով՝ կգտնի 300-ից ավելի հարցի պատասխան՝ ավտոմատացված համակարգով: Սա ներդրվել է ՄԱԿ-ի աջակցությամբ: Ֆեյսբուքի կողմից դա հաստատված է պաշտոնապես, նման բան Հայաստանում առաջին անգամ է ներդրվում»:
Օմբուդսմենն ասաց, որ չնայած առաջընթաց կա, բայց միեւնույն է, համակարգային խնդիրները բավականին շատ են, ոստիկանության համակարգին վերաբերող խնդիրներ կան, հոգեբուժարաններում անձի իրավունքների պաշտպանությանը, ՔԿՀ-ներում, դատարանների խցերում. «Համար մեկ խնդիրը ՔԿՀ-ներում շարունակում է մնալ բժշկական օգնության եւ սպասարկման խնդիրը, ոստիկանության համակարգում բերման պրոցեսում խնդիր է իրավունքների ապահովումը»:
Լրագրողները հետաքրքրվեցին գեներալ Մանվել Գրիգորյանի խնդրով, նրա առողջական վիճակի հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունի եւ ինչպե՞ս է գնահատում իրավապահների մոտեցումը՝ ճի՞շտ էր, որ նրա խափանման միջոցը ուշ փոխեցին՝ Թաթոյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ տեղափոխվել էր հունիսի 7-ին նաեւ մեր հայտարարությունից հետո: Ընդ որում, իմ հայտարարությանը հաջորդել է Եվրոպական դատարանի՝ նույն հիմքերով գնահատականը, որ ՔԿՀ-ների պայմանները բավարար չէին պատշաճ բուժումը ապահովելու համար: Այս ընթացքում ինչպես ցանկացած կալանավորի, այնպես Մանվել Գրիգորյանի համար մենք իրականացրել ենք մշտական այցեր, ուշադրության ներքո ենք հարցը պահել, բժիշկների, փաստաբանների հետ մշտական կապի մեջ ենք եղել: Պարզապես այս վերջին ժամանակահատվածում վիճակը վատացել էր, ես 2 անգամ իրար հաջորդող օրերի արեցի հայտարարություններ, որ առողջական վիճակը կայուն ծանր է, մենք այդ եզրակացության եկանք մեր բժշկի ուսումնասիրությունների հիման վրա,Մանվել Գրիգորյանին օգնող բժշկի ուսումնասիրությունների հիման վրա եւ փաստաբանի հետ ուսումնասիրությունների արդյունքում: Նրան կալանքից ազատելու օրը նրա վիճակն ավելի էր վատացել մեր դիտարկմամբ: Որոշումը դատարանն է կայացրել, այստեղ պաշտպանը միջամտելու իրավունք չունի: Մենք ուշադրության ներքո ենք պահելու խնդիրը եւ կանենք հայտարարություններ»:
Կարդացեք նաև
Թաթոյանն ասաց, որ «նախաքննության ժամանակ ես մի քանի անգամ եմ միջնորդել, որ խափանման միջոցը փոփոխելու հարց քննարկվի՝ առողջական վիճակով պայմանավորված, բայց դե մերժվել է եւ մենք մեր ուսումնասիրության արդյունքները մշտապես ներկայացրել ենք թե՛ փաստաբանին, թե՛ քննության մարմիններին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ