Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիների վարորդների համար կնախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ. «Ժողովուրդ»

Հունվար 17,2020 11:55

Հայաստանում տաքսի մեքենաները տարվա մեջ մի քանի անգամ տեխզննում կանցնեն խիստ պայմաններով։ Տաքսիների վարորդների համար կնախատեսվեն բժշկական զննության ավելի խիստ պայմաններ: Նշենք, որ տաքսամոտորային ուղեւորափոխադրումների ամբողջ համակարգը կարգավորելու ուղղությամբ օրենսդրական փաթեթ է մշակվում։

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, տաքսիների նկատմամբ վերահսկողություն իրականացնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Վերջին ամիսներին՝ տեսչական մարմնի ձեւավորվելուց հետո, վերահսկողություն հիմնականում իրականացրել ենք բողոքների հիման վրա։ Չափազանց շատ են եղել բողոքները, հատկապես՝ միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրողների կողմից, որովհետեւ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ ներգրավված են միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրման համակարգում։ Հիմա մեզ լրացուցիչ գործիքակազմ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք բացառել միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումները տաքսիների կողմից։

Կան մեքենաներ, որոնք ամեն օր կամ օրը մի քանի անգամ կատարում են ուղեւորափոխադրում կոնկրետ մեկ ուղղությամբ, օրինակ՝ Երեւան-Սեւան, Երեւան-Արմավիր։ Բնականաբար, այս ամենի արդյունքում կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների բիզնեսը մի քանի անգամ տուժում է։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնաբերվել են հարյուրավոր նմանատիպ դեպքեր, կազմվել են արձանագրություններ, եւ վարույթներ են ընթանում։

– Խնդրում եմ մանրամասնել, թե Երեւանում ինչպես են վերահսկվում տաքսիները, տեսուչը կանգնեցնո՞ւմ է, ստուգո՞ւմ է թե՛ մեքենայի տեխնիկական վիճակը, թե՛ ունեցած փաստաթղթերը։

– Մենք վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ լիցենզիայի, տաքսի մեքենայի նկատմամբ։ Իսկ տաքսի ասելով՝ մենք հասկանում ենք, որ ավտոմեքենան պետք է ունենա կողային դռների վրա համապատասխան գրառումներ, այդ թվում մինիմալ արժեքի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին օգտվելուց առաջ տեղեկացված լինի, թե մոտավորապես ինչ գին պետք է վճարի։ Պետք է համապատասխան տաքսու նշան լինի մեքենայի վրա, եւ կահավորված լինի պարտադիր սակաչափիչով։ Բայց հիմա բազմաթիվ թաքնված մեքենաներ կան, որոնք իմ նշած կահավորանքով կահավորված չեն, եւ մեր տեսանկյունից սովորական մեքենա են։ Իրենք, սակայն, իրականացնում են ապօրինի ձեռնարկատիրություն։ Սա արդեն պետք է հետաքրքրի Պետական եկամուտների կոմիտեին։ Մենք այդ ոլորտում համագործակցում ենք իրենց հետ։ Մենք առաջարկում ենք 4-7 տեղանոց մինիվեները համարել միկրոավտոբուսներ, եւ եթե առանց տաքսու նշագրման եւ համապատասխան կահավորման իրականացնի ուղեւորափոխադրում, գոնե համարվի ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Թեթեւ մարդատար ավտոմեքենաներին դա չի վերաբերում։ Հիմա տաքսի մեքենա վարողների մեծ մասը չգիտի, որ պետական տուրքի պարտադիր դրույթը օրենքից հանվել է, բայց լիցենզիայի նորմը մնացել է։

Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031