Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պարագայում, հավանաբար, ծննդկանները կմնան գյուղի տատմերների հույսին. «Հրապարակ»

Հունվար 17,2020 11:51
Cnndatun

Առողջապահության նախարարի հիմնավորումները՝ ծննդատները փակելու հարցում, այնքան էլ հիմնավոր չեն։ Իսկ դա ունենալու է բացասական հետեւանքներ, որոնք կարող են կանխատեսել միայն մարզերի բնակիչները, որոնք առանց այն էլ կանգնած են շատ խնդիրների առաջ։ Նախարարի «սեւ ցուցակում» է հայտնվել նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի առողջության կենտրոնի ծննդատունը։ Այն սպասարկում է տարածաշրջանի 5 գյուղերի ազգաբնակչությանը։ Հիշեցնենք, որ ժամանակին ծննդատուն կար նաեւ հարեւան Այգեձոր գյուղի հիվանդանոցում։ Տարիներ առաջ այն նույնպես փակվեց, եւ սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր գյուղերի բնակիչները նույնպես ծննդօգնություն են ստանում Արծվաբերդի ծննդատանը։ Եթե սա էլ փակվի, ծննդկանները ծննդօգնություն կստանան Բերդի, Իջեւանի կամ մայրաքաղաքի ծննդատներում։ Իսկ դա իր հերթին բավականին բարդություններ է ստեղծում ծննդկանների համար։

Հարցին ի պատասխան՝ Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Դալլաքյանն ասաց. «Ես ճիշտ եմ համարում ծննդատան փակվելը»։ Իր կարծիքը տնօրենը հիմնավորեց տարբեր փաստերով. «Ծնունդների թիվն արդեն այնքան է նվազել, որ հասնում 10-ի։ Ժամանակին այս ծննդատունն ունեցել է 300 ծնունդ, հետո աստիճանաբար նվազեց, դարձավ 270։ Իսկ վերջին 3 տարում շատ նվազեց այդ թիվը։ Այս տարի արդեն ամենացածր ցուցանիշն է եղել»։ Տնօրեն Դալլաքյանն ասաց նաեւ, որ իրենց համար ծննդատունը պահելը բավականին ծախսատար է ու բարդ, իսկ ծնունդների թիվ հնարավոր չէ ապահովել։ Ունեն տեխնիկապես անբավարար պայմաններ, մասնագետների պակաս, չունեն վիրահատարան, անեսթեզիոլոգ։ Իսկ այս պայմաններում ապահով ծնունդ ընդունելն անհնար է, այդ պատճառով էլ իրենք շատ հղիների ուղղորդում են մայրաքաղաքի կամ Իջեւանի ծննդատներ։ «Մարդիկ իրենք էլ այսօր արդեն կարդացած են, ինֆորմացված եւ լավ գիտեն, թե որ ծննդատանն ինչ պայմաններ են, եւ ուզում են ավելի ապահով եւ անվտանգ ծնունդ ունենալ՝ չվտանգելով իրենց կյանքը»։

Իսկ մայրաքաղաքում արձանագրված մահերը պարոն Դալլաքյանը կապում է այն բանի հետ, որ մարզերից ուղարկված ծննդկաններն ուշացումով են մեկնում մայրաքաղաք, եւ կարծում է, որ մահացողները հիմնականում մարզերից են լինում։

Տնօրենը կարեւորեց, որ իրենց տարածաշրջանն ապահովվի շտապօգնության ծառայությամբ, բարելավվի այն, քանի որ հաճախ մինչեւ տեղ է հասնում, ուշացած է լինում… Իհարկե, 10 ծնունդի համար դժվար է ծննդատուն պահելը։ Իսկ թվի նվազումը կապ ունի թե՛ արտագաղթի, թե՛ տեխնիկական անբավարար պայմանների հետ։

Արծվաբերդի ծննդատան փակվելուց հետո ի՞նչ կլինի, ասենք, Չինարի գյուղի հղիների վիճակը, երբ նրանց մոտ անսպասելի սկսվեն ծննդյան ցավերը։ Չկա հուսալի շտապօգնություն։ Լինելու դեպքում էլ այն մինչեւ Բերդից հասնի Չինարի, հղիին տեղափոխի Իջեւան, կտեւի մոտ 3 ժամ։ Իսկ եթե հղիի հարազատները որոշեն իրենց միջոցներով տեղափոխել ծննդկանին, ապա տաքսիով Իջեւան հասնելը նրանց վրա կնստի 8000-10000 դրամ։ Եթե Իջեւանում հարազատներ չունեն՝ գիշերելու համար, ապա նորից պետք է վերադառնան Չինարի, հաջորդ օրը նորից գան Իջեւան եւ այսպես շարունակ, մինչեւ նորածնին ու մորը տուն բերեն։ Իսկ եթե, աստված մի արասցե, այս ամենի ժամանակ հարեւան ադրբեջանցիները նորից որոշեն կրակել սահմանամերձ Տավուշի վրա, ապա այդ ճանապարհը հաղթահարելն ուղղակի անհնար կլինի, քանի որ Չինարիից Իջեւան ընկած ճանապարհն ուղիղ նշանառության տակ է։ Այս պարագայում, հավանաբար, ծննդկանները կմնան գյուղի տատմերների հույսին…

Միթե այս ամենը հաշվի չի առել իշխանությունը, որ սահմանամերձ գյուղերի անվտանգ ծննդօգնությունն ու բուժսպասարկումը բարելավելու, բուժհաստատությունները վիրահատարաններով, անհրաժեշտ տեխնիկայով, մասնագետներով ապահովելու փոխարեն փակում է դրանք։ Եթե մայրաքաղաքում նստած ու ոչինչ չանող քայլարած երիտասարդ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու ու շռայլորեն պարգեւատրելու փոխարեն կառավարությունն այդ ֆինանսական միջոցներն ուղղեր նշվածներին, արտոնյալ պայմաններ ստեղծեր սահմանամերձ գյուղերում աշխատող բժիշկների համար, մի քանի անգամ բարձրացներ նրանց աշխատավարձերը, ապա շատ բժիշկներ կմեկնեին աշխատելու հենց սահմանամերձ գյուղեր։ Այս ամենը ռազմավարական եւ անվտանգային մեծ նշանակություն ունեցող հարցեր են։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031