Ցանկացած երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցուցիչն են երկրի ղեկավարի արտասահմանյան այցերի վիճակագրությունները։ Վերլուծելով արտասահմանյան այցերի վիճակագրությունը, կարելի է պատկերացում կազմել այդ երկրի արտաքին քաղաքական գերակայությունների և կոնկրետ ժամանակաշրջանում արտաքին վեկտորների փոփոխության միտումների մասին։
Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից մինչև 2019-ի դեկտեմբերը կատարել է 37 արտասահմանյան այց։ Ստորև մենք կներկայացնենք Հայաստանի նախկին ղեկավարների՝ երեք նախագահների կատարած արտասահմանյան այցերի քանակն ու ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև ցույց կտանք Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունն ու ընդհանուր դինամիկան։
Նախկինները
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել 1991 թվականի նոյեմբերի 20-ին՝ դեպի Ղազախստանի այն ժամանակվա մայրաքաղաք Ալմա-Աթա։ Ընդհանուր առմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության յոթ տարիների ընթացքում մեկնել է 62 արտասահմանյան գործուղման։ Ինչպես Հայաստանի բոլոր ղեկավարների դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենաշատն այցելել է Ռուսաստան, սակայն ի տարբերություն մյուսների, տոկոսային հարաբերակցությամբ, առաջին նախագահն ամենաքիչն է եղել Եվրոպական միության անդամ երկրներում։ Փոխարենը Տեր-Պետրոսյանը, կրկին տոկոսային հարաբերակցությամբ, ամենաշատ այցերն է կատարել Հայաստանի հարևան պետություններ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա։
Կարդացեք նաև
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին այցն արել է 1998 թվականի մարտի 18-ին՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։ Իր նախագահության 10 տարիներին Ռոբերտ Քոչարյանը մեկնել է 129 արտասահմանյան գործուղման։ Վերջինս նույնպես ամենաշատ այցերն արել է Ռուսաստան, սակայն դեպի ԵՄ անդամ երկրներ կատարած ուղևորություններն արդեն ավելի շատ են, քան դեպի Ռուսաստան։ Ուշագրավ է նաև, որ Հայաստանի ղեկավարներից, տոկոսային հարաբերակցությամբ, Ռոբերտ Քոչարյանն ամենաշատն է մեկնել ԱՄՆ։
Հայաստանի ղեկավարներից ամենաշատ արտասահմանյան գործուղումների մեկնել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 203։ Վերջինիս առաջին արտասահմանյան այցը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 3-ին՝ Բուխարեստ։ Որպես երկիր՝ Սարգսյանն ամենաշատն այցելել է Ռուսաստան (54), սակայն էականորեն շատ են վերջինիս այցերը դեպի ԵՄ անդամ երկրներ՝ 72։ Բացի սա, Սերժ Սարգսյանը բավական հաճախ (10) մեկնել է ԱՄՆ՝ հիմնականում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին։ Սերժ Սարգսյանն առաջատարն է նաև հեռավոր այցերի թվով՝ դեպի Հարավային Ամերիկայի և Ասիայի երկրներ։ Փոխարենը, տոկոսային հարաբերակցությամբ, Սերժ Սարգսյանն ամենաքիչն է այցելել հարևան երկրներ։
Հայաստանի նախկին ղեկավարների միջազգային այցերի այս պատկերը ցույց է տալիս, որ պահպանելով սերտ կապերն ու համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Հայաստանը տարիների ընթացքում, անդամակցելով եվրոպական կառույցներին և իրականացնելով եվրաինտեգրման քաղաքականություն, ակտիվացրել է շփումները Եվրամիության հետ, ինչի արդյունքում Եվրոպան դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր երկու ուղղություններից մեկը։
Ներկան
Հեղափոխությունից հետո Հայաստանի նոր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինելու։ Սա երևում է նաև Նիկոլ Փաշինյանի կատարած արտասահմանյան այցերի վիճակագրությունից։ Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես վերը նշեցինք, մեկնել է 37 արտասահմանյան գործուղման, որոնցից 10-ը՝ Ռուսաստան։ Եվրոպական միության անդամ երկրներ Փաշինյանը մեկնել է 12 անգամ։ Թերևս ուշագրավ է այն, որ 37 այցերից 3-ը Նիկոլ Փաշինյանը կատարել է դեպի հարևան երկրներ՝ երկու անգամ Վրաստան և մեկ անգամ Իրան։ Տոկոսային հարաբերակցությամբ սա ավելի շատ է, քան Քոչարյանի և Սարգսյանի դեպքում, ինչը, թերևս, համահունչ է տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։
Ինչ վերաբերում է Հայաստանի բոլոր ղեկավարների այցերի վիճակագրություններում արտացոլվող այլ նրբություններին, ապա հարկ է նշել, որ Հայաստանը, բացի Ռուսաստանի հետ երկկողմ, եվրոպական և տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններից ակտիվորեն մասնակցում է նաև ԱՊՀ-ի ու եվրասիական ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի աշխատանքներին, ուստի Հայաստանի ղեկավարների այցերի մի զգալի մասը տեղի է ունենում դեպի այդ կառույցների անդամ երկրներ։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր 37 այցերից վեցը կատարել է դեպի ԱՊՀ անդամ երկրներ՝ Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ղրղզստան։ Ինչպես նաև, հարկ է նշել, որ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցերի կեսից ավելին՝ վեցը, տեղի են ունեցել եվրասիական ինտեգրացիոն կառույցների միջոցառումների շրջանակում։ Հետևաբար՝ Ռուսաստանի հետ Հայաստանի շփումներն էականորեն պայմանավորված են նաև եվրասիական կառույցների հետ ինտեգրմամբ, և այդ ուղղությունը, ընդհանուր առմամբ, ներկայում Հայաստանի արտաքին քաղաքական ամենամեծ առաջնահերթությունն է՝ ըստ ներկա պահին առկա այցերի վիճակագրության։
Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը տևում է դեռ երկու տարուց էլ պակաս ժամանակ, իսկ երկրի արտաքին քաղաքականության վերադասավորումների և որակական փոփոխությունների մասին հնարավոր կլինի առավել ճշգրիտ եզրակացություններ անել ավելի ուշ՝ երկարաժամկետ կտրվածքներով։
Նշենք, որ նախագահներ Լևոն Տե-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օտարերկրյա գործուղումների մասին տվյալները ստացված են 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ՀՀ նախագահի աշխատակազմին ուղարկված հարցմանն ի պատասխան։ Սերժ Սարգսյանի այցերի մասին տեղեկատվությունը վերցված է president.am, իսկ Նիկոլ Փաշինյանի այցերի մասին՝ primeminister.am կայքերից։
Վահե ՂՈւԿԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»