Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում HRW-ը

Հունվար 17,2020 10:00

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս զեկույց է հրապարակել 2019 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին: Ինչպես որ դա սովորաբար լինում է, տարբեր «խրամատներում» գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերցրեցին այդ զեկույցի իրենց ձեռնտու հատվածները եւ եկան տրամագծորեն հակառակ եզրակացությունների: Իշխանամետները պնդեցին, որ HRW-ը փառաբանել է Հայաստանի հետհեղափոխական նվաճումները, իսկ ընդդիմադիրների համոզմամբ, կազմակերպությունը քարը քարին չի թողել՝ քննադատելով մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:

Իրականում պետք է նախ հաշվի առնել, որ կազմակերպությունն իսկապես հեղինակավոր է, որովհետեւ զբաղվում է մաքուր, դասական իրավապաշտպանությամբ՝ առանց քաղաքական «հավելումների»: Երկրորդ՝ HRW-ը լուրջ դիտողություններ է անում բոլոր՝ անգամ ամենաժողովրդավարական երկրների պարագայում, եւ այդ առումով քննադատությունը պետք չէ ծանր տանել, որովհետեւ աշխարհիս երեսին չկա մի երկիր, որտեղ չեն խախտվում մարդու իրավունքները: Ըստ այդմ, պետք է նայել, թե ինչի վրա է ուշադրություն դարձրել կազմակերպությունը, քանի որ կան որոշակի չափանիշներ, որոնք հիմնականում բացառում են սուբյեկտիվիզմը:

Նախ՝ HRW-ը, որքան հասկանում եմ, խնդիր է տեսնում, որ 2015-16 թվականներին խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ քննությունը դադարեցվել է:

Կազմակերպությունն արձանագրում է նաեւ, որ Ամուլսարի հարցով բնապահպանական բողոքների ժամանակ բախումներ են տեղի ունեցել Երեւանում՝ ԱԺ-ի մոտ եւ Ջերմուկում:

HRW-ը մտահոգիչ է համարում Հայաստանում ընտանեկան բռնության հարցում առկա վիճակը, իսկ ահա հաշմանդամների իրավունքների ոլորտում արձանագրում է որոշակի առաջընթաց:

Զեկույցի 5 էջից 3-ը նվիրված է ԼԳԲՏ խնդիրներին, եւ այդ հարցում մեր ազգաբնակչության մեծամասնության եւ իրավապաշտպանների կարծիքները, մեղմ ասած, չեն համընկնում: Ավելին՝ իշխանությունն ու ընդդիմությունը զեկույցի այս հատվածին չեն անդրադառնում: Որովհետեւ, եթե իշխանությունն ասի՝ «չէ, HRW-ը սխալ է, եւ Հայաստանում հուսալիորեն պաշտպանված են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, մեզանում չկա հոմոֆոբիա, չկան ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ այդ մարդկանց հանդեպ», ապա դա իշխանության վարկանիշի վրա բացասաբար կազդի՝ հասարակության մեծամասնությունն ուզում է, որ լինեն թե՛ ճնշումներ, թե՝ հոմոֆոբիա: Եթե ընդդիմությունն ասի, որ HRW-ը ճիշտ է քննադատում այս հարցում, ապա, հասարակության մեծամասնությունը կասի՝ «ուրեմն, դուք դրանց կողմի՞ց եք»: Վախենալով մեծամասնությունից, մեր քաղաքական եւ հասարակական գործիչները «դուխ չունեն» արձանագրելու այն, ինչ արձանագրում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031