80-ամյա Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե 2014թ-ից զբաղվում է հաշմանդամ կենսաթոշակառուի խնդրով: Նրա մասնակցությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է, վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել: Փաստաբանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: 2018թ. դեկտեմբերի 25-ից Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ու մինչ օրս չի քննել:
Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքի հետ, ներկայացվել էր լուսանկարում պատկերված հայցվոր ծերունու կնոջ նկարը, որը դատական գործընթացի ժամանակ մահացել է, իմանալով, որ իրենց վտարելու մասին հայց կա:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հուլիսի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` Երեւան քաղաքի Չայկինայի փողոց, տուն 74 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Գործում առկա փաստաթղթերից մեկի՝ Նաթելլա Մուրադյանի կողմից տրված պարտավորագրի համաձայն, որը ստորագրել է նաեւ Վաչագան Մուրադյանը, վերջինս Սմովիկ Ասլիկյանից վերցրել է 5.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 30-ը: Չվերադարձնելու դեպքում պարտավորվել է իր երեք սենյականոց բնակարանը ընդմիշտ հատկացնել Սմովիկ Ասլիկյանին: Նաթելլան հակընդդեմ հայց ներկայացրած Սուսաննայի քույրն է եւ հայրը՝ Վաչագանը, ովքեր մահացել են: Սուսաննան որպես 2-ի ժառանգ է հանդես գալիս:
Կարդացեք նաև
Ծերունին մինչ օրս տիրապետել է տունը, որպես սեփականի:
Ըստ վերջինի ներկայացուցչի՝ Լ.Վիրաբյանի. «Պատասխանող կողմը եւ վերջինիս իրավանախորդը, երբեւէ չհետաքրքրվելով իրենց գույքի ճակատագրով, չիրականացնելով գույքի սեփականատիրոջ պարտականությունները, իրենց անգործությամբ մեկուսացել են իրենց գույքի տիրապետումից՝ առանց դրա նկատմամբ որեւէ իրավունք պահպանելու մտադրության, հետեւաբար իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից»:
Դատական գործընթացների ժամանակ շարունակ այս հարցն է բարձրացվում. Արդյո՞ք առկա ապացույցները բավարար չեն եզրահանգելու համար, որ հայցվորի կողմից վեճի առարկա անշարժ գույքը տիրապետվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, եւ արդյո՞ք պատասխանողն ունի նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրական իրավունք: Այն է՝ փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը, նաեւ երրորդ անձանց հետ հարաբերություններում:
Տիրապետումը պետք է լինի 10 տարի եւ անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 1 տեղամասի լիազոր ներկայացուցչի 03.06.2014թ. տեղեկանքի համաձայն՝ Սմովիկ Ասլիկյանը, կինը՝ Դոնարա Մակարյանը, դուստրը՝ Գայանե Ասլիկյանը, 25.12.1998 թվականից փաստացի բնակվում են նշված հասցեում:
Մի շարք հարեւանների վկայությամբ, այդ տունը 1998թ.-ից տիրապետում եւ օգտագործում են որպես սեփական գույք՝ կատարելով տան հետ կապված բոլոր ծախսերը:
Այն, որ տան բոլոր ծախսերը քսան եւ ավելի տարիներ փաստացի կատարել են տարեց ամուսինները, նրանց խնամքը ստանձնած դուստրը, հաստատվում է Երեւանի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի թիվ 737106 աբոնենտային համարի շրջանառու ամփոփագրի համաձայն էլ. նշված համարով տվյալ հասցեի բաժանորդ է հանդիսանում Սմովիկ Ասլիկյանը: Ըստ փաստաբան-ներկայացուցչի, դատարան ներկայացված ամփոփագրով երեւում է ծախսված գազի քանակը եւ կատարված վճարումն ըստ ամիսների:
Նշեմ, որ դատարանի 2014թ. դեկտեմբերի 16-ի որոշմամբ ձեռնարկվել են հայցի ապահովման միջոցներ եւ արգելանք էր դրվել տվյալ անշարժ գույքի վրա:
Դատարանի որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր եւ պատասխանող Սուսաննա Մուրադյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Դատարանը միայն 2015 թվականի դեկտեմբերի 3-ին վարույթ էր ընդունել Սուսաննա Մուրադյանի հակընդդեմ հայցադիմումը՝ Սմովիկ Ասլիկյանին տվյալ հասցեից վտարելու պահանջի մասին:
Դատարանը 2017թ. հուլիսի 6-ին վճռել է հայցը բավարարել եւ Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին բավարարել էր, եւ մերժել էր Սուսաննա Մուրադյանի հայցը՝ վտարելու պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, ըստ Լ.Վիրաբյանի, հաշվի չէր առել մի շարք հանգամանքներ. «ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին եւ ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տեւական տիրապետում (տես ՍԴՈ-667 2006թ. նոյեմբերի 21-ի որոշումը)»:
Փաստաբանը հղում է կատարում Վճռաբեկ դատարանի որոշումներին, մասնավորապես նշելով. «ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին՝ արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարեւորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը եւ վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որեւէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից»:
Լ.Վիրաբյանը տեղեկացրել էր Վճռաբեկ դատարանին. «Գործով բացակայում է որեւէ ապացույց առ այն, որ 1998-2008 թվականների ընթացքում Չայկինայի փողոց 74 հասցեի սեփականատիրոջ կամ վերջինիս ժառանգներից որեւէ մեկի կողմից կատարվել են գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել որպես սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացում: Դատարանը հաշվի չի առել, որ Սուսաննա Մուրադյանը չի հանդիսանում սեփականատեր, բնականաբար, չէր կարող իր կողմից վտարման պահանջ ներկայացվեր»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2020