Լրահոս
Օրվա լրահոսը

Հին աստվածներից ու Ակրոպոլիսից մինչեւ հայկական բնավորություն

Հունվար 17,2020 13:00

Հունաստանի մայրաքաղաք Աթենքն առաջին հայացքից սառն է թվում: Սակայն իրականում այն ջերմ է իր բնակիչներով, վեհաշուք հնությամբ, անգամ կեղտոտ, ներկված պատերով փողոցներով:

Ըստ ավանդության՝ Զեւսի դուստր Աթենաս Պալլասի անվան հետ կապվող Աթենքն ունի առնվազն 3.400 տարվա պատմություն:

Աթենքում բազմաթիվ գեղեցիկ վայրեր կան, սակայն նրա գլխավոր հպարտությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ակրոպոլիսն է, որը կառուցվել է մ. թ. ա. 1-ին հազարամյակի սկզբներին։ Տարվա այլ եղանակներին այստեղ մուտքը 20 եվրո է, իսկ ձմռանը՝ 10:

Աթենքը զբոսաշրջիկների պակաս չունի, թեեւ քաղաքով մեկ մուրացկաններ են շրջում, փողոցներից շատերն էլ կորած են աղբի մեջ:

Զեւսի տաճարը, Պարթեոնը, Ագորան, Ազգային հնագիտության թանգարանը, Քամիների տաճարը եւ այլն… Սրանք անպայման տեսնելու վայրեր են:

Քաղաքի հնագույն ու գեղեցիկ թաղամասերից է Պլական՝ նեղ փողոցներով, հին շինություններով, հուշանվերների կրպակներով ու ազգային խոհանոցը ներկայացնող սրճարաններով եւ ռեստորաններով: Այստեղ հաճելի է զբոսնել նաեւ գիշերը, երբ թաղամասն ավելի խորհրդավոր է դառնում:

Աթենքի կենտրոնում գտնվող Մոնաստիրակի հրապարակն ասես կողմնորոշիչ լինի՝ քաղաքի տարբեր ուղղություններով շրջելու համար: Այս հրապարակում գտնվող պանդոկներից մեկի հայաստանցի աշխատակիցն իր հայրենակիցներին  մի այլ կարգի ուշադրության ու հոգատարության է արժանացնում:  Հայերը նման վերաբերմունքի են արժանանում նաեւ հարեւանությամբ գտնվող Կիրակոս Նակասյանի մորթեղենի խանութում: Նա իր հայրենակիցներին ապրանքը 3 անգամ ավելի մատչելի է վաճառում, քան այլոց: Ասում են՝ դա եղել է Կիրակոսի վանեցի հոր վերջին կամքը:

Հայերը Հունաստանում բնակություն են հաստատել 5-6-րդ դարերից: Նրանց թիվն ավելացել է 1895-1896 թթ.  կոտորածներից, 1915 թվականի Եղեռնից հետո, ինչպես նաեւ 1922 թվականին, երբ թուրքերը կրկին գրավել են Զմյուռնիան:

Աթենքի Սինտագմայում կամ Սահմանադրության հրապարակում  է գտնվում Թագավորական պալատը, որտեղ ներկայումս տեղակայված է Հունաստանի խորհրդարանը: Այստեղ հսկում են էվզոնները՝  հունական բանակի հետեւակի էլիտար ստորաբաժանումները: Նրանց հերթափոխը տեղի է ունենում  հանդիսավորությամբ, ինչին մշտապես ականատես են լինում բազմաթիվ զբոսաշրջիկներ եւ հաճախ այնքան են մոտենում էվզոններին նկարելու համար, որ համապատասխան ծառայողներն անընդհատ խնդրում են մի քանի քայլ հետ գնալ: Բոլորին գրավում է էվոզնների հանդերձանքը եւ հատկապես  բրդե գուլպաներն ու յուրօրինակ կոշիկները:

Քաղաքով մեկ մանդարինի ծառեր են, որոնց բերքը զբոսաշրջիկներից բացի, ոչ ոք չի քաղում: Ինչպես ամեն երկիր, այդպես էլ Հունաստանը, մասնավորապես՝ Աթենքը, պետք է զգալ նաեւ ազգային ուտեստներով: Իսկ դրանց չափաբաժիններն այնքան մեծ են, որ դժվար հաղթահարելի են «դասական» ախորժակ ունեցողների համար: Սուվլակի, գիրոս, անմահական ձկնեղեն ու քաղցրավենիք, անուշահամ թեյեր… անհնար է դիմանալ գայթակղությանը եւ չփորձել այդ ամենը:

Աթենքում  կարելի է ձեռք բերել ամենաանհավանական հուշանվերները՝ սկսած սառնարանի մագնիսներից, վերջացրած տարատեսակ արձանիկներով, գլխի դափնիներով ու համրիչներով: Ամեն կրպակում անպայման գույնզգույն ֆալոսներ են վաճառվում, որոնց կողքով զբոսաշրջիկները քմծիծաղով են անցնում, ձիթապտղի յուղով ու ավանակի կաթով կոսմետիկ միջոցների մասին էլ չխոսենք: Հին աստվածների երկիր Հունաստանի մայրաքաղաքը նման է իր «արժեքն» իմացող իմաստուն կնոջ, որը չի սեթեւեթում, ավելորդ կոկետություն չի անում, բայց ունակ է գայթակղելու անգամ իրեն անդիմադրելի ու անդրդվելի հռչակած ամեն մեկին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Աթենք-Երեւան

 Լուսանկարները` հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
16.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031