Հարցազրույց դաշնակահարուհի, վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանի հետ
– Ձեր 2019թ. գործունեության մասին խոսելիս մասնագետներն առանձնացնում են մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Կաունասի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Սեն-Սանսի երկրորդ կոնցերտի կատարումը, նշելով, որ հենց այդ երկով շուրջ 25 տարի առաջ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ կայացավ ձեր առաջին բեմելը:
– Այո, դա իմ դեբյուտն էր նվագախմբի հետ համագործակցությամբ: Իրականում այդ կոնցերտն իմ նախընտրած ստեղծագործություններից է, բայց փաստորեն տասնամյակներ շարունակ առիթ չէր եղել հնչեցնել: Մաեստրոյի առաջարկը սիրով ընդունեցի: Կաունասում հանդես եկա նաեւ մենահամերգի ձեւաչափով, ներկայացնելով միայն հայ հեղինակների ստեղծագործություններ՝ սկսած Կոմիտասից, Խաչատրյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Աճեմյան, Օրբելյան:
– Հետաքրքիր է օտար հանդիսատեսի վերաբերմունքը, կարծիքը հայ հեղինակների գործերին, մանավանդ որ, մշտապես, կոնկրետ՝ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով, ասվում էր՝ իբր դրսում Վարդապետին ծանոթ չեն կամ հազվադեպ է հնչում Կոմիտաս…
Կարդացեք նաև
– Մենահամերգս նվիրված էր Կոմիտասի եւ Թումանյանի ծննդյան 150- ամյակներին: Հանդիսատեսի արձագանքից կարող եմ փաստել, որ մեր հեղինակների ստեղծագործությունների հանդեպ կա հետաքրքրություն, իսկ, ասենք՝ Օրբելյանի ջազային կամ Բաբաջանյանի երկերի կատարումներից հետո օվացիաներ էին եւ զգում էի, որ այդ գործերը հանդիսատեսին հոգեհարազատ են: Իսկ Կոմիտաս արտասահմանում հնչել է միշտ, եւ հոբելյանական տարում, բնականաբար, ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտերկրում նրա գոհարների «չափաբաժինը» պետք է որ շատ լիներ:
– Առանձնացրիք կոմպոզիտորներ Օրբելյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունների ջերմ ընդունելությունը: Վերջին շրջանում հայաստանյան եւ արտասահմանյան սիմֆոնիկ նվագախմբեր հաճախ են ներկայացնում դասական հեղինակների երկերի ջազային կամ, ինչպես նշվում է՝ մերօրյա մեկնաբանություններ: Դրանք ուղեկցվում են լուսային էֆեկտներով, էկրանին ցուցադրվող համապատասխան նյութերով, ինչն ավելի շատ նմանվում է շոուի, գերնպատակն է հանդիսատես ապահովելը:
– Նման բան կա, բայց չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն է հանդիսատեսին դահլիճ բերելու: Տասնամյակներ շարունակ ասում ենք, որ վաղը պրոֆեսիոնալ լսարան ապահովելու համար պետք է մտածել այսօր: Իհարկե, ուշացրել ենք… Հասկանալի է, որ դա մի օրում կամ տարում հնարավոր չէ իրագործել, այդուհանդերձ, եկեք սկսենք, եւ սկսենք փոքր տարիքի ունկնդրից: Ես դեմ չեմ, այսօր աշխարհում դասական երեկոների շոուները սպասված ձեւաչափ են: Մի բայց կա. մեր ժամանակակից հեղինակներից ու կատարողական արվեստի ներկայացուցիչներից բոլորը չէ, որ ընդունում են այդ ձեւը եւ, հավատացեք, դա պատճառ է դառնում, որպեսզի շատ տաղանդավոր արվեստագետներ երկրից հեռանան:
– Համոզված ենք՝ լինելով մեծանուն Աճեմյան գերդաստանից, դուք արտասահմանում ապրելու եւ ստեղծագործելու առաջարկներ ունեցել եք…
– Մինչ օրս էլ նման առաջարկներ ունեմ, բայց իմ մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ, մեծ պապս՝ ռեժիսոր Վարդան Աճեմյանը, տատս՝ դերասանուհի Արուս Աճեմյանը, պապս՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանը, հայրս՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, մայրս՝ երաժշտագետ Սուսաննա Աճեմյանը, իրենց աշխատանքով իսկապես ծառայել են մեր երկրին…
– Անդրադառնանք ձեր գործունեությանը: Արտասահմանում վաղուց գործող «կարգի» համաձայն՝ կատարողը ինքը երաժշտություն է պատվիրում կոմպոզիտորին…
– Կներեք ընդհատելու համար, բայց գոնե այսօր մեր արտիստները նման հնարավորություն չունեն:
– Բայց ասում են, որ, օրինակ, մաեստրո Օրբելյանը ձեզ նոր ստեղծագործություններ է առաջարկել…
– Այո, մաեստրոն հանձնարարել է պատրաստել մի քանի դաշնամուրային կոնցերտներ, բայց դրանք համաշխարհային գրականությունից են եւ երբեւէ չէի անդրադարձել դրանց: 2020թ. հայաստանյան եւ արտասահմանյան ծրագրերում այդ գործերը կհնչեցնեմ:
– Հետաքրքիր է՝ առաջարկած կոմպոզիտորների թվում կա՞ն հայ հեղինակներ:
– Այս հարցին կպատասխանեմ հետեւյալը. 2018թ. Երեւանում հանդես եկա մենահամերգով՝ նվիրված կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 90-ամյակին: Թույլ տվեք գոնե հիմա բարձրաձայնել, որ դա Հայաստանում միակ միջոցառումն էր՝ նվիրված հռչակավոր Կոնստանտին Աղապարոնովիչի հոբելյանին: Ընդ որում, այդ երեկոյի ծրագրում ընդգրկել էի նաեւ նրա գործընկերների ստեղծագործություններից եւս:
– Հիմա էլ մեզ թույլ տվեք բարձրաձայնել. կայացած այդ երեկոյի առիթով խոսվում էր, որ իբր տոմսարկղերից «հավաքել» են տոմսերը, կարճ ասած՝ բացարձակապես տոմս չի վաճառվել, ի՞նչն էր պատճառը:
– Չեմ մանրամասնի, հիշելն ինձ համար նույնիսկ հաճելի չէ: Բայց նույնիսկ այդպիսի վերաբերմունքից հետո դահլիճը ծփում էր հանդիսատեսի քանակից:
– Այս տարի Վարդան Աճեմյանի 115 եւ Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 95-ամյակներն են: Հավանաբար ձեր հոր հետ նախատեսել եք ինչ-որ ծրագիր:
– Հայրիկիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, ինչպես նախկինում, մեծ ընտանիքիս հոբելյանական տարեթվերը նշել մենահամերգով:
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2020