Թրամփը թվիթերյան իր էջում պարսկերեն գրառումներով աջակցում է ցուցարարներին
Իրանա-ամերիկյան լարումը մի քանի օրերի ընթացքում գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տեղափոխվեց փոխադարձ քննադատությունների ու պատասխան քայլերի դաշտ: Իրանից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը: Հրթիռակոծվել էին Այն ալ-Ասադի եւ Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան եւ կոալիցիոն զինված ուժերը, եւ մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում էր հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արեւելքի այն երկրների տարածքներում, որոնք «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:
Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն էին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել էր, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։
«Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը»,- նշել էր Զարիֆը՝ հավելելով. «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից»։
Կարդացեք նաև
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նշեց, թե՝ «գործողությունը պարզապես ապտակ էր, բայց ԱՄՆ-ը պետք է դուրս գա տարածաշրջանից»։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել էր օրենք, որը Պենտագոնը եւ ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» էր ճանաչում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում նկատեց, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է»՝ խոստանալով իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ ավելի ուշ. «Մեր զինված ուժերը հզորագույնը եւ լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն»։ Ըստ իրանական կողմի պնդումների՝ հրթիռային հարվածների հետեւանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր եւ այլ սպառազինություն։
Հունվարի 8-ին Իրաքում հրթիռակոծությունից հետո հնչեցին կանխատեսումներ, որ իրավիճակը փոքր-ինչ կմեղմվի, քանի որ կողմերը, այսպես ասած, յուրաքանչյուրն իր քայլն արել է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, պաշտոնապես հայտարարեց՝ ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետեւանքով զոհեր չկան. «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետեւանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, եւ մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»: Թրամփը իր հատուկ ելույթում հերթական անգամ Իրանին մեղադրեց միջազգային ահաբեկչությունը հովանավորելու համար՝ հավելելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար. «Մենք դա երբեք թույլ չենք տա: Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»:
Թրամփի խոսքով՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետեւանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին անձամբ էր ղեկավարում ԱՄՆ անձնակազմի դեմ հարձակումը, որի հետեւանքով ամերիկացի ծառայողներից 4-ը վիրավորվել են, եւս 1 ամերիկացի սպանվել: «Նա էր կազմակերպել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ դաժան հարձակումը: Վերջին օրերին նա նոր հարձակումներ էր ծրագրում, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին ե՛ւ ամերիկացիների, ե՛ւ իրանցիների արյան մեջ», – հավելել էր ԱՄՆ նախագահը:
Սպիտակ տան ղեկավարը կոչ էր արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արեւելքի գործընթացներում: Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Թրամփը հավաստիացրեց՝ ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որպեսզի Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից», – հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը` կոչ անելով նաեւ Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին եւ Չինաստանին «ընդունել նոր իրողություններն» ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015թ. կնքված միջուկային գործարքի հարցում:
Այսպիսով, Թրամփը հայտնեց, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։ Նա կոչ արեց դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից եւ աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։
Սպիտակ տան ղեկավարի ելույթը, չնայած Իրանի նկատմամբ պահպանվող քննադատությամբ, փորձագետները գնահատեցին Իրանի հետ երկխոսելու եւս մեկ հնարավորություն: Թրամփը հավաստիացրեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության:
Իրանա-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածության ֆոնին հաջորդ իրադարձությունը, սակայն, նոր իրավիճակ ստեղծեց Իրանի շուրջ… Հունվարի 8-ին տեղեկություն ստացվեց այն մասին, որ Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737-ը, օդանավում եղել է 176 մարդ. 167 ուղեւորներից եւ անձնակազմի 9 անդամներից 82-ը Իրանի, 57-ը՝ Կանադայի, 10-ը՝ Շվեդիայի, 10-ը՝ Աֆղանստանի, 3-ը՝ Գերմանիայի եւ 3-ը՝ Միացյալ Թագավորության քաղաքացիներ էին։
Օդանավը կործանվել էր «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչքի ժամանակ, այն մեկնում էր Կիեւ։ Անմիջապես իրանական աղբյուրները հայտնեցին, թե ավիաաղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Սակայն Կանադայի վարչապետն առաջին պաշտոնյան էր, որը կարծիք հայտնեց, որ ապացույցներ կան այն մասին, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը: «Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք եւ չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», – ասել էր Ջասթին Թրյուդոն: Այնուհետեւ, ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետները։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով»,- ասել էր Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:
Պաշտոնական այս հայտարարություններից առաջ տեղեկատվությունը տարածել էին նաեւ ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին: CBS հեռուստաընկերությունը հաղորդել էր` արբանյակներն արձանագրել են երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր հետքեր, որին էլ քիչ անց հետեւել է պայթյունը: Newsweek-ի աղբյուրները պնդել էին` ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:
Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ էին որակում վերոնշյալ պնդումները։ «Գիտականորեն անգամ անհնար է, որ ինքնաթիռը խոցված լինի հրթիռով, այս մասին ասեկոսեները տրամաբանությունից զուրկ են», – ISNA գործակալությանն ասել էր Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեհը: Սակայն համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է հրթիռը խոցում օդանավը: Իսկ Միջազգային հետաքննող Bellingcat խումբը, վերլուծելով այդ տվյալները՝ պնդել էր, որ տեսանյութը նկարահանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարանդ քաղաքի բնակավայրերից մեկում:
Օդանավի կործանումից 3 օր անց Իրանն ընդունեց, որ «ոչ միտումնավոր» խոցել է ուկրաինական Boeing-ը: Իրանի զինված ուժերը հայտնեցին, որ օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել, երբ շրջվել է դեպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «զգայուն ռազմական կենտրոն»։ Զինված ուժերը, համաձայն հայտարարության, ամենաբարձր մարտական պատրաստության էին բերված ԱՄՆ-ի հետ լարվածության աննախադեպ աճի պատճառով։ Հայտարարությունում վստահեցնում էին, որ ողբերգության համար պատասխանատուներն «անմիջապես» արդարադատության առջեւ կկանգնեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, միաժամանակ, նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել «ԱՄՆ-ի արկածախնդրության» հետեւանքով առաջացած ճգնաժամի ժամանակ։ «Տխուր օր։ Զինված ուժերի ներքին քննության նախնական եզրակացությունները՝ մարդկային սխալ Միացյալ Նահանգների արկածախնդրության հետեւանքով ծագած ճգնաժամի ժամանակ,-Թվիթերում գրել էր Զարիֆը՝ հավելելով.-մեր խորին ափսոսանքը, ներողությունները եւ ցավակցությունները մեր ժողովրդին, զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրառմամբ «մեծ ողբերգություն եւ աններելի սխալ» է որակել միջադեպը։
Ուկրաինայի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Թեհրանից ակնկալում են ոչ միայն մեղքի լիակատար ընդունում, այլեւ դրամական փոխհատուցում: «Ակնկալում ենք, որ Իրանը թափանցիկ եւ ամբողջական հետաքննություն անցկացնելու պատրաստակամություն կհայտնի, դատական պատասխանատվության կենթարկի այն բոլոր անձանց, որոնք պատասխանատու են տեղի ունեցածի համար, կվերադարձնի զոհերի մարմինները եւ պաշտոնապես ներողություն կխնդրի կատարվածի համար: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ Թեհրանը փոխհատուցում կվճարի կատարվածի համար», – նշել էր Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Իրանում իշխանության եւ զինվորականների խոստովանությունից հետո բողոքի ցույցեր բռնկվեցին: Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ, մասնավորապես ուսանողներ, դուրս էին եկել փողոց: Ցուցարարները պահանջում էին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Ցույցն անց էր կացվում՝ «Հրաժարականը բավարար չէ, անհրաժեշտ է դատավարություն» կարգախոսի ներքո: Ցուցարարները բողոքում էին ընդդեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որը ստանձնել է ինքնաթիռի հրթիռակոծման պատասխանատվությունը: Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի շենքի դիմաց հավաքված 700-1000 ուսանողները պահանջում էին աշխատանքից հեռացնել եւ պատասխանատվության ենթարկել աղետի մեղավորներին: Լրատվամիջոցները, հղում անելով իրանական գործակալությանը, հայտնում էին, որ ցուցարարները պատռել են գեներալ Քասեմ Սոլեյմանիի դիմանկարը: Ավելի ուշ համացանցում տեսանյութեր հրապարակվեցին, որոնցում երեւում էր, թե ինչպես է ոստիկանությունը ցրել հավաքը:
Իսկ ահա ԱՄՆ-ը աջակցեց Իրանում բողոքի ցույցի մասնակիցներին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում պարսկերեն գրառում էր արել. «Դիմում եմ Իրանի քաջ եւ տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել եւ իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ: Մենք ուշադիր հետեւում ենք ձեր ցույցերին եւ ոգեշնչված ենք ձեր խիզախությամբ: Իրանի կառավարությունը պետք է իրավապաշտպան խմբերին թույլ տա հետեւել եւ փաստեր փոխանցել իրանցի ժողովրդի կազմակերպած ցույցերի վերաբերյալ: Խաղաղ ցուցարարների եւս մի սպանդ կամ ինտերնետ կապի անջատում չի կարող լինել: Աշխարհը հետեւում է»:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2020