Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը պնդում է՝ խորհրդարանականները պատրաստ չեն ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ, Ռուբինյանը՝ քարոզչական գործողություններն ունեն իրենց տեղը, ժամանակը

Հունվար 16,2020 22:00

«Եվրոպական խորհրդարանն ամեն տարի հրապարակում է իր զեկույցը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության վերաբերյալ, որի լիազորությունն ունի: Սա որևէ արտառոց բան չէ»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք՝ Եվրախորհրդարանն երեկ ընդունեց բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը:

Արմեն Աշոտյանն ասաց, որ նշված զեկույցի առիթով պարբերաբար դիվանագիտական մարտեր են տեղի ունեցել և ունենում՝ կապված արցախյան հակամարտության վերաբերյալ կարգավորումների հետ: Այս առիթով նա մանրամասնեց. «Այս տարի ընդունված զեկույցն ընդհանուր գծերով է անդրադառնում տարածքային ամբողջականությանը և սահմանների անքակտելիության սկզբունքին ընդհանուր Արևելյան գործընկերության շրջանակում, իսկ տեքստից ակնհայտ է դառնում, որ Արցախին այս թեզերը չեն վերաբերում, քանի որ առանձին այլ հակամարտությունների՝ Ղրիմի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի մասին, կան հստակ շեշտադրումներ: Ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Ադրբեջանը և Հայաստանը հիշատակված չեն և արցախյան հակամարտությունը հիշատակված չէ: Ավելին` նույն զեկույցում Եվրախորհրդարանը կոչ է անում լուծել բոլոր հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերի շրջանակում»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ այս հարցում ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ հռչակելու ոչ միայն որևէ հիմք չկա, այլև սա ադրբեջանական դիվանագիտության ջանքերի ֆիասկոն է: Նա հավաստիացրեց՝ տեղյակ է, թե ինչպիսի ջանքեր են գործադրել ադրբեջանցիներն այս տարի ևս, որ Արցախի հակամարտության հետ կապված առանձին բնութագրիչներ և հիշատակում լինի այս տեքստում:

Դառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս զեկույցի առնչությամբ տարածած հայտարարությանը՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզապես իրեն բնորոշ ձևով լրատվական դաշտում փորձում է ոչնչից ստանալ սկանդալ, և որպես հաղթանակ մատուցում մի բան, որն Ադրբեջանի գործադրած ջանքերի ֆիասկոյի արձանագրումն է: Նրանք մի շարք եվրապատգամավորների միջոցով փորձել են բերել փոփոխություններ այդ զեկույցի մեջ, սակայն չի ստացվել, այդ թվում մեր համեստ ջանքերով, քանի որ ՀՀԿ-ի և իմ կապերը Եվրախորհրդարանի գործընկերների հետ ամուր են ու շարունակվում են:

Այստեղ անհանգստացնողն այն է, որ հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը՝ իշխանության կողմից ղեկավարվող, պատրաստ չէ ադրբեջանական նման տեղեկատվական սադրանքներին լիարժեք պատասխան տալ: Փոխանակ մերոնք պետական կառույցներով համակարգեին ճիշտ լրահոս ի սկզբանե, արդեն երկու օր է՝ ադրբեջանական մամուլն է ողողված Ալիևին վերաբերող անհասկանալի չակերտավոր հաղթանակի մասին լուրերով: Սա խոսում է նաև այն մասին, որ խորհրդարանական դիվանագիտությունը խորը ճգնաժամի մեջ է, քանի որ նման հարցերում՝ հատկապես խորհրդարանական հարթության մեջ, ԱԺ պատկան մարմինները և պատգամավորները պետք է առաջինը բարձրաձայնեին և անդրադառնային, բայց խորը կասկած ունեմ, որ նրանք առնվազն ծանոթ չեն այս իրավիճակին: Իսկ եթե ծանոթ են ու գործողություններ չեն իրականացրել, այդ թվում քարոզչական տեղեկատվական դաշտում, ապա քանի՞ կոպեկ արժե այդ՝ ծանոթ լինելու հանգամանքը»:

Արմեն Աշոտյանը կարևորեց նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ԵՄ-ն իր սատարումն է հայտնում կարգավորումների սկզբունքներին, այդ թվում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին ու ասաց. «Երբ ես անհանգստանում եմ, որ CEPA-ն արագ պետք է վավերացնել, դա անում եմ նախ այն հանգամանքից ելնելով, որ այն դառնա պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ: CEPA-ն ոչ միայն քաղաքական և տնտեսական համագործակցության, այլև արցախյան հակամարտության հարցում Եվրամիության տեսակետը իրավաբանորեն ֆիքսող փաստաթուղթ է, որի լիարժեք ու վերջնական վավերացումը երաշխավորելու է հայկական դիվանագիտությանը անսպասելի հնարավոր իրական հարվածներից Բրյուսելից: Ադրբեջանական ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են: Սա ևս մեկ ահազանգ է, որ թեպետ որևէ պատճառ չկա անհանգստանալու, բայց ադրբեջանական քարոզչությունը մի բաժակ ջրում փոթորիկ է բարձրացնում և տեղեկատվական դաշտում այս պահին հերթական պարտության բերում հայկական կողմին: Եթե այս իշխանությունները Ալիևի և ադրբեջանական պրոպագանդայի դեմ պայքարեն այնպես, ինչպես պայքարում են ՀՀԿ-ի, իմ ու իմ գործընկերների դեմ, մենք արցախյան հակամարտության տեղեկատվական դաշտում հաղթանակ կտանենք»:

Այս առիթով զրուցեցինք ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Մեր հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Չնայած, որ զեկույցում տեղ է գտել մի պարբերություն, որում արտացոլված է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Ուկրաինայի և ԱլԳ երկրների տարածքային ամբողջականությանը նրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այդուհանդերձ, այս հայտարարության ներքո Եվրոպական խորհրդարանը մատնանշում է միայն Ուկրաինան և Վրաստանը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ նշված պարբերության մեջ որևէ հիշատակում չկա Ադրբեջանի վերաբերյալ: Ավելին, նշյալ պարբերության մեջ Եվրոպական խորհրդարանը կրկին շեշտադրում է ԱլԳ տարածքում բոլոր հակամարտությունների միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան լուծման անհրաժեշտությունը՝ բացառելով նաև ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Անչափ կարևոր է, որ բանաձևը, որպես ելակետ հղում է կատարում ԱլԳ վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից 2017թ. նոյեմբերի 15-ին ընդունված բանաձևին, որում, ինչպես հայտնի է, ամրագրված է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և երեք հիմնարար սկզբունքներին, այդ թվում`ինքնորոշման սկզբունքին»:

Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ադրբեջանական մամուլում այս բանաձևի ընդունումը մեկնաբանվում է որպես ադրբեջանական կողմի հաղթանակ և չե՞ք կարծում, որ տեղեկատվական դաշտում մենք այս առումով ունենք բացթողում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Բնական է, որ ադրբեջանական մամուլը այս և նման դեպքերում պիտի փորձի խեղաթյուրել իրականությունը։ Նրանք սա միշտ արել և անում են նման դեպքերում՝ հույս ունենալով, որ մենք պիտի ներքաշվենք Ադրբեջանի օրակարգի մեջ և մշտապես հայտնվենք անհեթեթություններ հերքողի դերում։ Իհարկե, լավ կլիներ նաև, որ հայկական մամուլը ավելի ակտիվ, ուշադիր և, ամենակարևորը, հայամետ դիրքերից մեկնաբաներ նմանատիպ դեպքերը, ինչը, ցավոք պետք է արձանագրեմ, որ հիմնականում տեղի չի ունենում»։

Հիշեցրինք՝ իշխող ուժի ընդդիմախոսների կարծիքով՝ այդ բանաձևի ընդունման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայ խորհրդարանականները կամ լավ տեղեկացված չեն, կամ համապատասխան քարոզչական գործողությունները չեն կիրառում և հարցրինք՝ համամի՞տ եք այս պնդումներին և արդյոք դրանք արդարացվա՞ծ են, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ համաձայն չէ և հավելեց. «Քարոզչական գործողություններն ունեն իրենց տեղը, ժամանակն ու ձևաչափը, և մենք հարկ եղած դեպքում վարվում ենք ըստ տվյալ պահին առկա ՀՀ շահից բխող նպատակահարմարության»:

Արմեն Աշոտյանի այն վստահեցմանը, եթե այս իշխանությունները Ալիևի և ադրբեջանական պրոպագանդային դեմ պայքարեն այնպես, ինչպես իր և իր գործընկերների դեմ, արցախյան հակամարտության հարցում հաղթանակ կտանենք և հարցին՝ պնդումը մո՞տ է իրականությանը, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց. «Լուր՞ջ։ Շատ հետաքրքիր է։ Իսկ Անի Զախարյանն ու ՀՀԿ տատի՞կը ինչ կարծիքի են, ի՞նչ են ասում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031