2019 թվականի դեկտեմբերից Երեւանի քաղաքապետարանը Երեւանում գործող պոլիկլինիկաների տնօրեններին ուղարկել է տեղեկանք՝ հայտնելով, որ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից նախատեսվում է 2020 թվականին վերանայել պոլիկլինիկաներում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումները եւ տրամադրման ծավալները:
Մասնավորապես՝ դադարեցնել պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող որպես «այլ կաբինետ» որակվող կաբինետների գործունեության ֆինանսավորումը: Մեր տեղեկություններով՝ «այլ կաբինետ» որակվող ծառայությունների մեջ են մտնում ուռոլոգիական, գաստրոէնդերոլոգիական բաժինները:
Aravot.am-ին քաղաքապետարանից այս տեղեկատվության վերաբերյալ մանրամասներ չհայտնեցին՝ ասելով, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումների եւ տրամադրման ծավալների վերանայումը ԱՆ քաղաքականությունն է:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Առողջապաության նախարարությունից հետաքրքրվեց՝ որ ծառայություններն են «այլ կաբինետ» որակվում եւ որոնք են դառնալու վճարովի ու ինչ հիմքով: Ի պատասխան նախարարության լրատվականը կազմակերպեց հարցազրույց առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, սակայն վերջինս խիստ զբաղված մնաց ու պարզաբանումներ չտվեց:
Ի դեպ, որոշ պոլիկլինիկաներում արդեն դժգոհություններ կան այս որոշումից, մասնավորապես այն առումով, որ կա մտավախություն, որ պոլիկլինիկաների մասնագետներին վճարելու փոխարեն քաղաքացիները կնախընտրեն օգտվել հիվանդանոցում աշխատող մասնագետների ծառայություններից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ