Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործով դատական նիստն էր, որով անցնում է նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Դատարանի մոտ բողոքի ցույց էին անում այն մայրերը, որոնք ծննդաբերել են ու իրենց երեխաներին տարբեր տարիներին ծննդատնից տուն չեն տարել:
Մայրերը եկել էին տորթով՝ նշելու վաճառված երեխաներից մեկի 25-ամյակը, իրենց հետ բերել էին մոմեր, երեխայի նվերներ:
Նախաձեռնողներից մեկը՝ Հայկուհի Խաչատրյանն ասաց, որ հավաքվել են դատարանի մոտ՝ որպես քայլող փաստեր ու պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին. «եթե դուք թղթի վրա չեք կարողանում տեսնել փաստերը, մենք այստեղ քայլող փաստեր են: Մի փաստի տարեդարձ ենք այսօր նշում՝վաճառված երեխայի տարեդարձը, այսօր նա 25 տարեկան է: Մեզ հետ բերել ենք քաղցրավենիքներ, խմորեղեն, որ նշենք»:
Կարդացեք նաև
Հարցրեցինք՝ գլխավոր դատախազի հետ հանդիպումը ձեզ ինչ տվեց: Հայկուհի Խաչատրյանը պատասխանեց. «Ես իրականում հավատում եմ մեր հեղափոխությանը եւ մեր վարչապետին…Դատախազի հետ հանդիպումը մեզ տվեց մի հարցի պատասխան, որ մենք օգնում ենք, ձեր հետ ենք: Բայց մի բան եմ ուզում արձանագրել՝ երբ որ ես դատախազին հարց ուղղեցի, որ լուրեր են պտտվում, որ դուք հանդիպում եք ունեցել Ռազմիկ Աբրահամյանի հետ «Կուժ» ռեստորանում: Նա ասաց՝ գիտեք, ես չեմ եղել, եղել նրա փաստաբանը՝ Դիլբանդյանը: Լավ, հետաքրքիր է, նա որտեղի՞ց գիտեր այդ տեղեկությունը, նրան զանգում, զեկուցո՞ւմ են, ի վերջո նա որտեղի՞ց էր իմացել դա: Կամ բոլորս էլ ճանաչում ենք Արթուր Դավթյանին, այդ ինչպե՞ս եղավ, որ Դավթյանի փոխարեն եղել է Դիլբանդյանը եւ ներկա է եղել Լիաննա Կարապետյանը: Փաստաթղթերով ինչ-որ տեղեկություններ էին լրացրել»:
Հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ ապացույցներ կներկայացնի, նրա խոսքը հավատ չի՞ ներշնչել այդ առումով՝ Հայկուհի Խաչատրյանը պատասխանեց. «Մենակ էն, որ ինքն ասեց՝ լուսանկար են ցույց տվել աղջկան, նա դա որտեղի՞ց գիտեր, պետք է, որ չիմանար: Ես այդ հարցի պատասխանն այդպես էլ չստացա»:
Հարցին՝ այն, որ Ռազմիկ Աբրահամյանն այսօր կալանավորված չէ, ինչի՞ մասին է խոսում՝ Խաչատրյանը պատասխանեց, որ դատավոր Դավիթ Բալայանը գտավ, թե փաստեր առկա չեն, մինչդեռ հենց իրենք տեղով փաստ են. «Այսօր փաստերից մեկի տարեդարձն է»:
Դատական նիստից հետո մայրերը Ռազմիկ Աբրահամյանին էին սպասում՝ իրենց բազմաթիվ ամոթանքներով, հարցադրումներով: Ռազմիկ Աշոտիչը մի կերպ նստեց մեքենան ու հեռացավ:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ