«Ես 2000 թվականին Հանրապետական հիվանդանոցում անչափահաս տարիքում ծննդաբերել եմ, ունեցել եմ աղջիկ երեխա: Նախքան ծննդաբերությունը ես Ռազմիկ Աբրահամյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ անչափահասի ծննդաբերությունը իրավապահ մարմիններին չհայտնի:
Մեզանից գումար պահանջվեց, որ հայրիկը քրեական պատասխանատվության չենթարկվեր»,-այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի ցույց անող մայրերից մեկը՝ Սյուզաննա Պատվականյանը այսպես պատմեց, թե ինչպես են իրեն խաբել ու ծննդատանը իր երեխային վերցրել: Իսկ դատարանում քննվում էր առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը:
Նա ասաց, որ գումարը չեն վճարել ու Ռազմիկ Աբրահամյանը դրա համար իրենց հետ այդպես է վարվել. «Ասեց՝ մայրիկին ասեք, որ երեխան ապրող չի, մահանում է: Ինձ ստիպեցին, որ ես հրաժարվեմ երեխայիցս: Հիմա պարզ է, որ երեխան ողջ է ու որդեգրված է»:
Հիշեցնենք, որ կաշառքի գործով անցնում է նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ուստի դատարանի մոտ իրենց երեխաներին տարբեր տարիներին ծննդատնից տուն չտարած մայրերը դատարանի մոտ բողոքի ցույց էին անում:
Կարդացեք նաև
Թե ով է որդեգրել Սյուզաննա Պատվականյանի երեխային, նրա կենսաբանական մորը չեն հայտնում, ասում են՝ որդեգրման փաստաթղթերը գաղտնի են պահվում: Ծննդատանը իր երեխային մայրը տեսել է. «Ծննդաբերությունից հաջորդ օրը քույրերից մեկը ցույց տվեց, ասեց՝ երեխան առողջական խնդիրներ ունի, շուտ է ծնվել: Ես երեխայիս անուն եմ տվել, ազգանուն, ասում էին, որ երեխայիս ծննդական հանեմ, որովհետեւ երեխան առողջ չի, հետո մահանա, ծննդական պետք է լինի»:
Պատվականյանն ասաց, որ հիմա դատական գործերի մեջ է, ամեն ինչ անում են, որ գործը կոծկվի ու դրա մեջ, ըստ նրա, 6 տարի ներգրաված է եղել նաեւ դատախազությունը: Մայրը հույս ունի, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել ու գործը կբացահայտվի:
Թե ինչ փաստաթղթերով է ապացուցվում, որ իր երեխան որդեգրված է, մայրն ասաց. «Թաղապետարանում ասում են, որ կա թաղապետի որոշում, որ երեխան այսինչ տան հասցեով տարել են: Քրեական գործերով ասվում է, որ երեխայի որդեգրումը պահպանվում գաղտնի, 7 տարի է՝ դատական գործերի մեջ են. «Դիմեցինք «Արմենիա» բուժկենտրոն, Ռազմիկ Աբրահամյանից հարցրեցինք երեխայի ճակատագիրը՝ ողջ է, ողջ չի: Փաստաբանի միջոցով մենք մի կերպ իրեն համոզեցինք, փաստաբանը գրություն տվեց, որ երեխայի մայրը թողել է երեխային հիվանդանոցում ու դուրս եկել, նոր Ռազմիկ Աբրահամյանը տվեց մի հատ փաստաթուղթ, որ Ստելլա Պատվականյանը ողջ է եւ որդեգրված է: Իր տված փաստաթղթով մենք դուրս եկանք իր դեմ ու այսօր դատական գործերի մեջ ենք: Զագսում ասում են, որ ես ծննդական չեմ հանել, հետո նույն Աջափնյակի զագսն ասում է, որ երեխան որդեգրվել է: Աջափնյակի զագսը Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցում են»:
Սյուզաննա Պատվականյանը լրագրողներին ցուցադրեց մամուլի հրապարակումներ ու փաստաթղթեր ու պատմեց. «2013-ին Հանրապետական հիվանդանոցում ապրիլի 24-ին հրդեհ է բռնկվել, այսինքն, սա նշանակում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հրդեհում է իր կաբինետը, որ երեւի փաստաթղթեր վերացնի»: Հետո կնոջը տեղեկանք են տվել, որ 96 թվականից փաստաթղթերը ոչնչացվել են:
Կինը նաեւ ասաց, որ Ռազմիկ Աբրահամյանը խաբեությամբ տեղեկանք է սարքել, իբր ինքը՝ երեխայի մայրը, որդեգրման համար համաձայնություն է տվել. «Ընդամենը մի հատ սպիտակ թղթի վրա ստորագրել է տվել, որ ես երեխայի մայրն եմ, երեխայիս անվանակոչել եմ Ստելլա Պատվականյան: Բայց դա ինձ թելադրել է Անդրանիկ Պողոսյանը»:
Հետո նա ասաց, որ իրեն տեղեկանք են տվել, որ 3 ամսականում երեխան որդեգրվել է. «3 ամիս իմ երեխան որտե՞ղ է գտնվել: Թաղապետարանի որոշմամբ երեխայիս նկատմամբ կատարվել է որդեգրում: Դրա համար չէին ուզում, որ էս որդեգրումը բացահայտվի, որովհետեւ ծանր քրեական հանցագործություն է: Մայրը գնում ծննդաբերության ու առանց երեխայի տուն է վերադառնում: Ես մինչեւ վերջ գնալու եմ, հետ չեմ կանգնելու, անգամ մազերս էլ ճերմակի՝ գտնելու եմ երեխայիս ու հանցագործներն էլ օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն…»:
Թե ուր էին այդ ժամանակ ծննդաբերող անչափահաս աղջկա ծնողները՝ Սյուզաննան ասաց, որ ծնողներին չի ասել, տանն ասել է, որ ճամփորդում է, երեխայի հորը շատ սիրել է ու որոշել նախ ծննդաբերել, հետո ծնողներին ասել. «Ես չէի պատկերացնում, որ մանկավաճառները իմ երեխային սպասում էին, ես մի րոպե անգամ հետ չեմ կանգնելու: Ռազմիկ Աբրահամյանը իմ երեխային բարուրով վաճառել է, պետք է պատասխան տա»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ