Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո ինձ հետաքրքիր է յուրայինները արտոնյա՞լ են, թե՞ ոչ». Դավիթ Խաժակյան

Հունվար 16,2020 19:45

«Հարգելի գործընկերներ,

հունվարի 13-ին ՀՔԾ կողմից ծանուցվեցի, որ մերժվել է քրեական գործի հարուցումը քաղաքապետի և տեղակալի պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Ուսումնասիրելով 38 էջանոց մերժման որոշումը արձանագրում եմ հետևյալը․

– քննող մարմինը չի իրականացրել գործի համակողմանի քննություն։ Չեն վերհանվել այն հանգամանքները, որոնք մատնանշել էի բացատրությանս մեջ և նույնիսկ բացատրության չի կանչվել այն պաշտոնյան, ում տիրապետած տեղեկությունը գործի հարուցման համար էական նշանակություն ուներ, ինչը առանձնահատուկ կերպով գրավոր ներկայացրել էի,

– տրված բացատրություններով մնացել են բազմաթիվ չպատասխանված հարցադրումներ, որոնք քննիչը անտեսել է։ Կան բազմաթիվ իրարամերժ պնդումներ, որոնց հանգուցալուծումը քննող մարմինը տվել է ի օգուտ քաղաքապետարանի գործադիր պաշտոնյաների՝ փաստերը կշռադատելիս կողմնակալություն ցուցաբերելով,

– ՀՔԾ քննիչը գործի հանգամանքները վերհանելիս «շտապել» է գնահատականներ տալ այնպիսի երևույթների, որոնց վերհանումը այս փուլում չէր կարող իրականացնել,

– և վերջապես ՀՔԾն իրեն վերապահել է այնպիսի իրավական գնահատականներ, որոնք չէր կարող տալ և որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների համար։

Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ ՀՔԾի կողմից քրեական գործի հարուցումը մերժելը քաղաքական ազդեցությունների արդյունք է, որով փորձ է արվում կոծկել կատարված գործողությունների հանցավոր բնույթը։ Հավանաբար Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որ իր թիմի քաղաքապետը թեկուզ կարճվող գործում ունենար մեղադրյալի կարգավիճակ։

Իմ հրապարակային խոսքում երբևէ չեմ նշել, որ ներգրավված անձինք պետք է անպայմանորեն դատապարտվեն կամ առավել ևս ազատազրկվեն։ Դա դատարանի որոշելիքն է։ Բայց նույնիսկ քրեական գործի հարուցման մերժումը ինձ՝ որպես քաղաքապետի գործունեությունը վերահսկող ավագանու անդամի զրկում է արդարության վերականգնման ճանապարհին իրավապահ մարմինների գործողությունների միջոցով ապօրինությունները վերհանելու ակնկալիքից։ Նույնիսկ եթե քաղաքապետը, ինչպես որ նախատեսում է, ազատի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին անփույթ գործավարության համար, միևնույնն է չեմ համարի խնդիրը լուծված, քանի որ բուն դերակատարները, ովքեր նախաձեռնել են այս ամենը չեն առերեսվի արդար քննության հետ։

Օրենքով նախատեսված կարգով վերադաս բողոք եմ ներկայացնելու գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել այս որոշումը և հարուցել քրեական գործ։ Ի վերջո ինձ հետաքրքիր է յուրայինները արտոնյա՞լ են, թե՞ ոչ»։

Երևանի ավագանու «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031