Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կուժ» ռեստորանում հանդիպե՞լ է գլխավոր դատախազը Ռազմիկ Աբրահամյանի հետ. երեխային կորցրած մայրը ճշտումներ արեց Ռազմիկ Աշոտիչի փաստաբանից

Հունվար 16,2020 17:56

Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը, որով անցնում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Նիստի ընդմիջմանը Ռազմիկ Աբրահամյանին մոտեցավ երեխային կորցրած մայրերից մեկը` Հայկուհի Խաչատրյանը և պահանջեց, որ ասի իր երեխայի տեղը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազության մոտ բողոքի ցույցին, երբ մայրերից մեկը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրել է`իրականությանը համապատասխանո՞ւմ են համացանցում շրջանառվող տեղեկությունները, որ Արթուր Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպում է «Կուժ» ռեստորանում, Դավթյանը պարզաբանել էր, թե մատուցողը շփոթել է, Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանի հետ է ինքը հանդիպել:

Այսօր Հայկուհի Խաչատրյանը Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանին հարցրեց` «Կուժ» ռեստորանում դուք նման հանդիպում ունեցե՞լ եք: Փաստաբան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց, որ կինը ստում է, նրան ուղղորդում են և, որ դատախազը նման բան չէր ասի. «Ձեր ծննդաբերության ժամանակ 20 հոգի ներկա է եղել, դուք գնացեք ձեր գործի քննության ժամանակ պարզեք»:

Մայրն ասաց` մատուցողը տեսել է, որ հանդիպում է տեղի ունեցել գլխավոր դատախազի հետ` փաստաբանն արձագանքեց. «Ես իմ պաշտպանյալի հետ կարող եմ ամեն տեղ հանդիպել` իրենց տանն էլ, մեր տանն էլ, օրենքը ինձ չի ասում…Ասենք իմ գրասենյակում ենք հանդիպել, դա ի՞նչ նշանակություն ունի»:

Խաչատրյանը բացատրեց. « Նշանակությունն այն է, որ եղել են փաստաթղթեր, Լիաննա Կարապետյանն է եղել նաև…», Դիլբանդյանը միանգամից ընդհատեց` ասելով, որ Լիաննա Կարապետյանին կյանքում չի տեսել:

Երբ Հայկուհի Խաչատրյանն ասաց, որ 1 մլն դրամ են առաջարկել մայրերին` լռելու համար, փաստաբանը պատասխանեց. «Դե հիմա ինչ ասես կարող եք ասել»:

Aravot.am-ը Ռազմիկ Աբրահամյանին հարցրեց` հանդիպե՞լ եք դուք գլխավոր դատախազի հետ «Կուժ» ռեստորանում, նա քար լուռ էր, ոչինչ չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031