Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցումն ասել է Բաղրամյանը: Նրա մեկնաբանմամբ, գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:
«Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար Գազպրոմն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսք է գնում այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-ասել է հանձնաժողովի նախագահը:
Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:
Հարցին՝ այսօր կառավարությունն այլեւս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի, ի պատասխան Գարեգին Բաղրամյանն ասել է. «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որեւիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Գարեգին Բաղրամյանը հավելել է, որ դեռեւս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա պատասխանել է, որ հնարավոր չէ հիմա ասել: