Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Խաչատրյանը՝ տղամարդկանց վստահելու, թանկանոց նվերների ու հեթանոս աստվածներին զոհաբերության մասին

Հունվար 16,2020 23:00

Մեր զրուցակիցն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու՝ Ծովինար Խաչատրյանը

– Ո՞րն է ձեր մանկության ամենատպավորիչ հուշը:

– Ծնողներս ուսանող էին, ու ես հաճախ էի մնում տատիկիս կամ այդ պահին ինձնով զբաղվելու ժամանակ ունեցող հորեղբորս կամ մորաքրոջս մոտ: Հորեղբայրս գրականագետ է: Երևի հենց նրա շնորհիվ մանկուց երևակայությունս բավական զարգացավ: Միասին գնում էինք «Գարուն» ամսագրի խմբագրություն, շփվում գրողների, հրապարակախոսների հետ ու նրանցից էլ 4 տարեկանում իմացա հեթանոս աստվածների մասին: Ինձ ամենից շատ տպավորել էր զոհաբերություն մատուցելու պահը: Հաջորդ օրը մանկապարտեզի իմ ու մյուս խմբի երեխաներին պատմեցի հեթանոս մասին ու ասացի, որ պետք է աստվածներին զոհեր մատուցենք, ով ինչ խաղալիք, մազակալ ուներ, ամբողջը տարանք բակ, ավելի ավագ խմբի տղաներին փոս փորել տվեցի ու դրանք լցրեցինք մեջը: Անկեղծ հավատում էի, որ մեր մատուցած «զոհն» ընդունելի կլինի ու երկինք կհամբարձվի: Հիմա ժպիտով եմ հիշում, բայց մայրս շատ էր նեղվել, երբ ուսուցչուհին ասել էր, որ ողջ մանկապարտեզի ծնողները բողոքում են ինձնից:

– Ամենակարեւոր խորհուրդը, որ ստացել եք ծնողներից:

– Հայրս երբեք չի սիրել ու չի էլ սիրում խորհուրդ տալ, նա առավել, քան ընկերական է, բայց մայրս շատ մայրերի նման բաց չի թողել խրատադաստիարակչական որևէ պահ: Դե մայրերը հիմնականում իրենց հեղինակության համար են անհանգիստ, որ «գնացած տեղը» աղջկան չկշտամբեն, թե քո մայրը այս կամ այն բանը չի սովորեցրել: Երևի գերծանր խրատների արանքում հիշեմ խորհուրդը, որ ինձ պետք եկավ, փոքրուց մայրս ասում էր, որ պետք է այնպիսի մարդ դառնալ, որ հետդ հաշվի նստեն, քեզնից խորհուրդ հարցնեն: Դա ուղենշային եղավ ինձ համար:

– Տարբեր ոլորտներում եք աշխատել, հիմա էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատուն եք: Հատկապես որտեղ եք զգացել՝ ձեր «ափսեում»:

– Այո, անկախ իմ կամքից՝ աշխատանքային գործունեությունս բազմաոլորտ ստացվեց: Գրեթե բոլոր տեղերում` մասնագիտությունիցս ելնելով՝ ուրիշների համար էի ձեր ասած ափսեն ստեղծում, ժամանակ չէր լինում ուսումնասիրելու իմ ցանկությունը: Բայց կարող եմ ասել, որ այս պահին բժշկական կենտրոնում աշխատելն ամենահարմարն է մասնագիտական տեսանկյունից, քանի որ առաջին անգամ մարդկանց կյանքի հետ ուղղակի գործ ունեցող կառույց է, ու եթե այլ վայրերում լիազորությունները նեղ էին ու միայն հնարավոր էր կոչ անել, հորդորել որևէ բան, այստեղ կոնկրետ աշխատանք է իրականացվում, ինչը լուսաբանելն առավել քան հաճելի է:

– Այնուամենայնիվ, «մութ» մնաց, ինչո՞ւ անակնկալ թողեցիք խմբագրի պաշտոնը: Մի փոքր փակագծեր կբացե՞ք:

– Ահհհհհհ, լավ ասացիք, եթե իսկապես պաշտոն լիներ, գուցե չթողնեի: Կատակում եմ, իհարկե, խոնարհումս լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին ու մեծ հարգանք խմբագիրներին, ովքեր ապրելու հաշվին non-stop ռեժիմի են դատապարտել իրենց: Ես ուղղակի հասկացա, որ տեղեկատվական առիթ ստեղծողի գործն առավել իմն է, քան տեղեկատվությունը տարածողի առաքելությունը:

– Լավ ընկերոջ ձեր ձեւակերպումը:

– Ես վատ ընկերոջ ձևակերպում էլ չունեմ նույնիսկ: Ընկերը կա կամ չկա, չեմ ընդունում բոլոր դասակարգումները` բաժակի ընկեր, մանկության ընկեր, երբ նման կարգավորումների ես դիմում, նշանակում է՝ տվյալ մարդը սահմանափակ ներկայություն ունի քո կյանքում: Հին ու նոր անել, վերլուծել այս հարցում բացարձակ պետք չէ:

– Կարելի՞ է վստահել տղամարդկանց:

– Թույլ եմ տալիս, թող վստահեն (ծիծաղում է-Գ.Հ):

– Երբեւէ ստացած ամենաթանկ նվերը…

– Նվերների հարցում երբեք բախտս չի բերել, դրա համար ինչ-որ մի պահից դադարեցի սիրել նվեր ստանալ: Եղել է, երբ ստացածս նվերը հետ եմ տվել, քանի որ հասկացել եմ, որ վերջին պահին պատահական խանութից գնած մի բան է: Գուցե դա անշնորհք դիտվի, բայց հետ տալուց բացատրել եմ պատճառը ու 100 տոկոսով համաձայն են եղել հետս: Անգամ որոշել էի բարեգործական շուկա կազմակերպել, որտեղ մարդիկ կբերեն իրենց ստացած ու չհավանած նվերները, հասույթն էլ կուղղվեր մի լավ նպատակի: Գաղափարս, իհարկե, շատերի սրտով էր, բայց համարձակություն չունեցան մասնակցելու, քանի որ չէին ուզում անիմաստ նվերներ նվիրողներին նեղացնել: Անկեղծ արված նվերներ եմ սիրում, մտածված, հատուկ չարչարված, ընտրության հարցում հոգի դրած, երևի դա կլիներ ամենաթանկը, ցավոք, թանկանոց նվերներ շատ են եղել, բայց թանկ` դեռ չէ:

– Ինչի համար երբեք չեք զղջա:

– Չեմ զղջա, որ տարբեր մարդկանց օգնել եմ չհետաձգել իրենց հայտնի դառնալը, մեծ փորձ էր ինձ համար, մանավանդ, երբ հաջողությունը սպասեցնել չի տվել:

– Ինչից կարող եք ոգեւորվել եւ ինչից հիասթափվել:

– Ես սպասել էլ չեմ սիրում ու վաղուց դադարել եմ ոգևորվել ու հիասթափվել: Ընդունում եմ այն, ինչ կա, ավելին, երբեմն գիտեմ, թե ինչ է լինելու, երևի մասնագիտական իմունիտետ է, այդպես ապրելը դժվար է, ոնց որ սեփական կյանքիդ դիտորդը լինես, բայց դե սովորել եմ:

– Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

– Համեմատության մեջ` այո, համեմատությունից դուրս` գուցե էլի այո:

 Զրույցը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Լուսանկարները տրամադրել է Ծովինար Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031