Դժգոհություններ էին ստացվել, որ ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի դպրոցում աշակերտների դասերն անցնում են +9 ջերմաստիճանի պայմաններում: Նաեւ ծնողները դժգոհել էին, որ դասարաններից մեկը վերանորոգվել է ֆոնդի գումարներով, սակայն տնօրենը դա վերածել է ինֆորմատիկայի դասասենյակի, եւ երեխաները կրկին տեղավորվել են մեկ այլ ցուրտ դասասենյակում:
Aravot.am-ը կապվեց դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ, որն արդեն 5 տարի է ղեկավարում է դպրոցը: Այս դպրոցում սովորում է 223 աշակերտ, դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթություն, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները:
«Ինքներդ կարող եք գալ եւ ձեր աչքով տեսնել, թե ինչքան վատ վիճակում է ինֆորմատիկայի կաբինետը: Ընդամենը պատուհան է փոխվել դպրոցի կողմից, այնտեղ եւս նույն վիճակն է, ինչ բոլոր դասարաններում: Ոչ մի դասասենյակի վերանորոգման համար ծնողները գումար չեն հավաքել, ոչ մի վերանորոգում չի արվել: Փոխվել են որոշ պատուհաններ ու դռներ, այն էլ դպրոցի բյուջեի հաշվին: Մեր դպրոցը շատ հին է, անկյունային դասարաններում ցուրտ է, բայց մենք +9 աստիճան չենք ունեցել որեւէ դասարանում: +15 աստիճանը պահպանվում է: Դասասենյակներ ունենք, որտեղ աշակերտները շոգից անգամ պատուհան են բացում, որովհետեւ նման դասարաններում հեղուկ վառելիք էլ ենք վառում: Անկյունային դասասենյակներում էլեկտրական ջեռուցիչներ ենք միացնում վառարանի հետ միասին: Սա է վիճակը, ես ուրիշ տարբերակ չունեմ»,- հավաստիացրեց տնօրենը:
Նրա խոսքով. «Երկրորդ ժամից հետո +17-ից մինչեւ +20-ի է հասնում ջերմաստիճանը: Դպրոցը շատ հին է, վերանորոգված չէ, գազաֆիկացված չէ: Որտեղ պատուհանները փոխված են, այդտեղ ավելի տաք է: Մենք 45 րոպե դաս ենք անում ժամը 9-ից»:
Դպրոցի տնօրենը չգիտի, թե ինչու են նման դժգոհություններ ծնվել, այնուամենայնիվ նորից է պնդում, որ գնանք ու մեր աչքով տեսնենք ամեն ինչ: «Ամենացուրտն իմ կաբինետն է»,-վստահեցնում է Հերիքնազ Հարությունյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ https://norarmavir.wordpress.com/-ից