Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն անդրադարձավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանի մատնանշած խնդրին, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ նախընտրում են չգնալ այս կամ այն հեռուստաընկերություններ, եւ այդ պարագայում հեռուստաընկերությունն ինչպե՞ս ապահովի բազմակարծություն:
«Հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչը խոսեց քաղաքական որոշ ուժերի՝ որոշ հեռուստաընկերություններ հյուր չգնալու մասին: Մենք այդ մասին մի անգամ էլ ենք խոսել ավելի փոքր ձեւաչափով, բայց կուզեի մեկ անգամ էլ արձանագրել՝ խնդիրը ոչ միայն այն է, որ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ չեն ուզում գնալ որեւէ հեռուստաընկերություն (գուցե կա նման բան, չեմ կարող ասել), այլ ավելի մեծ խնդիր է, երբ հեռուստաընկերությունն է իր համար ընտրում քաղաքական ուժ ու սկսում գովազդել այն: Կարծում եմ՝ նման հեռուստաընկերությունների անուններ բոլորս գիտենք, հիմա անուններ չեմ տա»,-նշեց Հովհաննես Մովսիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ