Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը, որով անցնում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ դատարանի մոտ որդեգրված երեխաների մայրերը բողոքի ցույց են անում՝ պահանջելով կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը մերժվել է։ Միջնորդության որոշումը հրապարակել է դատավոր Դավիթ Բալայանը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։
Լրագրողները, երբ Ռազմիկ Աբրահամյանին դատարան մտնելիս հարցրեցին՝ ծնողները պահանջում են կալանավորել ձեզ, ինչպե՞ս կարձագանքեք, պատասխանեց. «Որդեգրումների հետ ծննդատները ոչ մի կապ չունեն»:
Կարդացեք նաև
Դիտարկմանն ի պատասխան, որ ասում են՝ դուք 1 մլն եք նույնիսկ առաջարկել ծնողներին, որ չխոսեն՝ Ռազմիկ Աբրահամյանը ոչինչ չասաց:
Հարցին՝ դուք ասում եք, որ ծննդատները ոչ մի կապ չունեն, բայց ծնողները եկել են փաստերով, պատմում են, որ ծննդատներն առնչություն ունեն՝ Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ծնողները շատ բան են պատմում, նրանք սուտ ու սխալ, կեղծ հավաքածու անդամներ են, ծննդատները ոչ մի առնչություն չունեն»:
Դատական նիստի ժամանակ արգելված է տեսանկարահանել կամ լուսանկարահանել, նիստի մանրամասները՝ առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ