«Հեռուստատեսության եւ ռադիոյի անունից ուզում եմ ասել, որ հեռուստատեսության ծածկույթը 98% է, իսկ ռադիոյինը՝ 100%-ից ավելի: Ժամանակին եղել են նման խնդիրներ, դրանք հիմա չկան: Միայն Շիրակում նախորդ տարի քառապատկել ենք մեր հզորությունը»,-ԱԺ ամբիոնից այսօր հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի բարձրաձայնած խնդրին, որ մարզերում, հատկապես՝ սահմանամերձ գոտիներում, հեռուստատեսության եւ ռադիոյի ոչ լիարժեք հեռարձակման պատճառով մարդիկ լսում են հարեւան երկրների մատուցած բովանդակությունը:
«Այս մասին շատ է խոսվել: Հարեւան երկրների ազդակները մեր երկրի տարածքում չհնչել չեն կարող՝ ճիշտ այնպես, ինչպես հարեւան երկրներում մեր ազդակները չհնչել չեն կարող: Սա ռադիոֆիզիկա է: Սրա դեմ պայքարելը նույնքան անիմաստ է, որքան արեւածագի կամ մայրամուտի դեմ պայքարելը»,-հավելեց Գարեգին Խումարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ