Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում ձեր շեֆերը գնացել են Բաղրամյան 26, ստացել «դաբրո». հիմա դա պետք չէ անել». ԽԱՊԿ ղեկավարը՝ TV-ներին

Հունվար 16,2020 15:14

«Մեր համար հասկանալի չէ, թե հեռուստաընկերություններն ինչո՞ւ են այդպես համառորեն դիմակայում գաղափարին, մինչդեռ մենք ասում ենք՝ եթե նախորդ տասնամյակներում դուք կամ ձեր շեֆերը գնացել եք Բաղրամյան 26, ստացել «դաբրո»-ն, հետո ձեւական մի մրցույթի եք մասնակցել, որտեղ մեկ հաճախականության վրա միայն դուք եք եղել եւ հաղթող ճանաչվել, հիմա դա պետք չէ անել: Պարզ լիցենզավորում ենք առաջարկում, բայց քանի որ մենք ենք առաջարկողը, շատ հեռուստաընկերությունների դա դուր չի գալիս: Մեզ չհասկացան նախորդ տասնամյակներում, չհասկացան եւ հիմա»,-հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ԽԱՊԿ-ի, «Երեւանի մամուլի ակումբի» եւ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» մշակած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրինագիծն առաջարկում է պարզեցնել հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը եւ եթերային հեռարձակման իրավունք տալ նաեւ ՍՊԸ-ներին:

Այսօրվա լսումների ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանն անդրադարձել էր հ/կ-ների մշակած օրինագծին եւ գնահատել այն, այդ թվում՝ պետական մուլտիպլեքս ունենալուց բացի մասնավոր մուլտիպլեքսներ ստեղծելու առաջարկը:

ԽԱՊԿ ղեկավարը, դիմելով Վահագն Թեւոսյանին, շեշտեց. «Մենք չենք գրել, որ դա պարտադիր է, դուք «ստիպել» բառն օգտագործեցիք: Դա կարող է լինել տարբերակներից մեկը, բայց չի կարելի մարդկանց զրկել հնարավորությունից՝ ստեղծելու փոքր կամ միջին մուլտիպլեքսներ: Երբ անալոգայինից անցնում են թվային հեռարձակման, պետական մուլտիպլեքսից բացի ստեղծվում են մեկ կամ մի քանի մասնավորները: Մենաշնորհ չի կարելի թույլ տալ: Ապշած էի, երբ տեղեկացա, որ հետհեղափոխական ՀՀ-ի կառավարությունում նախարարը դեմ է պետական մուլտիպլեքսի մենաշնորհի հաղթահարմանը, եւ ասում է, որ վարձակալությամբ որեւէ բան չի տրվելու: Եթե պետությունը չուզենա ստեղծել մասնավոր մուլտիպլեքս, ապա այն չի ստեղծվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031