Այս տարի սուր շնչառական հիվանդություններով մի շարք քաղաքացիներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն այդ ցուցանիշն այդքան բարձր չէ, ինչպես որ նախորդ տարիներին էր: Այսօր «Զարկերակ» ակումբում այս մասին ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը: Գրիպի բարդություններից խուսափելու համար, նա կոչ արեց պատվաստվել, հատկապես՝ 0-ից վեց տարեկան երեխաները, հղի կանայք, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, որոնք կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ:
Բժշկուհին նաեւ ասաց, որ մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում մինչ այս պահը խիստ ծանր դեպքեր չեն գրանցվել, բարդություններով հիվանդանոցներ տեղափոխված երեխաներն էլ բուժում են ստանում: Մարի Դարակչյանը ծնողներին կոչ արեց իրենց հիվանդ երեխաների մանկապարտեզ եւ դպրոց չուղարկել՝ այդպիսով չնպաստելով վարակի տարածմանը: Նաեւ ասաց, որ ինքնաբուժմամբ չզբաղվեն ու առանց բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկներ ընդունեն: Ըստ նրա, հակաբիոտիկները չեն կանխարգելում հիվանդության զարգացումը թոքերի եւ այլ բարդությունների դեպքում, հակառակը՝ կայունություն են առաջացնում հակաբիոտիկների նկատմամբ եւ հետագայում հակաբիոտիկ պետք լինելու դեպքում հիվանդը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու: Մանկաբույժը նաեւ ասաց, թե ինչպիսի նախանշանների դեպքում ծնողները անհապաղ պետք է դիմեն բժշկի:
Ծնողները պետք է ուշադիր լինեն. եթե ջերմությունը պահպանվում է 7 օր եւ ավելի, դժվար է ենթարկվում ջերմիջեցնող դեղամիջոցներին, եթե երեխան քնկոտ է, հրաժարվում է սննդից, տարօրինակ պահվածք ունի, կոնտակտի չի գնում ծնողի հետ, փորլուծություն ու փսխումներ ունի, միանշանակ պետք է դիմել հիվանդանոց, պոլիկլինիկա»: Բժշկի խոսքով, ուշացնելու դեպքում բարդությունները կարող են լինել լուրջ թոքաբորբի, մենինգիտի, ականջի բորբոքման տեսքով: Ըստ մասնագետի, սուր շնչառական վիրուսներից հիվանդացությունը բարձրանում է աշնանից մինչեւ գարուն ընկած ժամանակահատվածում, քանի որ հատկապես երեխաներն ու մեծահասակներն ավելի շատ են գտնվում փակ տարածքներում:
Անդրադառնալով հակապատվաստումային արշավին, որը ոչ միայն Հայաստանում է տեղի ունենում այլեւ՝ ամբողջ աշխարհում, ասաց, որ Եվրոպայում արդեն կարմրուկից մահացության բարձր ցուցանիշներ են գրանցվել, ԱՄՆ-ում նույնպես դեպքեր են եղել: Ըստ բժշկի, որոշ եվրոպական երկրներ արդեն որոշ պատվաստումների հարցով նույնիսկ ծնողի կարծիքը չեն հարցնում, սակայն մեր երկրում դեռ ծնողի համաձայնությամբ են երեխային պատվաստում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ