Հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է. սա նշանակում է, որ գյուղացիները պարտավոր են իրենց անասունների մորթը սպանդանոցում իրականացնել:
Օրենքի այս պահանջի դեմ այսօր տարբեր մարզերի գյուղացիները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ: Թեեւ 7 մարզերում առկա են սպանդանոցներ, սակայն անասնապահները դժգոհ են: Ցույցի մասնակիցներն ասացին՝ անասունը սպանդանոց տեղափոխելը հավելյալ ծախս է, իսկ երբ սպանդանոցից են գալիս տանելու՝ 8-9 հազար դրամ են պահանջում: «Մի հատ գյուղացու կարծիքը հարցրե՞լ են, որ սենց պահանջ են դնում: Մսի ինքնարժեքն է թանկանալու: Սպանդանոցներն էլ հարմար տեղ չեն, հեռու են»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ սպանդանոցներում մորթը սանիտարահիգենիկ պայմանները պահպանելու համար է, գյուղացիներից մեկը ցույց տվեց Մասիսի սպանդանոցներից մեկն ու ասաց. «Լիքը կռիս ու կատու է էդ սպանդանոցում: Իրիկունը տարել եմ անասունս, մարդ չկա ընդեղ»:
Մեկ այլ գյուղացի էլ ասաց, որ անասունը սպանդանոցում մորթում են, մինչեւ տեղ են հասցնում՝ կապտում է. «Բացի էդ, անասունին սթրեսի են ենթարկում, տենց չի կարելի: Գյուղացիների համար ոչ մի պայման չեն ստեղծել ու պահանջ են դնում»:
Կարդացեք նաև
Անասնապահների պահանջում են՝ թող համայնքներում սպանդանոցներ հիմնեն, հետո նոր նման պահանջներ դնեն: Գյուղացիներից մեկի պատմելով՝ որոշ սպանդանոցներ հրաժարվում են խոզ մորթել, քանի որ այդտեղ ոչխար են մորթում, հիմնական հաճախորդները իրանցիներ են, որոնք հրաժարվում են օգտվել այն սպանդանոցներում մորթված անասունի մսից, որտեղ խոզ է մորթվել. «Ասում են՝ հարամ միս է: Բա հիմա մենք ի՞նչ անենք»: Մեկ այլ անասնապահ էլ ասաց՝ իրանցիները հրաժարվում են իրենցից մորթված ոչխար ձեռք բերել, ասում են. «Դու չմորթես, ես իմ ձեռով կմորթեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Արագածոտնի մարզի անասնապահներից մեկն էլ ասաց. «Պահանջում ենք վերացնել սպանդանոցները, թող գյուղի անասնաբույժերի վրա ուժեղ հսկողություն դնեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Վայոց ձորի անասնապահներն էլ ասացին՝ իրենց մոտ մի սպանդանոց կա, Զառիթափ համայնքում. «Էն էլ չի գործում, էսօր եմ զանգել, չի աշխատում: 60 կիլոմետր հեռու է մեր գյուղից, գյուղացին ո՞նց է 60 կիլոմետր անասունին տանելու մորթելու, մեծ ծախսեր են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գյուղացիների ցույցի մասին գրառում է կատարել. «Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:
Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:
Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ