Այս պահին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: Ի պատասխան հարցին, թե հանդիպման նպատակը ո՞րն է, արդյոք Ռուսաստանի կառավարության հրաժարականի հարցն էլ են քննարկելու, նախարար Մնացականյանը մինչ գրասենյակ մտնելը պատասխանեց, որ դրանք պարբերական բնույթ կրող հանդիպումներ են եւ իրեն այս անգամ հրավիրել է «Իմ քայլը» խմբակցությունը:
«Մեր քննարկման թեմաները բավական լայն են, որովհետեւ դրանք վերաբերում են մեկ բանի՝ Հայաստանի ազգային անվտանգության հարցերին՝ արտաքին ոլորտի մասով եւ այն գործունեությանը, որը մենք վարում են արտաքին ոլորտում: Դա բավականին լայն օրակարգ է, որը վերաբերվում էր մեր երկրին, մեր տարածաշրջանի շուրջ զարգացումներին եւ մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններին»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ մեզ հարեւան տարածաշրջանում կայունության խափանումը մեզ համար անհանգստացնող է եւ այդ առումով էլ աշխատում են գործընկերների հետ. «Մենք անմիջական հարեւան լինելով եւ նաեւ ունենալով իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, եւ դա, նաեւ ազդեցություն ունի մեր տարածաշրջանի վրա, տարածաշրջանային անվտանգության եւ մեր երկրի անվտանգության վրա եւ, այդ առումով, Հայաստանում ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է, որպեսզի մենք պատրաստ լինենք: Բացի այդ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ…: Մենք, իրապես հույս ունենք, որ խաղաղ ճանապարհներով միայն հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը եւ խուսափել այնպիսի զարգացումներից, որը տանում է էսկալացիայի»:
Հարցին՝ առաջիկայում բանակցային հանդիպում սպասվո՞ւմ է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովի հետ, Զոհրաբ Մնացականյանն ի պատասխան ասաց, որ բանակցային գործընթացը շարունակվում է, եւ հայկական կողմը երբեւէ չի խուսափել դրանից:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ