Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհու՝ ամիսներ շարունակ վիրավորական արտահայտություններ թույլ տալու հետեւանքով երեխան ձեռք է բերել հոգեբանական խնդիր. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2020 13:26

Երեկ համացանցում է հայտնվել Երեւանի N75 դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նիստը ներկայացնող տեսանյութը, որում քննարկվում է մաթեմատիկայի ուսուցչուհու կողմից դպրոցի 10-ամյա սաներից մեկին՝ Ա.-ին հոգեբանական ճնշումների ենթարկելու խնդիրը։ Նշվում է, որ ուսուցչուհու՝ ամիսներ շարունակ վիրավորական արտահայտություններ թույլ տալու հետեւանքով երեխան ձեռք է բերել հոգեբանական խնդիր, ունեցել է հոգեբույժի դիմելու անհրաժեշտության։

«Հայկական ժամանակ»-ն այդ մասին զրուցեց դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, երեխայի դասղեկի եւ մոր հետ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվել։ Տնօրեն Նարինե Սուրմալյանի խոսքով՝ մայրն ուսուցչուհուց ունեցած բողոքների մասին դիմել է դեկտեմբերի 5-ին՝ դասղեկին, եւ դեկտեմբերի 9-ին՝ իրեն։

«Մայրն ասաց, որ մաթեմատիկայի ուսուցչուհին իր երեխային վատ բառեր է ասում՝ ծույլիկ, տախտակ, ու երեխան նրա դասերին չի ուզում նստել։ Ես դասալսման գնացի, երեխաներն էլ, Անգելինան էլ ակտիվ մասնակցում էին դասին»,- ասաց դասղեկ Ռուզաննա Ավետիսյանը՝ հավելելով, որ Ա.-ի հետ առանձին զրույց է ունեցել, երեխան իրեն ոչ մի բողոք չի հայտնել, զրուցել են նաեւ երեքով՝ ուսուցչուհու հետ, երեխան նրան էլ ասելիք չի ունեցել։

Այն դիտարկմանը, որ դասալսումների ժամանակ, բնականաբար, ուսուցիչները չեն հնչեցնում այն վիրավորական արտահայտությունները, որ թերեւս այլ դասերին հնչում են՝ փոխտնօրեն Զեյնալյանն ասաց, որ հիմա այդ ուսուցչուհու դասարան դասալսումների գնում են առավել հաճախ եւ առանց նախազգուշացնելու, որեւէ խնդրահարույց բան չեն նկատել։

Տնօրենի խոսքով՝ ծնողը պնդել էր նաեւ, որ ուսուցչուհին իր երեխային անբավարար շատ գնահատականներ է նշանակել մատյանում։ «Մենք ստուգեցինք, որեւէ անբավարար գնահատական մատյանում Անգելինան չունի։ Մի երկուս ունի՝ օրագրում։ Ամենայն հավանականությամբ, երեխան ստացել է այդ երկուսը, բայց ուսուցիչը չի ցանկացել դա միանգամից դնել մատյանում»: Կա նաեւ մի կրկնակի դրված գնահատական, որի մասին խոսվում է տեսանյութում։ «Ուսուցիչը պնդում է՝ որպեսզի երեխային կարողանա ներգրավել, բերել դաշտ, խրախուսել է ցածր գնահատականի կողքին մի ութ նշանակելով»,- մեկնաբանեց տնօրենը:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    “….բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նիստը”,- 20 տառանոց նոր բառ սովորեցի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031