Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փոքր գումարով փոքր մուլտիպլեքս ստեղծելու զուտ քաղաքական գայթակղություն կարող է առաջանալ». Թեւոսյան

Հունվար 16,2020 12:55

«Ուսումնասիրությունները վկայում են, որ ՀՀ մարզերում հեռուստաընկերությունները կայանալու խնդիր ունեն՝ ինչպես ֆինանսապես, այնպես էլ որակական առումով: Մարզերում բնակչության քանակի անհավասար բաշխվածությունը, շուկայական միջավայրերի երբեմն էական տարբերություններն ամեն մարզի համար չեն ստեղծում հավասար հնարավորություններ՝ ունենալու մեկ, կամ, որ զարմանալի կլիներ որոշ մարզերի դեպքում, մի քանի հեռուստաընկերություններ»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ են, որոնց ընթացքում Թեւոսյանն անդրադարձել է նաեւ մեդիաոլորտի կազմակերպությունների մշակած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծին:

Պատգամավորը, դառնալով վերոնշյալին, շարունակեց. «Այս հանգամանքը բարենպաստ տրամադրություն չի ստեղծում մարզային մուլտիպլեքսների (մասնավոր հեռարձակման թվային ցանց.-խմբ.) առաջացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարման համար՝ ամեն մարզում առնվազն մեկ մուլտիպլեքս սկզբունքով: Բացի այդ, առկա է երկու մտավախություն: Նախ, որ նման սփռվածության պարագայում լուրջ բարդություններ կառաջանան կարգավորող մարմնի վերահսկողության իրականացման առումով, եւ երկրորդ՝ փոքր գումարով փոքր մուլտիպլեքս ստեղծելու զուտ քաղաքական գայթակղություն կարող է առաջանալ: Առկա է նաեւ հակառակ պատկերը, երբ մարզում առկա մեկ կամ երկու հեռուստաընկերությունները ստիպված կլինեն փակվել՝ թվային հեռարձակման անցնելու պատճառով, ուստի տվյալ մարզում կա թվային մուլտիպլեքսի անհրաժեշտություն»:

Վահագն Թեւոսյանի խոսքով՝ արդար չէ մի մարզին տալ թվային մուլտիպլեքս ունենալու հնարավորություն, իսկ մյուսին՝ ոչ: «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ որպես լուծում առաջարկվում է շեշտը դնել միջմարզային, այսինքն՝ մեկից ավելի կամ կոնկրետ խմբի մարզերում սփռում իրականացնող մուլտիպլեքսների ստեղծման վրա, ինչը նպատակահարմար է մի քանի առումներով՝ հեշտացնում է կարգավորող մարմնի վերահսկողության իրականացումը, ծախսատարության առումով արդյունավետ է, եթե մտադրությունը տնտեսվարումն է, այլ ոչ թե քարոզչությունը: Բացի այդ, ապագայում ստեղծվելիք հեռուստաընկերություններին հնարավորություն է տալիս եթեր ունենալու՝ անկախ դրանց մարզային տեղակայումից»,-հավելեց Վահագն Թեւոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031