Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյան. Մեզ մոտ մարդու իրավունքների խախտումները դիպվածային են կամ առնվազն խախտման մասին կասկածներ են. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2020 12:50

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը պետությունների, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների համար շատ կարեւոր է համարում Human Right Watch-ի աշխատանքը՝ նշելով, որ այս տարվա զեկույցն էլ բացառություն չէ: «Չափազանց կարեւոր շեշտադրումներ կան այս զեկույցում, որտեղ նշված են հետհեղափոխական Հայաստանում ինչպես դրական զարգացումները, այնպես էլ՝ թերությունները եւ դեպքերը, երբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս կամ այն կերպ խնդիրներ են առաջացել»,- ասաց պատգամավորը։

Խոսելով զեկույցի այն դիտարկման մասին, ըստ որի՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում խնդիրներ եւ թերություններ դեռեւս առկա են, մասնավորապես նախորդ իշխանությունների օրոք կատարված բռնության եւ իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության «սահմանափակ բնույթի» առումով, Խանդանյանը հաստատեց, որ իսկապես կան խնդիրներ։ Նրա համոզմամբ՝ այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք այս զեկույցի համար իրենց դիտարկումներն են ուղարկել, կարեւորել են այդ հատվածը։ Պատգամավորը դա կապում է դատաիրավական համակարգի թերությունների ու բացթողումների հետ։ Խանդանյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել դատական եւ իրավապահ համակարգերի կարողությունների զարգացմանը։

«Բերված թերությունների մեծ մասի բանալիներն ու լուծումները տրված են կառավարության ներկայացրած մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ։ Իսկ խորհրդարանը իրավասու է վերահսկել նաեւ այդ ռազմավարության իրականացումը, եւ ես վստահ եմ, որ դրա պատշաճ կատարման դեպքում այսպիսի մեկնաբանություններ շատ ավելի քիչ կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե համեմատենք Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, ապա երկու պետությունների վերաբերյալ մեկնաբանություններն անհամեմատելի են. մեզ մոտ մարդու իրավունքների խախտումները դիպվածային են կամ առնվազն խախտման մասին կասկածներ են։

Դիտարկմանը, որ զեկույցում խոսվում է նաեւ ներկայում կառավարող ուժի օրոք ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած միջադեպերի մասին, եւ սա այն պարագայում, երբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը ծառայում է ի շահ հանրության, պատգամավորը արձագանքեց, որ իրավապահ համակարգը, միանշանակ, ծառայում է ի շահ հանրության։ Նա, սակայն, կարծում է, որ իրավապահ համակարգը կարողությունների զարգացման խնդիր ունի. «Զեկույցում նշված դեպքերը կարելի է համարել իրավապահ մարմինների թերացումներ, որոնց իշխանության ներկայացուցիչները արձագանքել են եւ տվել համապատասխան պարզաբանումներ»։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031