Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ ՀՀ-ում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան

Հունվար 16,2020 12:35

Հայաստանում լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, հեռուստատեսային շուկայում այսօր առկա են որոշակի մենաշնորհներ. «Մեր հետեւողական քաղաքականությունն է, որ Հայաստանում մենաշնորհային երեւույթների հետ կապված մենք պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ։ Բայց մենք թափանցիկությունը պետք է բարձրացնենք, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հեռուստատեսությանը։ Եվ հեռուստատեսային շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»։

Վարչապետը պարզաբանեց, թե ինչ կառուցվածքի մասին է խոսքը. «Դուք գիտեք, որ ես չեմ հիշում ինչ ժամանակներից՝ ՀՀ-ում ստեղծվել են երկու կառույցներ, այդ երկու կառույցներից մեկը բաշխում է Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները եւ այդ գովազդային գումարները բաշխում է ըստ վարկանիշների։

Այսինքն՝ ըստ էության հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման գործընթացը մոնոպոլիզացված է։ Եթե ենթադրենք, որ կա փոխկապակցվածություն գործող հեռուստաընկերությունների, ռեյտինգ չափող ընկերությունների եւ գումար բաշխող ընկերության միջեւ, մենք կարող ենք արձանագրել, որ երկրում կա ինֆորմացիոն հոսքերը վերահսկելու հստակ գործառույթ։ Եվ պետք չէ թաքցնել, որ մենք գիտենք, որ այդ գործառույթը կա, մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո։ Եվ մենք պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատանքը»։

Վարչապետի խոսքով, Հայաստանի կառավարությունը միջազգային կառույցների կողմից համարվում է թափանցիկ, հետեւաբար պետք է հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները նույնպես լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ ՀՀ-ում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան. «Առնվազն երկու հեռուստաընկերություն կա, որ լոգոյի տեղը նույնիսկ կարելի է գրել՝ կոռուպցիա կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի թողարկումը: Մեր ժողովուրդը մեզ շատ է մեղադրում, բայց ես դժգոհ չեմ, որովհետեւ այդպիսի հեռուստաընկերության գոյությունը ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլ նաեւ նրանց շոշափուկներին ու մետաստազներին: Հետագայում մեր պայքարը կոռուպցիայի դեմ բավականին հեշտացնում է: Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության եւ ժողովրդի դեմ տարվում է, մեզ օգնում է, որ որպեսզի մենք մեր աշխատանքի որակն ավելի բարձրացնենք»:

Վարչապետը առաջարկեց կառավարությունը գնա այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա. «Այսօր հեռուստատեսություն կա, որ պարտադիր որեւէ քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից հարցազրույց է տալիս եւ մեր ժողովրդին բացատրում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»:

Վարչապետն այս հարցին անդրադարձավ, երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց ՀՀ բյուջեում 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու մասին հարցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031