Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Հունվար 16,2020 12:21

 Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում, դիմելով ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանին, գրել է․

«Զարմացած եմ Հրանտ…

Սիրելի՛ Հրանտ Բագրատյան

Երեկ քո ֆեյսբուքյան էջում դիտեցի Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդման տեսագրությունը: Շատ վիրավորված եմ քեզանից, որ հաղորդման հեղինակի՝ իմ հասցեին արված արտահայտությունը, թե իբր ես քծնում եմ ՀՀ իշխանություններին, չսաստվեց քո կողմից: Անկեղծ լինեմ՝ սպասում էի դրան…

Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում: Իսկ մենք, մտերիմ ընկերներ լինելով, այդ օրերին շարունակում էինք հաճախակի հանդիպել ինչպես Երևանի սրճարաններում, այնպես էլ Ստեփանակերտում՝ իմ օջախում: Եթե մորթապաշտություն ունենայի կամ իշխանության մոլուցքով տառապեի, նորանշանակ վարչապետ լինելով, արդյո՞ք կգնայի նման ռիսկի, մտածելով, որ մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո, հնարավոր է՝ ավարտվեր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեությունս, ո՞վ գիտի, գուցե և քաղաքական կարիերաս…

Անցած ավելի քան մեկ տասնամյակում դու շարունակաբար հանդես ես եկել ծայրահեղ ընդդիմադիրի դիրքերից՝ սուր քննադատության ենթարկելով ՀՀ բոլոր կառավարությունների ղեկավարներին, որոնց հետ ունեցել եմ ջերմ գործընկերային հարաբերություններ: Այսօր էլ նույնն ես անում: Դրանից երբևէ տուժե՞լ է մեր մտերմությունը: Ի՞նչ ես կարծում, քծնող մարդը կարո՞ղ է լավ ընկեր լինել: Ես համոզված եմ, որ չի կարող, և գիտեմ, որ դու էլ ես այդ արժեհամակարգի կրողը: Եվ հենց դրա համար էլ բարեկամաբար խորհուրդ կտայի հնարավորինս խուսափել այնպիսի հրապարակային հանդիպումներից, որտեղ մտավորականի կերպարդ փորձում են ստորաբար ծառայեցնել ինչ-որ շահերի…

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իմ ղեկավարած քաղաքական ուժը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջին օրերից մինչև հիմա սատարել և սատարում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կասեմ հետևյալը. այդ մասին հրապարակավ խոսելու ժամն էլ կգա: Գիտեմ, որ կգտնվեն մարդիկ՝ այլ ուժերի հովանավորությունից օգտվածները, ովքեր, գուցե, չցանկանան ըմբռնել խոսքս, բայց նրանք, որոնց համար Հայրենիքը վեր է ճղճիմ շահարկումներից, հաշվի կնստեն ճշմարտության՝ գերագույն սկզբունքի հետ:

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031