ԱՄՆ-ը դիտարկում է վերանայել ռազմական անվտանգության ոլորտում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ «տարածաշրջանային համատեքստում, քանի որ Ադրբեջանն այնտեղ գնալով ավելի կարևոր դերակատարություն է ստանում»: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը:
Չորեքշաբթի Վաշինգտոնի Միջազգային մամուլի կենտրոնում ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Քուփերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել գործակցությունը ԱՊՀ և ՆԱՏՕ երկրների միջև, և կաշխատի այդ ուղղությամբ՝ «2020թ. նրանց մերձեցնելու համար»:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս տարի ավելի շատ ժամանակ կծախսի այդ հարցի քննարկման վրա: «Մենք խոսում ենք այն մասին, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններին դրդենք առավել համատեղելի լինել ՆԱՏՕ երկրների հետ»,- ասել է նա:
Ի պատասխան՝ Turan-ի լրագրողը հիշեցրել է ԱՄՆ Կոնգրեսի 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Վաշինգտոնի և Բաքվի ռազմական գործակցությունը: Ի պատասխան՝ Քուփերն ասել է. «Ադրբեջանը գնալով ավելի շատ դերակատարություն է ստանում տարածաշրջանում: Եվ երբ մենք նայում ենք Աֆղանստանում տիրող իրավիճակին, այդ դերը, անկասկած, էական է: Մենք դրան նայում ենք տարածաշրջանային համատեքստի տեսանկյունից՝ հաշվի առնելով Ադրբեջանի աճող դերակատարությունը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ