Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողական հ/կ-ների օրինագիծն օգտակար էր, բայց չէր տալիս ողջ ոլորտի կարգավորումը». «Իմ քայլի» պատգամավոր

Հունվար 16,2020 12:13

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է բարեփոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որը խմբակցությունում «հնացած իրավական գործիք» են որակում: Բարեփոխումներին միտված՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը ներկայացրեց սպասվելիք փոփոխությունների հիմնական հայեցակարգերը, որոնք բխում են նաեւ միջազգային փորձից:

«Հանրապետական ծածկումով մուլտիպլեքսներն ամենաբարդ թեման է այսօրվա քննարկման: Այսօր հանրապետական ծածկույթով վերգետնյա թվային հեռարձակում իրականացնող միակ ենթակառուցվածքը «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն է, որը 100% պետական բաժնեմաս ունի եւ սահմանափակ թողունակությամբ հնարավորություններ՝ այնքան, որքան այս պահին ՀՀ-ում սփռում իրականացնող հեռուստաընկերությունների քանակն է: Թողունակությունը մեծացնելու համար պետք են բյուջետային ներդրումներ, ինչի նպատակահարմարությունն այսօր չի դիտարկվում»,-խնդիրներից նախ այս ոլորտն առանձնացրեց Վահագն Թեւոսյանը:

Նրա խոսքով՝ պետական ցանցի ենթակառուցվածքից օգտվելով՝ այսօր ՀՀ-ում եթեր ունեն 22 հեռուստաալիքներ, որոնցից միայն վեցն ունեն հանրային կամ միջպետական պայմանագրով հեռարձակվող հեռուստածրագրեր. «Մնացածը մասնավոր հեռուստաընկերություններ են, ընդ որում՝ հինգն ունեն հանրապետական սփռում: Այստեղ իրավիճակը, որը կարող է մտահոգություն առաջացնել, վերաբերում է խոսքի ազատության եւ կարծիքի տարածման հետ անմիջապես առնչվող ընկերությունների փաստացի կախվածությանը՝ 100%-ոց պետական ենթակառուցվածքից»:

Վահագն Թեւոսյանը շեշտեց, որ դեռեւս նախորդ տարի մեդիաոլորտի երեք հեղինակավոր եւ բազմափորձ կազմակերպություններ՝ «Երեւանի մամուլի ակումբը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» եւ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնը», ներկայացրել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը, սակայն, ոչ միանշանակ ընդունվեց մեդիահանրույթի կողմից. «Դրանով առաջարկվում էր իրականացնել խիստ արմատական փոփոխություններ, մասնավորապես՝ հանրային հեռարձակման թվային ցանցից դուրս մղելով մասնավոր հեռուստաընկերություններին՝ ստիպել նրանց միասնաբար ստեղծել մասնավոր մուլտիպլեքս: Գաղափարը միտված էր տեխնիկապես անկախ հեռարձակման միջավայրի ստեղծմանը: Գաղափարը, սակայն, նրանցից մեկն էր, որին դեմ գնաց հեռուստաընկերությունների հանրույթը: Հիմնական խնդրահարույց կետը նախաձեռնության իրականացման ֆինանսական կետն էր: Այս բարեփոխումը կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հեռուստաընկերություններ պարզապես կդադարեցնեին գործունեությունը, կամ կտեղափոխվելին մալուխային հեռարձակման տիրույթ: Խոչընդոտ էր նաեւ այն, որ ազնիվ չէր լինի հեռուստաընկերություններին առաջարկել նման կարգավորում՝ անմիջապես լիցենզիաների մրցույթի նախաշեմին»:

Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով նշյալ հանգամանքը եւ հավատարիմ մնալով խոսքի ազատության հնարավոր սահմանափակման գործառույթին չդիմելու փիլիսոփայությանը՝ գոնե այս պահին նպատակ ունեն ձեռնպահ մնալ այդ արմատական փոփոխությունը կատարելուց՝ հետագայում հանգամանալից քննարկելով հանրապետական սփռման մուլտիպլեքսների ստեղծման այդ թվում տեխնիկական հնարավորությունները. «Առնվազն հետեւողականություն այս առումով խոստանում եմ, քանի որ մեդիայի անկախության տեսակետից դա կարեւոր է: Նշյալ երեք հ/կ-ների օրինագիծն, այնուամենայնիվ, օգտակար էր, իսկ առաջարկների եւ գաղափարների մի մասը՝ ընդունելի: Բայց քանի որ նախագիծը չէր ընդգրկում տեսալսողական մեդիածառայությունների ողջ ոլորտի կարգավորումը, այն կօգտագործվի որպես կարեւոր օժանդակ նյութ՝ տեսալսողական մեդիածառայությունների մասին ավելի ընդգրկուն օրենսդրության մշակման ժամանակ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031