Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է վրացական հատուկ նշանակության ջոկատը սպանել 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիին. Jam-news

Հունվար 16,2020 10:45

2017 թ-ի վերջին Վրաստանի Պանկիսիի կիրճում հակաահաբեկչական գործողության ընթացքում 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի սպանության հետաքննությունը Վրաստանում ֆորմալ բնույթ է կրել, գրում է Jam-news-ը:

Այսպիսի եզրահանգման են եկել «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետները, որոնք հնարավորություն են ստացել ծանոթանալու գործի գաղտնի նյութերին։

Թեմիրլան Մաչալիկաշվիլիի սպանությունը Վրաստանում վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկն է։ 19-ամյա կիստինացին (էթնիկ չեչեն) զոհվել է, երբ նրա գլխին է կրակել վրացական հատուկ նշանակության ջոկատի մարտիկը 2017 թ-ի դեկտեմբերի 26-ին անցկացված հակաահաբեկչական գործողության ժամանակ։

Գիտակցության չգալով՝ նա մահացել է 2018 թ-ի հունվարի 10-ին։

Ըստ ականատեսների՝ հատուկջոկատայինները ներխուժել են Մաչալիկաշվիլիի տուն ուշ գիշերը և գնդակահարել Թեմիրլանին իր անկողնում։

Իրավապահների պնդմամբ՝ Թեմիրլան Մաչալիկաշվիլին կապ է պահել ահաբեկիչների հետ, և նրա գլխին արձակած կրակոցն այն պահին է եղել, երբ նա փորձել է պայթեցնել նռնակը։ Զոհվածի ընտանիքը կտրականապես հերքում է ահաբեկիչների հետ կապն ու նռնակի առկայությունը։

Մալխազ Մաչալիկաշվիլին՝ Թեմիրլանի հայրն, ավելի քան երկու տարի պահանջում է իր որդու մահվան հանգամանքների քննություն։ Որպես բողոքի նշան նա խորհրդարանի շենքի մոտ վրան է խփել, որտեղ հաճախ գիշերում է։

Բազմաթիվ հարցեր են կուտակվել նաև օմբուդսմենի և շարքային իրավապաշտպանների մոտ։ Նրանց կարծիքով՝ ուժայիններն այդպես էլ համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել, որ Թեմիրլան Մաչալիկաշվիլին ահաբեկչական խմբավորումների հետ կապ է ունեցել։

Մաչալիկաշվիլիի գործը գաղտնիության կնիքի տակ էր։ «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոնը»՝ թղթապանակի բովանդակությանը ծանոթանալու բոլոր հարցումներին կտրուկ մերժում է ստացել։

Իրավիճակը փոխվել է հունվարի 10-ին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է «Մաչալիկաշվիլին և այլոք ընդդեմ Վրաստանի» գործի քննությունն ու Վրաստանի իշխանություններից պահանջել գաղտնազերծել գործը։

Գլխավոր հարցը հետևյալն է․ արդյոք սպանվածի մոտ նռնա՞կ է եղել, որի պատճառով իբր անվտանգության նկատառումներով հատուկջոկատայինը կրակել է նրա վրա։

«Նռնակը գցել են այն բանից հետո, երբ սպանել են Թեմիրլանին», – ասում է սպանվածի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին։

Ըստ փորձագետների՝ նռնակի առկայության մասին պետանվտանգության ներկայացուցիչների առանց այն էլ թույլ վարկածը քննության առաջին իսկ փուլում անհիմն է համարվել։

Այս եզրակացությունն արվել է ճակատագրական կրակոցն արձակած հատուկջոկատայինի հարցաքննության ձայնագրությունն ուսումնասիրելուց հետո։ Նրա պատմածը լի է անհավանական մանրամասներով, ասում են փորձագետները։

Գործում ընդհանուր առմամբ 32 հատուկջոկատայինի ցուցմունք կա, սակայն գլխավոր հարցերը ոչ միայն անպատասխան են մնացել, դրանք նույնիսկ չեն բարձրացվել, ասում են փորձագետները։

  • Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանը 2019 թ-ի հոկտեմբերի 1-ին սկսել է քննել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործը։
  • Սպանվածի հայր Մալխազ Մաչալիկաշվիլին պահանջում է հետաքննության ժամանակավոր խորհդարանական հանձնաժողով ստեղծել։ Նրա գլխավոր նպատակը որդու բարի համբավը վերականգնելն է, որը մեղադրվել է ահաբեկիչների հետ կապերի մեջ։
  • Պանկիսիի կիրճը Թբիլիսիից 150 և Չեչնիայից 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ 2014 թ-ի մարդահամարի տվյալներով՝ կիրճում 7 հազար մարդ է ապրում, նրանց մեծ մասը կիստինացիներ են՝ չեչեններ, որոնք 19-րդ դարում Չեչնիայից են տեղափոխվել:

2000-ականներին պատերազմի ժամանակ կիրճում ապաստան են գտել հազարավոր չեչեններ, այդ թվում՝ ռազմականացված կազմավորումների մարտիկներ։ Հենց այդ ժամանակ է Պանկիսին առաջին անգամ «վտանգավոր գոտի» հայտարարվել։

  • Սիրիական հակամարտության ժամանակ Պանկիսիի կիրճը կրկին հիշեցրել է իր մասին։ Ըստ տարբեր տվյալների՝ «Իսլամական պետության» շարքերում 40-50 մարտիկ կար Պանկիսիից, այդ թվում՝ Օմար ալ Շիշանին՝ «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031