Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ցմահ կղեկավարի Պուտինը

Հունվար 16,2020 10:00

Երբ հետխորհրդային երկրի ղեկավարը նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ, շատ մեծ է հավանականությունը, որ նա դիմում է այդ քայլին իր իշխանությունը երկարաձգելու համար։ Մեր նման երկրներում չկա պաշտոնավարության ժամկետը լրանալուց հետո արժանապատվորեն հեռանալու մշակույթը: Սովորաբար նրանք ինչ-որ հնարքներ են մոգոնում՝ հավերժ նույն (կամ անվանումը փոխած) «գահին» նստելու համար։ Եվ, հետեւաբար, հետխորհրդային ղեկավարները կա՛մ հեռանում են այս աշխարհից բնական ֆիզիկական գործընթացների հետեւանքով, կա՛մ էլ նրանց ինչ-որ ձեւով քշում են:

Հիմա էլ Պուտինն է որոշել փոփոխություններ մտցնել իր երկրի սահմանադրության մեջ: Հետխորհրդային պետություններում հիմնական եւ ոչ հիմնական օրենքներն առանձնապես իմաստ չունեն, որովհետեւ դրանց կետերը պահպանվում են այնքանով, որքանով ձեռնտու են իշխանավորներին: Դրանց միակ իմաստն այն է, որ լինի իշխանությունը պահելու ինչ-որ օրինական պատրվակ: Այս պարագայում փոփոխությունների իմաստը, կարծես թե, հետեւյալն է. առաջարկվում է, որ Պետական դուման վարչապետի եւ ամբողջ կառավարության ձեւավորման հարցում ունենա ոչ թե խորհրդակցական, այլեւ վճռորոշ ձայն՝ խորհրդարանին տրվում է իրավունք՝ հաստատելու վարչապետին եւ նախարարներին: Այսպիսով, խորհրդարանի դերը բարձրանում է, իսկ նախագահի ազդեցությունը՝ թուլանում:

Պուտինը կարող էր, իհարկե, առանց սահմանադրությունը փոխելու նորից վարչապետ դառնալ՝ իր ուզած նախագահի պարագայում, ինչպես որ դա եղել է 2008-2012 թվականներին, երբ Դմիտրի Մեդվեդեւը Պուտինի մոտ «նախագահ էր աշխատում»: Բայց նույն հնարքը երկրորդ անգամ կիրառելը գուցեեւ ոչ այնքան սրամիտ թվա: Իսկ այս փոփոխությունների դեպքում Պետդուման դարձյալ կլինի «գրպանային» եւ կհաստատի Պուտինին վարչապետի պաշտոնում: Նոր նախագահն էլ, իհարկե, Պուտինի նշանակածը կլինի (որովհետեւ Ռուսաստանում ոչ նախագահի, ոչ էլ խորհրդարանի ընտրություններ, ըստ էության, չեն անցկացվում), բայց ո՞վ գիտի՝ նշանակած մարդիկ նույնպես երբեմն ինքնուրույն խաղեր են տալիս: Իհարկե, չի բացառվում, որ ՌԴ ներկայիս նախագահն ավելի բարդ կոմբինացիաներ է մտածել, բայց մի բան պարզ է՝ Ռուսաստանի փաստացի ղեկավարը ցմահ կլինի Վլադիմիր Պուտինը:

Մնացած խոսակցությունները լիրիկայի ժանրից են: Խոսվում է իշխանության թեւերի ինչ-որ «նոր բալանսի» մասին: Իրականում ոչ մի բալանս չկա եւ չի էլ նախատեսվում. իշխանության բոլոր ճյուղերն արել են եւ կանեն այն, ինչ կհրահանգի Պուտինը: Առավել զավեշտական է Դմիտրի Մեդվեդեւի բացատրությունը, թե ինչու է նա հրաժարական տվել վարչապետի պաշտոնից: Պարզվում է, նա ուզում է հնարավորություն տալ ՌԴ նախագահին՝ «ընդունելու բոլոր անհրաժեշտ որոշումները»: Իբր ինչ-որ մեկը կարող է Պուտինին խանգարել այդ հարցում:

Հետաքրքիր է, ՌԴ նախագահը կհայտարարի՞, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ռուսաստանը կայսրություն է և պետք է կայսր ունենա: Նմանատիպ օրինակ է Բրիտանականը, Չինականը:
    Ե՞րբ մենք կվերադառնանք/կհասնենք դրան:
    Պուտինը Սերժ Սարգսյան չէ, որ ուտի-տռզի ու փախնի պատասխանատվությունից: Պուտինը Սերժ Սարգսյան չէ, որ պետության/ժողովրդի առջեւ իրեն բեռն ու պարտավորությունները գցի իր ուսերից հերթական մի ինչվոր կառավարելի ազգային ժողովրդավար (ժողովրդին վարող) պարպիչի վրա:
    Հայը չէ ստրկամիտ, այլ ժողովրդավարված զանգվածը:

  2. Հ.Շ. says:

    Աշխարհում կան բազմաթիւ երկիրներ, ժողովուրդներ, որոնց համար ժողովրդավարութիւնը համազօր է ինքնափճացման:

    Ես ապրել եմ այդպիսի մի երկրում: Սակայն այժմ շատ բախտաւոր եմ որ կը բնակիմ երկրի մը մէջ (Կանադա) ուր կիրառւում են ժողովրդավարութեան լաւագոյն աստիճանի (կատարեալը, անհնար է) նորմերն ու սկզբունքները:

    Շատ կը ցաւիմ որ, գոնէ ցարդ, եւ տեսանելի ապագային, Հայաստանն ու իր բնակչութիւնը մաս կը կազմեն վերոնշեալ առաջին կարգի երկիրներուն եւ ժողովուրդներուն:

    Իսկ եթէ շանս մը կայ որ մի օր միանան երկրորդ դասակարգին, դա վստահաբար չի կատարուելու անհամբերութեամբ, հապճեպութեամբ, կարճ արահետներով, կրճատուած ուղիներով: Այդպիսի փորձեր, միայն կը դանդաղեցնեն ցանկալի հոլովոյթը:

    https://www.facebook.com/Blog-H-368796210632940
    https://haytougchamlian.blog/

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հոդվածը ես կվերնագրեի այսպես․
    «Պուտինին թվում է, թե իրեն կհաջողվի ցմահ կառավարել Ռուսաստանը»
    Ուրբաթ-շաբաթի պահմտոցին կախված չէ երկրի չափերից կամ էլ երկրի ղեկավարի երեսի պնդությունից․․․

  4. Լավատես says:

    Նախորդ դարասկզբին մակաբույծներին հաջողվեց կռիվ հրահրել հզոր կայսրությունների միջեւ եւ արդյունքում ոչնչացնել այդ կայսրությունները, հիմա էլ են փորձում նույն ոճով կայսերական ազգերին հրահրել իրար դեմ ու բաժանել ու ենթարկեցնել նրանց իրենց՝ այդ մակաբույծներին՝ միջազգային փողի տերերին: Մենք էլ լինելով կայսերական ազգ պետք է մասնակցենք մեր ուժերի չափով կայսերական ազգերի միավորմանն ու ուժեղացմանը եւ թույլ չտանք նրանց միջեւ հակամարտության: Կայսրությունների փլուզումը միշտ բերել է անպետական ժողովուրդների դժբախտութուններին: Պետությունը ժողովրդի ապահովության գրավականն է, իսկ կայսրությունը՝ վերպետական կառույց է, որն ընդունակ է պատերազմ հայտարարել վերպետական մակաբույծ կայսրությանը, ոչ մի պետություն ընդունակ չէ կռվել ու հաղթել ցանկացած կայսրությանը, այդ թվում նաեւ մակաբույծների կայսրությանը, վերջիններս լավ կազմակերպված են, հավաքվել են բոլոր քոչվոր ցեղերով մի գլուխ ու տեղաբնիկների պետությունների գլխին տալիս, որ մտքներով չանցնի այդ պետությունները միավորվեն ու կայսրություններ կազմեն: Հայք կայսրությունը պարզապես ցանկություն չէ, այն մեր հայ ու շատ այլ տեղաբնիկ ժողովուրդների անվտանգ գոյության ու զարգացման միակ վերպետական կառույցն է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031