Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սքեմով զինվորը

Հունվար 16,2020 12:30

Հայոց եկեղեցին ու ազգային բանակը պատմության ողջ ընթացքում մեկ միասնականություն են եղել ու կան: Թե՛ պատերազմական եւ թե՛ խաղաղ պայմաններում հայ եկեղեցու սպասավորները` մի ձեռքում` զենք, մյուսում՝ խաչ, կանգնել են զինվորի կողքին եւ հավասարը հավասարին պաշտպանել հայրենիքն ու նրա սահմանները: ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության ստեղծումից ի վեր հոգեւորականները ծառայում են նաեւ զորամասերում եւ մարտական դիրքերում: Ծառայողական առօրյայից բացի, զինված ուժերում հոգեւոր սպասավորների նախաձեռնությամբ եւ հրամանատարական կազմի աջակցությամբ արդեն պարբերական բնույթ են կրում մկրտությունները:

Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցում զինվորականների մկրտությունը պարբերական կատարվող արարողություն է դարձել, օրերս էլ տեղի ունեցավ N զորամասի զինծառայողների մկրտության հերթական արարողությունը: Այս առիթը ունենալով՝ եկեղեցի-բանակ կենսական կապի, ծառայության դժվարությունների, զինվորների մկրտության եւ մի շարք այլ թեմաների մասին զրուցել եմ N զորամասի գնդերեց Սիմոն սարկավագ Իգիթյանի հետ: Նա 2007 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան, 2011 թվականին ձեռնադրվել է սարկավագ:

Ավարտելով ուսումը՝ 2014 թվականից հոգեւոր ծառայության է նշանակվել ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունում՝ որպես գնդերեց: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվել է ՀՀ Զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով: Ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից է:

Ծառայության առաջին օրերին Սիմոն սարկավագին զինվորական առօրյան թվացել է միապաղաղ, սակայն զինծառայողների հետ ամենօրյա շփումը միջավայրը դարձրել է յուրահատուկ. «Յուրաքանչյուր զինծառայող, ինչպես եւ Աստծու յուրաքանչյուր արարած բացառիկ եւ յուրահատուկ դեր ու նշանակություն ունի ինչպես հասարակության մեջ, այնպես էլ զորամասերում: Օրվա բազմազանությունն ապահովում են հենց իրենք՝ զինծառայողները՝ իրենց բազմաթիվ հարցերով, խնդիրներով ու առաջարկություններով»:

Հարցին, թե ինչպե՞ս են զինվորները ընդունում «սեւ հագուստով զինվորին», պատասխանում է. «Բանակում ամեն ինչ միանման է՝ հագուստից սկսած՝ վերջացրած առօրյայով։ Երբ այդ միօրինակությունից դուրս մարդ է հայտնվում, ակամայից իրեն օտար է զգում: Երբ ես զինված ուժերում անցա ծառայության, նշանակվեցի մի այնպիսի զորամասում, որտեղ ինձնից առաջ ծառայություն իրականացնող գնդերեց երբեւէ չէր եղել: Զորամասի անձնակազմի մեծ մասը մի փոքր տարօրինակ հայացքով էր նայում ինձ, սակայն շատ կարճ ժամանակ անց մենք մտերմացանք եւ երբ արդեն զորացրվող զինծառայողներին էինք ճանապարհում, ակամայից փոխադարձաբար հուզվում էինք: Բանակում  հոգեւորի կարիքը այնքան մեծ է, որ զինծառայողները ինքնաբերաբար մոտենում են հոգեւորականին, եւ մեկ-երկու շփումից հետո զինծառայողների եւ հոգեւորականի միջեւ առաջանում է մտերմություն, որ միավորում է զինվորական համազգեստը եւ հոգեւորականի սքեմը»:

Եկեղեցի-բանակ կապի մասին խոսելիս հիշում է պատմական անցքերը՝ մեր օրերի հետ համեմատություն եզրագծելով: «Մեր ողջ պատմության ընթացքին հայ հոգեւորականը եղել է հայ զինվորի ու զորականի կողքին: Նույն ավանդույթը շարունակվում է նաեւ մեր օրերում: Յուրաքանչյուր ոք կարիք ունի հոգեւոր կյանքի եւ խնամքի, զինծառայողներն առավելաբար կարիք ունեն իրենց հոգեւոր կյանքը կազմակերպելու, իսկ այդ գործում առանցքային նշանակություն ունեն իրենց կողքին ծառայող եւ իրենց խնդիրներով ապրող զորամասերի գնդերեցները»: Ըստ Սիմոն սարկավագի՝ գնդերեցի առաջնային խնդիրը փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելն ու զինվորին ապրումակցելն է։ «Եթե այս երկու խնդիրները լուծվում են, մնացած հարցերը դառնում են երկրորդային, որովհետեւ զորամասերում բոլորս ծառայում ենք մեր հայրենիքի ու սրբությունների պահպանության համար: Այդ գաղափարի գիտակցումը բոլորիս դարձնում է մի կուռ ընտանիք»,- ասում է նա:

Մարտական միջավայրում հոգեւորի ընկալման ու մեկնաբանման մասին խոսելիս գնդերեցը մատնանշում է զինվորների գիտակցությունը եւ հասուն մոտեցումը հոգեւորին, ինչն առավելապես ձեւավորվում է դժվարության հանդիպելիս: «Ծառայության 2 տարիները հանդիսանում են հոգեւոր առավել բարձր աստիճանի եւ աշխարհընկալման ձեւավորմանը խթանող հանգամանք ամեն մի զինվորի կյանքում: Ծառայության տարիների ընթացքում զինվորը հասկանում եւ գիտակցում է, որ չի կարող հաղթահարել բոլոր փորձություններն առանց Աստծու ներգործուն ներկայության»:

ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության հիմնումից հետո նկատելիորեն զինվորականների մկրտությունը մեծ մասշտաբներ է ընդունում: Ինչպե՞ս են մոտենում զինվորները մկրտությանը: Լինո՞ւմ են դեպքեր, երբ հենց զինվորներն են նախաձեռնում եւ դիմում մկրտության համար:

«Գիտակցելով մկրտության խորհուրդը եւ կարեւորությունը՝ զինվորները հիմնականում իրենք են նախաձեռնում եւ առաջարկում մկրտությունը: Կողքի աչքի համար փոփոխությունները չեն կարող աննկատ մնալ: Մկրտությունից հետո զինվորները սովորաբար ավելի պատասխանատու մոտեցում են դրսեւորում քրիստոնեական կենցաղավարությանը: Բացի այդ, զորամասերում ձեւավորվում է քավոր-սանիկ մտերիմ փոխհարաբերություններ, քանի որ զինվորները հիմնականում որպես կնքահայր ընտրում են իրենց ծառայակից ընկերներին»,-ասում է մեր զրուցակիցը: Սիմոն սարկավագ Իգիթյանը լիահույս է, որ այս ամենը՝ որպես ավանդույթ, կշարունակվի զինվորական ծառայության ընթացքում: «Հուսալից եմ՝  Քրիստոսի խոսքը մեր միջոցով եւ Աստծու ներգործուն մասնակցությամբ մշտանորոգ բնակություն կհաստատի մեր հայրենյաց պաշտպանների մեջ»:

Զարա ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031