Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցների դեմ գործով բողոքաբերը չի նշել, թե պատասխանողի ո՞ր ապացույցը չհետազոտելն է ազդել գործի ելքի վրա»

Հունվար 16,2020 13:30
mamul

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով 2016 թվականի հուլիսի 21-ին ընդդեմ «Առավոտի», բուհի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանի եւ «Հրապարակի» հայցապահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու նախկին պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Դատարանում վիճարկվում էր 2016թ. հունիսի 15-ին «Առավոտ» օրաթերթում տպագրված բուհի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանի՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով բաց նամակը: Հայցվորները բաց նամակի մեջ վիրավորական եւ զրպարտչական էին համարել Ն. Սարգսյանի մի շարք արտահայտություններ: Միայն անցյալ տարի երեք հայցվորները հրաժարվեցին հայցապահանջից: Դատավոր Էդիկ Ավետիսյանը անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին հրապարակեց վճիռը, որով բավարարել է դասախոս, ամբիոնի վարիչ Լյուբա Մեհրաբյանի հայցապահանջը:

Վճռով պարտավորեցվել է «Առավոտ» օրաթերթին հրապարակել հերքում:

Վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Նորիկ Սարգսյանը, որի բողոքի դեմ 7 էջանոց պատասխան է այս տարվա հունվարի 10-ին ուղարկել նաեւ ՀՊՏՀ դասախոս Լյուբա Մեհրաբյանը:

Նշեմ, որ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին:

Ըստ Լ.Մեհրաբյանի, վերաքննիչ բողոքն անհիմն է եւ ենթակա մերժման:

«Բողոքաբերը, որպես գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստեր, նշել է, թե դատարանը բաց է թողել ապացույցների հետազոտման փուլը, վճռով չի անդրադարձել պատասխանողի ներկայացրած ապացույցներին, դատարանը մերժել է հայցվորի տիրապետության տակ գտնվող ապացույցներ պահանջելու բոլոր միջնորդությունները»:

Լ.Մեհրաբյանի պատասխանի համաձայն. «Գործում գտնվող բոլոր ապացույցները կողմերին ոչ միայն հայտնի են եղել, այլեւ կողմերը դրանք ունեցել են պատճենների տեսքով, եւ ծանոթ են եղել դրանց: Եթե պատասխանողի ներկայացուցիչը ցանկանում էր, որ ապացույցները մանրակրկիտ հրապարակվեն, ապա կարող էր այդ մասին բարձրաձայնել եւ հայտարարությամբ հանդես գալ, ցանկություն հայտնել, որպեսզի այս կամ այն ապացույցի բովանդակությունը հրապարակվի: Նման պահանջ չի հնչել եւ դատարանը հրապարակված է համարել գործում գտնվող եւ կողմերին հայտնի ապացույցները»:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պատասխանողի ներկայացուցչի կողմից ապացույցները ներկայացվել են ոչ թե նախնական դատական վեց նիստերի ժամանակ, այլ գործը դատաքննության նշանակվելուց մեկ տարի հետո. «Չի պատճառաբանվել, թե ինչու գործի քննության նախնական փուլում չեն ներկայացվել այդ ապացույցները»:

Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում է, որ Ն. Սարգսյանի ներկայացուցիչը միջնորդությունը ներկայացնելիս, խնդրել է դատարանին դատաքննությունից վերադառնալ նախնական դատական փուլ եւ ապացույցներ պահանջել, մինչդեռ նման դատավարական կարգ սահմանված չէ օրենքով:

Ինչ վերաբերում էր «Առավոտի» նամակագրի այն պնդմանը, թե դատարանը առանց ապացույցները հետազոտելու գնացել է վճիռ կայացնելու, ինչն ազդել է գործի ելքի վրա, Լ.Մեհրաբյանն արձագանքել է այսպես. «Բողոքաբերը չի նշել, թե պատասխանողի ո՞ր ապացույցը չհետազոտելն է ազդել գործի ելքի վրա, թե պատասխանողի կողմից ներկայացված ո՞ր ապացույցը հետազոտելու արդյունքում դատարանը կարող էր այլ եզրահանգման գալ, օրենքի պահպանմամբ կոնկրետ ի՞նչ ապացույցներ է ներկայացրել պատասխանողը, որոնք դատարանը չի գնահատել եւ արդյունքում սխալ եզրահանգման եկել»:

Ն. Սարգսյանը նշել էր, որ «Առավոտ» օրաթերթը չի կարող ենթարկվել պատասխանատվության եւ որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը սխալ էր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի դրույթները:

Այս կապակցությամբ, Լ. Մեհրաբյանը պատասխանել է, որ «Առավոտ» օրաթերթի պատասխանատվության մասին խոսք չկա, այլ կա հայցվորի կողմից դատարանին ներկայացված խնդրանք՝ պարտավորեցնելու «Առավոտ» օրաթերթին, հերքում տպագրելու, ինչը իրավաբանական պատասխանատվության տեսակ չէ.

«Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նույն լրատվամիջոցով էլ պետք է հրապարակվի հերքումը հեղինակի՝ Ն.Սարգսյանի անունից»:

Ն. Սարգսյանի բողոքում նշվել էր, որ առաջին ատյանի դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն, թե հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունները «գնահատող դատողություն են, թե ոչ»:

Այս կապակցությամբ հայցվոր կողմը նշում է. «Դատարանն անդրադարձել է արտահայտությունները զրպարտություն գնահատելու չափանիշներին, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ: Արդյունքում գտնելով, որ Ն. Սարգսյանի հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունները գնահատողական արտահայտություններ չեն, այլ զրպարտչական բնույթի դատողություններ են, որոնք նպատակ են հետապնդել արատավորել հայցվորի պատիվն ու արժանապատվությունը»: Ավելին, ըստ նրա, Ն. Սարգսյանը չի ապացուցել իր իսկ կողմից վկայակոչած այն փաստը, որ հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունները հանդիսանում են գնահատող արտահայտություն, եւ եզրակացնում է. «չէր էլ կարող ապացուցել, քանի որ այդ արտահայտությունները զրպարտչական են»:

«Առավոտում» տպագրված նամակում նամակագիր դասախոսը՝ Ն. Սարգսյանը գրել էր. «Ն. Սարգսյանի կողմից Լյուբա Մեհրաբյանին ուղղված տարբեր նամակներով եւ բողոքներով բարձրացվել են իր կարծիքով տեղի ունեցող ապօրինությունները վերացնելու հարցերը, որոնք մնացել են անպատասխան»:

Լ. Մեհրաբյանը «մերկապարանոց է» համարում այս հայտարարությունը, քանի որ. «Նախ՝ տրամաբանական չէ, որ ամբիոնի վարիչի դեմ բողոքը եւ նամակը գրի նրան, այլ ոչ թե վերադասին, եւ որ ամենակարեւորն է՝ Ն.Սարգսյանի այդ հայտարարությունն ակնհայտ սուտ է, քանի որ նա չի կարող ապացուցել որեւէ նամակի եւ բողոքի փաստ՝ դրանք իրականության մեջ չլինելու պատճառով»:

Նամակագիրը գրել էր, որ Լ. Մեհրաբյանի կողմից դասատախտակով նույն օրը նույն ժամին դաս է ունեցել Ն. Սարգսյանը Եղեգնաձորում եւ Երեւանում, ինչպես ամբիոնները վերակազմակերպել եւ ինչ վերլուծության արդյունքում է նա համարվել ոչ լեգիտիմ: Այս հարցն էլ չի մնացել անպատասխան. Լ.Մեհրաբյանը հայտնել է, որ կրթական գործող կարգի համաձայն, դասատախտակները կազմում են բուհի ֆակուլտետների դեկանի տեղակալները՝ դասախոսի ներկայացրած ազատ ժամերի շրջանակում: Ամբիոնի վարիչը դասատախտակ կազմելու գործառույթ չունի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031