Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանի ամբողջ կերպարի մեջ որեւէ քաղաքական տարր չենք տեսնում»

Հունվար 16,2020 14:30

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի, այդ ոճի պաշտոնազրկումից հետո Վանեցյանի հեղինակությունը հավասարվեց զրոյի, իսկ ԱԱԾ բացահայտումներից հետո զարգացումներ այդ գործերով չեղան Վանեցյանի մասնակցությամբ, ինչու ոչ՝ մեղավորությամբ:

Վերջին օրերին բուռն շրջանառվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ քաղաքական դաշտ մտնելու լուրը: «Իմ քայլի» պատգամավորներն ասում են, որ չեն մտահոգվում, թող գա, բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը, «Վանեցյանի ամբողջ կերպարի մեջ որեւէ քաղաքական տարր չենք տեսնում»:

Ըստ տիկին Ջուլհակյանի, այդ լուրերը հենց ինքը եւ իր շրջապատն է տարածում՝ փորձելով գոնե քաղաքական մթնոլորտ ստեղծել նրա անձի շուրջ:

Այն, որ Վանեցյանը բարձր վարկանիշ ունի ու դրանով հավակնում է քաղաքական դաշտում ընդդիմադիր թեւի լիդերներից լինել, Արուսյակ Ջուլհակյանը չի ընդունում. «Պետք է հիշեցնեմ, որ ԱԱԾ ղեկավարը որեւէ պարագայում չի կարող լինել քաղաքական գործիչ եւ խոսել այն մասին, որ նա քաղաքական ասպարեզում ամենաբարձր վարկանիշ ունեցող անձանցից մեկն էր, պետք է խոստովանենք, որ փաստորեն հակասել է իր գործունեությունը իր զբաղեցրած պաշտոնով նախատեսված սկզբունքներին: Այն, որ որոշ շրջանում գուցե նրա անձի շուրջ կար որոշակի ակտիվություն, դա պայմանավորված էր բացառապես հետհեղափոխական շրջանում որոշ բացահայտումներով, որոնք ինչ-որ պահից սկսած, եթե հիշում եք, այսպես ասած ստագնացիայի վիճակում հայտնվեցին ու ուղղակի զարգացումներ էդ գործերով չեղան, նաեւ, կարծում եմ, ենթադրում եմ, որ պարոն Վանեցյանի մասնակցությամբ, ինչու ոչ՝ մեղավորությամբ: Եթե նույնիսկ նրա նկատմամբ եղել է համակրանք, կապվում է բացառապես այն փաստով, որ հետհեղափոխական անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում եղել են ինչ-որ բացահայտումներ եւ քաղաքացիների էյֆորիկ, բուռն արձագանքները, որոնք տասնյակ տարիներ շարունակ ականատես են եղել թալանի, հսկայական կոռուպցիոն մեխանիզմների, որի միայն այսբերգի վերեւի հատվածն է եղել տեսանելի: Մի քանի բացահայտումներ վկայեցին այն մասին, որ մենք իսկապես գործ ունենք  գողապետության, ավազակապետության հետ եւ կոռուպցիոն մեխանիզմներն աննկարագրելի խորության են եղել: Զուտ դրանով է պայմանավորվում, որ քաղաքացիները գուցե սկզբնական շրջանում ունեցել են նրա նկատմամբ լավ վերաբերմունք՝ համարելով, որ այս անձը բացահայտում է այն ամենը, ինչի մասին մենք իմացել ու չենք իմացել, կամ կասկածել ենք, հույս կար, որ արդարությունը կվերականգնվի: Բայց դա կարճ տեւեց եւ կարճ ժամանակ անց բացահայտումների գործընթացն ուղղակի կանգ առավ, նույնիսկ մեղադրանքներ էին հնչում, որ ա՜յ, էսքան ժամանակ խոսում էին, որ թալանել են, թալանել են, բա ուր են բացահայտումները: Մենք տեսանք, թե նրա պաշտոնազրկվելուց հետո որքան արագ սկսեցին հերթական բացահայտումների շթաներն ինչ արագությամբ սկսեցին հրամցվել հանրությանը: Այդտեղից մենք կարող ենք ողջամիտ կասկած ունենալ, որ, փաստորեն, խանգարող հանգամանքներ են եղել էդ բացահայտումներին: Նաեւ հեղինակությունը, եթե ինչ-որ պահին բարձր է եղել, նույն արագությամբ էլ պաշտոնազրկումից հետո եւ մանավանդ այն ոճի պաշտոնազրկումից, որով որ պարոն Վանեցյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին, շատ արագ այդ հեղինակությունը հավասարվեց զրոյի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, հեղափոխությունից հետո Վանեցյանը լծվել է բացահայտումների գործին, հետո ինչ-որ պահի համագործակցել է այսպես ասած «հակահեղափոխական» շրջանակների հետ ու գործարքի մե՞ջ մտել՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման պնդումներ անել, նույնիսկ ենթադրություն անել, որ գործարքի է գնացել, համենայնդեպս սկզբնական շրջանում պարոն Վանեցյանը ստեղծել էր պատրանք, որ կան բացահայտումներ: Հետո այդ բացահայտումները, ինչպես հիշում ենք, դադարեցին, թե ինչի արդյունք էր դա, թողնում եմ յուրաքանչյուրիս ենթադրությանը… Փաստերը, իմ կարծիքով, խոսուն են»:

Վանեցյանն իր վերջին հարցազրույցներում, հայտարարություններում ասում է, որ կխոսեմ, կխոսեմ… Հարցին՝ ըստ ձեզ, նա ի՞նչ ասելիք ունի, ի՞նչ կարեւոր բան պիտի ասի, որ այսպես սպառնում է՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Մարդը, որն ունի ասելիք, խոսում է: Եվ եթե անցնում են ամիսներ եւ ոչինչ դեռ չի ասվել, գուցե ընդամենը փորձ է տեղեկատվական դաշտում մնալու ինչ-ինչ պատճառներով: Եթե ունենար ասելիք, պետք էր արդեն իր ասելիքը ասած լիներ»:

Դիտարկմանը, որ Վանեցյանը մեծ ինֆորմացիայի է տիրապետում եւ հնարավոր է, որ խոսքը Փաշինյանի, նրա ընտանիիք մասին շատ կարեւոր, ոչ ցանկալի տեղեկատվության մասին լինի, տիկին Ջուլհակյանն արձագանքեց. «Կարծում եմ, ԱԱԾ պետը շատ լավ տեղյակ է, որ նա չունի իրավունք բացահայտելու այնպիսի տեղեկություններ, որոնք օրենքով համարվում են գաղտնի, նա իրավունք չունի բացահայտել, իսկ այն տեղեկությունները, որոնք գաղտնի չեն եւ նա կարող է բացահայտել, հորդորում եմ օր առաջ բացահայտել: Ես ոչ միայն վստահ եմ, այլ նաեւ վստահեցնում եմ, որ որեւէ թաքցնելու բան չկա եւ արդեն զավեշտալի են դառնում նման սպառնալիքները, որ հեսա ուր որ է բացահայտումներ են լինելու: Թող լինեն, որեւէ վախենալու բան չունենք, վստահ եմ, վարչապետը եւ իր ընտանիքը նույնպես չունեն»:

Պաշտոնանկությունից հետո Վանեցյանի հետագա վարքը հաշվի առնելով՝ ունի՞, այնուամենայնիվ, նա սպայի պատիվ, թե՞ չունի՝ Ջուլհակյանն ասաց. «Պատիվ ունենալ-չունենալու գնահատականը տալիս է քաղաքացին՝ իր վերաբերմունքով: Եթե մի բան անընդհատ հայտարարում ես, չի նշանակում, որ ունես կամ չունես: Եթե ասում է, որ ունի, շատ լավ է, շնորհավորում եմ իրեն, համենայնդեպս, ամեն հայտարարություն ու ամեն խոսք չէ, որ հալած յուղի տեղ է ընդունվում քաղաքացիների կողմից: Քաղաքացին կգնահատի՝ սպայի պատիվ կա՞ր, թե՞ չկար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031