Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալի սպանությունը, Երեւանի արձագանքն ու անհանգիստ տարածաշրջանը

Հունվար 16,2020 12:00

Մեր տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելը՝ թիվ մեկ խնդիր

Հայաստանի բարեկամ, հարեւան երկրի՝ Իրանի շուրջ զարգացումները տարեվերջից աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի վերջին, երբ ավելի քան 30 հրթիռ արձակվեցին Քիրկուկի մերձակայքում գտնվող իրաքյան ռազմաբազայի ուղղությամբ, զոհեր արձանագրվեցին: Դեկտեմբերի 29-ին տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ-ը ռմբակոծել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը, որոնց իրենք պատասխանատու են համարում հարձակման համար՝ Իրաքում եւ Սիրիայում: Դեկտեմբերի 31-ին Բաղդադում խմբավորման կողմնակիցները երթ էին կազմակերպել դեպի ԱՄՆ դեսպանատուն եւ խաթարել էին դրա աշխատանքը:

Այս իրադարձություններին հետեւեց ԱՄՆ-ի նախագահի հրամանը, որով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Հայտնի դարձավ, որ հունվարի 3-ի առավոտյան Բաղդադի օդանավակայանի մոտակայքում իրանցի գեներալ Սոլեյմանիի եւ Հեզբոլլահի մի քանի բարձրաստիճան հրամանատարների մեքենաներ օդից հարձակման էին ենթարկվել:

Սոլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Կուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացրել Իրանի սահմաններից դուրս եւ ենթարկվում էր անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին: 62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե հենց նա է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, որն էլ ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում:

Հաստատելով ազդեցիկ գեներալի սպանության լուրը՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ռամեզան Շարիֆը պատասխանել է՝ այդ քայլն անպատասխան չի մնա. «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի եւ շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը եւ իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնի»:

Ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը իրականացավ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին. Դեկտեմբերի 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը դրա համար մեղադրեց Թեհրանին: «Բաղդադում իրականացած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները»,- նշում էին Պենտագոնից՝ մանրամասնելով, թե «գեներալ Սոլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետների եւ զինվորականների դեմ Իրաքում եւ ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:

Մոսկվան համարում էր, որ Սոլեյմանիի սպանությունն անխոհեմ քայլ էր, եւ որ տարածաշրջանում լարվածությունը խորացնելուց եւ միլիոնավոր մարդկանց վնասելուց բացի, այն որեւէ այլ արդյունքի չի հանգեցնի: Նշյալ իրադարձություններից հետո փորձագետները միանշանակ արձանագրում էին, որ «արթնացել ենք ավելի վտանգավոր աշխարհում», եւ որ ողբերգական զարգացումները կարող են էլ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արեւելքում:

Նկատենք, որ ամերիկյան օդուժի հարվածներից անմիջապես հետո նավթի գները համաշխարհային շուկայում աճեցին: Իրանցի գեներալի սպանությունից հետո փոխվեց իրավիճակը ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում: Իրաքի խորհրդարանը կողմ քվեարկեց երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի:

ԱՄՆ նախագահ Թրամփը գեներալի սպանությունից հետո Թվիթերում ԱՄՆ դրոշ հրապարակելով՝ ավելի ուշ գրեց, թե գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությանն ի պատասխան՝ Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների վրա. «Այդ թիրախների եւ Իրանի վրա հարձակումները կլինեն շատ հզոր եւ արագ: ԱՄՆ-ը այլեւս չի ցանկանում սպառնալիքներ»:

Իրանն էլ ի հերթին պատասխան քայլի դիմեց: Թեհրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները աշխարհի 6 գերտերությունների հետ 2015թ. կնքված միջուկային պայմանագրի հետ կապված, միեւնույն ժամանակ շարունակելով համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: Պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ դադարում է պահպանել ուրանի հարստացման սահմանափակումները, որոնք նախատեսված են 2015թ. համաձայնագրում, չեն պահպանի սահմանափակումները, որոնք կապված են այս ոլորտում կատարվող գիտական աշխատանքների հետ: Այսպիսով՝ Իրանը գրեթե հրաժարվեց կատարել 2015թ. միջուկային գործարքի պայմանները:

Պաշտոնական Երեւանի արձագանքը՝ Իրանի շուրջ զարգացումներում, պարզ է, որ նուրբ մոտեցում էր ենթադրում: Բարդ մթնոլորտում ոչ հակաամերիկյան, ոչ հակաիրանյան տիրույթում մնալը, թերեւս, ամենաճիշտ տարբերակն է Հայաստանի համար: Մի կողմից Հայաստանի բարեկամ Իրանն է՝ տարիներ շարունակ իր հավասարակշռված դիրքորոշմամբ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, մշտապես ռազմական գործողությունների դեմ հանդես եկող հարեւանը: Հայաստանը ամերիկյան կոշտ քաղաքականությունը Իրանի հանդեպ հստակ է, որ չի կարող ողջունել: Ավելին՝ Հայաստանից ակնկալել քայլեր՝ ընդդեմ Իրանի, նույնպես անընդունելի կլինեն:

Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի գործընկեր պետությունն է, որը Հայաստանի անկախության տարիներից ի վեր ամենախոշոր դոնոր պետությունն է, երկու միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, եւ ոչ միայն, նաեւ՝ Արցախին, լինելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն:

Պաշտոնական Երեւանը գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո արձագանքեց իրավիճակին: Հունվարի 3-ին մերձավորարեւելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապվածությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցել էին նաեւ տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները: ՀՀ ԱԳՆ-ն ավելի ուշ մտահոգություն հայտնեց Բաղդադում տեղի ունեցած զարգացումների առիթով: ԱԳՆ-ն խորապես մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել էին նաեւ մարդկային զոհերի, նշվում էր ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը եւ ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»,- նշվել էր հաղորդագրության մեջ: Այնուհետեւ, հունվարի 4-ին ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը ՊՆ-ում հրավիրեց խորհրդակցություն, որտեղ քննարկել էր մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այդ ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Ավելի ուշ, Ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան համացանցում հնչող քննադատություններին, նկատեց. «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»: Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջավադ Զարիֆի միջեւ: Նրանք քննարկել էին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետեւանքով մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն էր հայտնել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: Նա կարեւորել էր հետագա լարվածության կանխումը եւ խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ուղղությամբ:

Ավելի ուշ՝ հունվարի 5-ին, Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան լանջից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք լարվածություն են առաջացրել մեր տարածաշրջանում։ «Մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում ենք Արտանիշի գագաթը, եւ օրվա իմաստը հաշվի առնելով՝ սա իմ եւ մեր խաղաղության ուղերձն է մեր տարածաշրջանին։ Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Եվ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը եւ ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ», – հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, եւ այս իրավիճակում, իհարկե, մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաեւ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձը այն է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում»։ Նա հավելել էր, որ առաջին իսկ պահից տրվել են բոլոր հանձնարարականները Հայաստանի համապատասխան կառույցներին՝ «իրավիճակին հետեւել ուշի-ուշով եւ մեր մատը պահել զարկերակին». «Անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, աշխատանքները արվում են։ Այդ աշխատանքը նաեւ տարբեր նրբություններ է պարունակում, եւ չեմ կարծում, թե պիտի բոլոր մանրամասներով ներկայացնենք»։ Ուղերձի վերջում նշել էր. «Ես ցանկացա այս քայլարշավի վերնագիրը նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում եւ, իհարկե, Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»։

Կարծել, թե Հայաստանը որեւէ կերպ կարող է ազդեցություն ունենալ իրանա-ամերիկյան հարաբերությունների վրա, իհարկե, չափազանցություն կլիներ: Հայաստանին մնում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը հավատարիմ մնալու ուղղությամբ քաղաքականություն ի ցույց դնելով՝ ակտիվորեն աշխատել գործընկերներ պետությունների հետ: Մեր տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելը իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից համացանցային կեղծ տեղեկությունների տարածման մշտական հակվածությունը եւ ընդդեմ Հայաստանի հստակ եւ ընդգծված քարոզչական աշխատանքները:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի կարգադրությամբ ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվեց Քասեմ Սոլեյմանին, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացավ, որ «Իրանը եւ տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն ԱՄՆ-ից»։ Տասնյակ հազարավոր իրանցիներ լցվել էին Թեհրանի փողոցները, վանկարկում էին՝ «Մա՛հ Ամերիկային»: Գեներալի սգո արարողակարգը վարում էր անձամբ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Սգավորներին դիմել էր Սոլեյմանիի դուստրը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ի պատասխան միջուկային գործարքի շրջանակներում վերջին սահմանափակումից հրաժարվելու Իրանի քայլին, արձանագրեց, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա. «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում դեմոկրատները մեղադրեցին ԱՄՆ նախագահին՝ առանց օրենսդիրների պաշտոնական հավանությունը ստանալու Սոլեյմանիին ոչնչացնելու վերաբերյալ հրաման տալու համար՝ պահանջելով օպերացիայի վերաբերյալ տվյալներ տրամադրել։ Այնուհետեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնեց, որ օրենսդիրները կկազմեն եւ քվեարկության կդնեն բանաձեւ, որով կսահմանափակվի Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները: «Բանաձեւը կվերահաստատի այն, որ Կոնգրեսի կողմից հավանություն չստանալու դեպքում նախագահի վարչակազմը չի ունենա 30 օրից ավելի ռազմական գործողություն վարելու իրավունք»,-նշել էր Ներկայացուցիչների տան խոսնակը:

Շարունակությունը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031