Եվրախորհրդարանն այսօր ընդունել է բանաձև, որով սատարում է Արևելյան գործընկերության երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և այդ երկրներում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Ընդունված բանաձևի տեքստն առայժմ Եվրախորհրդարանի կայքում տեղադրված չէ, բայց հասանելի է զեկույցի նախնական տարբերակը, որը հրապարակվել էր դեռ դեկտեմբերին:
Տեքստում, մասնավորապես, նշվում է, որ ԵՄ-ը վերահաստատում է իր հանձնառությունը սատարելու Ուկրաինայի և Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ համաձայն միջազգային իրավունքի, նորմերի և սկզբունքների՝ ավելացնելու համար աջակցությունը հակամարտությունների ազդեցությունը կրող, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականներին և կանխելու երրորդ երկրների, մասնավորապես Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձերը: Բացի այդ, բանաձևի տեքստում նշվում է, որ ԵՄ-ը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը հակամարտությունների լուծման ճանապարհին և վերահաստատում իր այն տեսությունը, որ ԱլԳ բոլոր երկրներում հակամարտությունները պետք է լուծվել միջազգային իրավական նորմերին և սկզբունքներին համապատասխան: ԵՄ-ը նաև ընդգծում է միջազգային իրավունքի վրա հիմնված պրոակտիվ դիրքորոշման կարևորությունը՝ Արևելյան հարևանության երկրների ձգձգվող հակամարտություններում:
Բանաձևի տեքստում նշվում է, որ ԵՄ-ը դատապարտում է վրացական տարածքներ Աբխազիայի և Ցխինվալի շրջանի շարունակվող ռազմականացումը և կոչ է անում Ռուսաստանին կատարել միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները: Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի անունը Արևելյան գործընկերության երկրների մեջ առանձնացված չէ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ