ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը քննադատում է մարզային որոշ ծննդատների փակումը:
Թեեւ, երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձեց բոլոր մտահոգություններին եւ հարցերին պատասխան տալ, պատգամավորն էլ ծանոթ է նախարարի հիմնավորումներին, բայց դրանք նրա համար համոզիչ չեն:
Գրիգորյանի համար նախ անհասկանալի է՝ ինչո՞ւ սահմանվել տարեկան նվազագույնը 150 ծնունդի դեպքում կարող է ծննդատունը շարունակել գործել՝ ըստ նախարարի հրամանի: «Ես նախարարին նամակ եմ ուղարկել, որպեսզի հանդիպեմ ու քննարկենք որոշ մանրամասներ: Եթե փակում են ծննդատները, ապա սարքավորումներն ի՞նչ են անելու, մասնագետները տեղափոխվելու են այս ու այն կողմ, տարբեր հիվանդանոցներ: Եթե շտապ ծննդաբերություն լինի՝ ո՞վ է տեղում ընդունելու ծնունդը: Արդյոք չե՞ն ավելանալու, ինչպես նախարարն է ասում իբրեւ խնդրի լուծում՝ մայրական եւ մանկական մահացության դեպքերի նվազեցումը, արդյոք չե՞ն ավելանա նման դեպքերը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Գրիգորյանն այս գործընթացում հոգեբանական խնդիր էլ է տեսնում. «Քաջարանի կամ Եղվարդի բնակիչը հոգեբանորեն կարող է մտածի՝ եթե այստեղ մի ծննդատուն էլ են ավել համարում եւ տեղափոխում են Երեւան, ես ինչո՞ւ եմ այստեղ ապրում, այստեղ հեռանկար կա՞ իմ երեխաների համար, թե՞ ես էլ Ռուսաստանի ճանապարհը բռնեմ կամ գնամ Երեւանում ապրեմ: Այսպես` մենք ներքին եւ արտաքին արտագաղթին ենք նպաստում: Հեղափոխությունից հետո ժամանակն է ոչ թե ծննդատուն փակելու այլ՝ բացելու»:
Կարդացեք նաև
Պատգամավորի կարծիքով՝ նախարարության թիրախում գտնվող ծննդատներում առկա խնդիրները պետք է լուծել՝ վերազինել, այնպես անել, որ մասնագետները գնան ու աշխատեն, ոչ թե ասեն՝ մասնագետ չունեն: Գրիգորյանին մտահոգում է՝ եթե փակեն ծննդատունը, որտեղ 150 ծնունդ չկա, իսկ եթե 2020-ին ծնունդների թիվը դառնա 160.«Այս 160 ծննդկաններն ո՞ւր պետք է գնան: Նախարարն ասաց, որ ծննդաբերական կծկումները 10 առնվազն ժամ է տեւում, իսկ մեկ այլ բժիշկ էլ երեկ ասաց՝ որոշ դեպքերում եւ ոչ քիչ, ծնունդն ընդունում են միջանցքում, չեն հասցնում տանել ծնարան: Այսինքն, կարող է մի քանի րոպեն էլ նշանակություն ունենա: Սա այնպիսի հիվանդություն չէ, որ ասենք հանգիստ Քաջարանից կգնա Կապան: Այս դեպքում ամեն րոպեն կարեւոր է: Ես զրուցել եմ եւ գիտեմ, որ առաջնածին հղիները չգիտեն, երբ են ծննդաբերելու, կարող է հասնի վերջին րոպեներին եւ ինքը չհասկանա, որ իր մոտ այդ պրոցեսը սկսվել է: Այսինքն՝ այդպես ասել՝ 10 ժամ է, ժամանակ ունեն, բայց գուցե չլինի այդ ժամանակը եւ մենք կունենանք լուրջ բարդություններ: Իմ կարծիքով՝ սա չի կարող բերել մայրական եւ մանկական մահացության նվազեցմանը: Սա բյուջետային խնայողություն է: Պետք է տարբեր ծրագրերով ծնունդների աճին նպաստենք, մենք ունենք դեպոպուլյացիա, պետք է այս ուղղությամբ աշխատել, ոչ թե մտածեն՝ չարդարացված ծախս է, եւ այլն: Ծննդատները փակելով բացասական ազդակ է հետագայում երեխա ունենալու ցանկություն ունեցողների համար»:
Մեր դիտարկմանը՝ կան ծննդատներ, որտեղ անգամ վիրահատարան չկա, կամ անեսթեզիոլոգ չկա, նորածնային ինտեսիվ թերապիայի ծառայություն չկա, պատգամավորն այսպես պատասխանեց.«Որ գումարները պետք է արդյունավետ ծախսվեն, համաձայն եմ, բայց մարզային ծննդատները ԲԿ-ների ենթակայության տակ են, կարելի կադրերի վերաբաշխումն այնպես անել, որ ասենք՝ ԲԿ-ի անեսթեզիոլոգը վերապատրաստվի ու ծննդատանն էլ աշխատի»: Մեր այն դիտարկմանն էլ՝ գուցե ծնունդը սկսվի, տվյալ մասնագետը վիրահատության լինի, պատգամավորը պատասխանեց. «Կարող է նման խնդիր լինի: Բայց բժշկական համալսարանը մասնագետներ է պատրաստում, արդյոք նրանք բոլորը կենտրոնացված են Երեւանո՞ւմ»:
Պատգամավորը նաեւ ասաց. «Ես վստահ չեմ, որ Քաջարանի ծննդկանը գերադասելու է գնալ Կապան, նա կգերադասի մեկ ամիս շուտ գալ Երեւան եւ այստեղ ծննդաբերել»:
Նշենք, որ ծննդօգնության ծրագրով, մարզի հղին չի կարող իր ցանկությամբ անվճար ծննդաբերել մայրաքաղաքում, բացառություն են բարդացված դեպքերն ու բժշկի ցուցումը:
Գրիգորյանի դիտարկմամբ՝ նախարարի այս նախաձեռնությամբ մարզի բնակիչները, ընտանիքները կհայտնվեն դժվարությունների մեջ: Թե որոնք են այդ դժվարությունները, պատգամավորը բացատրեց. «Օրինակ Աչաջրից հղին պետք է գնա մարզի մեկ այլ ծննդատուն, իր բարեկամները պետք է գնան տեսության, ընտանիքով, գերդաստանով գնում են տեսության, ու մի ամբողջ ընտանիք կհայտնվի դժվարությունների մեջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Միայն այն, որ Պուտինի շնորհիվ միջազգային ասպարեզում չափազանց ցածր վարկանիշից Ռուսաստանը դարձավ ԱՄՆ-ին զսպող ուժ, բալանսի բերելով այս խելագար աշխարհը, հերիք է որ նա մնա հավերժ “Ցար”։ Ռուսները սիրել են Ցարին։