Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՆՓ-ին քննադատում եք, ուրեմն ուզում եք ՍՍ-ն հե՞տ գա։ Ո՞վ ասեց որ դա այդպես է». Հրանտ Բագրատյան

Հունվար 15,2020 20:03

Գիտեք մեր հարգարժան կառավարությունը անընդհատ տեղեկատվություն է հրապարակում, որն անպայման իրականությանը չի համապատասխանում։ Մարդ պիտի չափ սահման ունենա։ Հո չե՞մ կարող ես ամեն օր դիտողություններ անել վարչապետի կամ նախարարների ելույթի մասով ։ Մյուս կողմից, արդյոք մտավորականը և նամանավանդ նախկին վարչապետն ու տնտեսագետը պարտավոր չէ վիճակագրական կեղծարարություններն ու անճշտությունները վեր հանել։

Հիմա ավելի կոնկրետ։ Երեկ էկոնոմիկայի նախարար ՏԽ-ը հայտարարեց, որ 2019-ին ՀՆԱ-ն սպասվում է 7.5% աճով։ Մի քանի ժամ հետո ԱՎԿ-ն վերջապես ավելի քան 1 շաբաթ ուշացումով հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ հունվար-նոյեմբերին՝ 7.5%։ Երեկ չէ մյուս օրը հայտնի հեռուստահաղորդման ժամանակ նշել էի, որ ԱՎԿ թիվը չի տալիս, սպասում է ցուցմունքի։ Ցուցմունքը եղավ։ Իսկ ՏԽ-ին պիտի ասեմ, որ նրա ասուլիսը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին։ Բանն այն է, որ վիճակագրությունը անկախ է, և ՏԽ-ն իրավունք չունի թիվ ասել ՍՄ-ից առաջ, երբ խոսքը վերաբերում է անցած շրջանին (ապագա կանխատեսումներ՝ խնդրեմ)։ Իսկ երեկոյան կարդացինք վարչապետ Փաշինյանի գրառումը դեպի ՀՀ և ՀՀ-ից մեկնողների ու ժամանողների մասով (https://news.am/arm/news/554454.html)։ Նա ասում է. «2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ: Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով: 2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով”:

Նախ, ի՞նչու է ՆՓ-ն, առաջ ընկնում ԱՎԿ-ից և հայտարարում թվեր, որոնք պաշտոնապես չեն հրապարակվել։ Եղբայր, անկախ վիճակագրության օրենքով դրա բացառիկ իրավունքը քեզ չի տրված։

Երկրորդ, 2018 և 2017 թվերը մեզ համար անհասկանալի են։ Նույն ՆՓ-ի օրոք ԱՎԿ 2017-ի համար սահմանային գրանցում է ֆիքսել. մուտք 3398143 մարդ և ելք 3425040 մարդ (https://www.armstat.am/file/article/sv_12_18a_520.pdf)։ 4373117 մարդ թիվը ո՞րտեղից։ Կամ 2018-ի համար գրանցվել է մուտք 3757168 և ելք 3741855։ ՆՓ-ի մոտ առկա է 4785875 ժամանում։ Իհարկե, կարելի է ասել, որ դրանք տարբեր թվեր են։ Բայց չէին կարող ՆՓ-ի թվերը մեծ լինել ԱՎԿ թվերից, քանզի առաջինի մոտ բազմակի այցելությունների պարագայում միայն մեկն է հաշվառվում, իսկ ԱՎԿ-ն պարզապես գրանցում է սահմանային անցակետերով մուտքերն ու ելքերը, ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների։ Ուրեմն, կամ ՆՓ-ն է սխալ, կամ ԱՎԿ-ն։ Չհաշված հնդիկների մուտքն ու ելքը և մեկ էլ ռազմաճակատի գծում ադրբեջանական դիրքապահների կողմից սահմանային խախտումները։

Երրորդ, ՆՓ-ն ընդունում է, որ և 2018-ին, և 2019-ին մեկնողները եկողներից շատ են եղել. 11982 և 9467 մարդ։ Հետո ասում է. պատկերացնու՞մ եք 2017-ին մեկնողների թիվը ժամանողների թվից շատ է եղել -133826 մարդով։ Իսկ ոչինչ որ նույն փաշինյանական ԱՎԿ 2017-ի համար մուտքի և ելքի տարբերության մասով տալիս է սոսկ -26847 մարդ, իսկ, այդ թվում ՀՀ փաստաթղթերով՝ -36191 մարդ։ Լավ, կրկին ենթադրենք, որ խոսքը տարբեր մեթոդիկաների մասին է (պիտի ասեմ, որ մեկնողների և եկողների տարբերության մասով ոչ մի մեթոդիկա նման անդունդ չէր ունենա)։ Բա հնդիկնե՞րը։ ՆՓ ի՞նչու չեք ներկայացնում թվերը միայն ՀՀ փաստաթղթերով մարդկանց նկատմամբ։ Չ՞է որ նման հնարավորություն կա։ Եթե ընդհանուրով եք դատում, ապա կարելի է ասել, որ իրականում հայերը շարունակում են լքել Հայաստանը։ Իսկ թավշյա հեղափոխության ժողովրդագրական էֆեկտն այն է, որ հայերին փոխարինում ենք հնդիկներով։

Չորրորդ, ասում է 2019-ին 2017-ի համեմատ 22.1%-ով ավել մարդ է ժամանել։ Որ ի՞նչ։ է 2017-ին էլ 2015-ի համեմատ 25.4%-ով էր ավել (3398413-ը 2709273-ի դիմաց)։ Աճի տեմպը դանդաղել է…

Հինգերորդ … և այլն և այլն։

p.s. Այս էլ որերորդ անգամ ՆՓ-ն թվեր է ներկայացնում (հիշում եք տարեսկզբի վեճը աշխատատեղերի վերաբերյալ, տարվա կեսերին բյուջեի ավելի քան 25% գերակատարման, 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշի մասով և այլն) չպահպանելով տարրական վիճակագրական կանոններ, հապճեպ, թվերին տալով անհարկի քաղաքական երանգ, չխորհրդակցելով անձնակազմի հետ և այլն։ Նա գնալով նմանվում է ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարներին, երբ պողպատի ու ցորենի արտադրությունը ամեն տարի ավելանում էր, իսկ մարդիկ կուշտ փորով հաց չէին ուտում։ Մեր քաղաքական ուժը պայքարել է ՍՍ-ին իշխանությունից հեռացնելուն, սատարել է դրան։ Մենք հիմա էլ գտնում ենք, որ ՍՍ-ն 0 մակարդակի կառավարիչ է եղել։ Բայց մենք չենք տեսնում նաև որևէ արդյունավետություն ՆՓ-ի կառավարման մեջ։ Եվ պետք չի մեզ ասել. եթե ՆՓ-ին քննադատում եք, ուրեմն ուզում եք ՍՍ-ն հե՞տ գա։ Ո՞վ ասեց որ դա այդպես է։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031