Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Հրայր Թովմասյանը որոշել է, որ խրամատ է պահում». Հովհաննես Իգիթյան

Հունվար 15,2020 19:55

«Դատական իշխանությունը խնդիր ունի, Սահմանադրական դատարանը խնդիր ունի, որը պետք է լուծել: Դանդաղ գործընթացը կապված է նրա հետ, որ ցանկացած քայլ մենք ուզում ենք համապատասխանեցնել օրենսդրությանը, անգամ՝ որոշ դեպքերում ոչ լիարժեք օրենսդրությանը, բայց դա է մեր մոտեցումը»,-«Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Human Rights Watch-ի՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցին, որում գնահատականներ կան նաեւ դատական համակարգի վերաբերյալ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Նա համաձայն չէ գնահատականների հետ, թե իշխանությունը դատական համակարգի բարեփոխումների հարցում հապաղում է. «Դատական իշխանությունը մեկ օրում չի կարող փոխվել: Ամենավատ վիճակում մեր մոտ հենց այդ իշխանության ճյուղն է: Դատական իշխանությունում ժողովրդի կամքն ու կարծիքը, անգամ մեր կարծիքը չեն կարող իրականացվել ուղիղ ձեւով: Այստեղ  պետք է օրենսդրական ձեւով բոլոր հարցերը լուծել»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին եւ ՍԴ դատավորներին ինքնակամ լիազորությունների դադարեցման դեպքում վաղ կենսաթոշակի «ուղարկող» օրենքին՝ պատգամավորը նկատեց. «Անկախ նրանից՝ կընդունե՞ն այդ առաջարկը, թե ոչ, հարցը պետք է լուծել օրենքի սահմաններում: Այսօր խախտվել է ՍԴ բոլոր անդամների եւ դատավորների՝ ՍԴ նախագահ լինելու իրավունքը: Սահմանադրությունում գրած է, որ ՍԴ անդամն իրավունք ունի իր գործընկերների կողմից ընտրվելու ՍԴ նախագահ: Հիմա իննը հոգի կա ՍԴ-ում, որ այդ իրավունքից զրկված է: Օրենքով նրանք կարող են լինել ՍԴ նախագահ, բայց Հրայր Թովմասյանը որոշել է, որ խրամատ է պահում եւ մինչեւ կարծեմ յոթանասուն տարեկան, ինչպես մենք ենք ասում՝ հավերժ, պետք է լինի ՍԴ նախագահ: Բայց այդ դատավորներն ընտրվել են 12 տարով եւ մինչեւ ժամկետի ավարտը զրկված են ՍԴ նախագահ լինելու հնարավորությունից»: Իգիթյանը հավելեց, որ հանրության շրջանում գործող ՍԴ-ի հանդեպ անվստահություն կա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031