Լրահոս
Օրվա լրահոսը

Լավատեսության ոգին Կովկասում. «Süddeutsche Zeitung»

Հունվար 15,2020 19:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկուկես տարի առաջ է իշխանության եկել և կոռուպցիայի դեմ և հանուն ժողովրդավարության պայքարում արդեն գրանցել է առաջին հաջողությունները Սերժ Սարգսյանի կարիերայի պլանն ակնհայտ էր, սակայն այն կարող է ավարտվել ձերբակալությամբ: Երբ երկու անգամ նախագահ լինելուց հետո նա, սահմանադրության փոփոխության շնորհիվ, կարողացավ ընտրվել վարչապետ, հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իրականացնելով Թավշյա հեղափոխություն:

Վերջիններիս կողմից ուժգին ճնշման արդյունքում Սարգսյանը հրաժարական տվեց, իշխանության եկավ հեղափոխության առաջնորդ Ն. Փաշինյանը, ով փորձեց բարեփոխումներ իրականացնել կաշառակերության դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման հարցերում: Ս. Սարգսյանի կյանքում էլ տեղի ունեցան փոփոխություններ. նրան սպառնում է 8 տարի ազատազրկում: Այս պահին նա իրավունք չունի լքելու երկիրը: Մեկ տարվա մեջ սա երկրորդ դատական գործն է նախկին ղեկավարի նկատմամբ. Ռ. Քոչարյանն արդեն իսկ ազատազրկման է դատապարտվել: Եթե այդ երկու քրեական գործերը նախկին ղեկավարները դիտարկում են որպես քաղաքական վրիժառություն, Փաշինյանը և բնակչության մի մասը դա ընկալում է որպես պայքար կոռուպցիայի դեմ:

Ինչպես նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, նախկինում հակակոռուպցիոն պայքարի աննշան դեպքեր տեղի էին ունենում, սակայն կոռուպցիոն համակարգը երբեք «վտանգի տակ չէր դրվում», մինդեռ այսօր նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներն են պատասխանատվության ենթարկվում, ինչը քաղաքական կամքի դրսևորում է:

Երկար ժամանակ Հայաստանը ստիպված էր ծանր պայմաններում ապրել. երկու հարևանների հետ թշնամական հարաբերություններ, ստվերային տնտեսություն, դեպի ծով ելքի բացակայություն և այլն: Շատերը լքել էին Հայրենիքը և գումար էին փոխանցում արտերկրից իրենց հայաստանաբնակ բարեկամներին: Փաշինյանը փորձում է շրջադարձ իրականացնել:

Համաշխարհային բանկը երկիրը գնահատել է որպես «կտրուկ աճող», որի ներդրումային դաշտում ևս դրական փոփոխություններ են գրանցվում: Ավելացել է զբոսաշրջիկների թիվը:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ ստվերային տնտեսության կրճատման և հարկերի բարձրացման արդյունքում ավելի շատ գումար է մտնում պետբյուջե, որտեղից էլ ներդրումներ են իրականացվում ենթակառուցվածքների, ճանապարհաշինության և այլ ոլորտներում: Բարձրացել է ուսուցիչների, բուժանձնակազմի, զինվորականների աշխատավարձը, հաջորդ տարվանից կավելանան թոշակները:

Այս ընթացքում տեղի են ունեցել նաև փոքր բողոքի ակցիաներ, օրինակ, բնապահպանների կողմից: Պահպանողական հայերը չէին ցանկանում, որպեսզի Հայաստանը միանա Ստամբուլյան կոնվենցիային, սակայն իշխանությունը շարունակում է իր քաղաքական գիծը տանել:

Արտաքին քաղաքականությունում պետք է Փաշինյանն ուշադիր լինի, որ ոչ Եվրոպային «վախեցնի», ոչ էլ Ռուսաստանին, որը Հայաստանի համար յուրովի անվտանգության երաշխավոր է Ադրբեջանի հետ հակամարտությունում: Փաշինյանը հստակեցրել է, որ ցանկանում է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի հետ պահպանել բարեկամական հարաբերություններ, և «կամ-կամ» ընտրության հարց չկա:

Փաշինյանի առջև ծառացած լուրջ խնդիր է արտագաղթի կանխումը և դեմոգրաֆիայի կարգավորումը: Այդ նպատակով նա շեշտադրումը կատարում է ՏՏ ոլորտի վրա և իր թիմում նշյալ բնագավառի ակտիվիստներ է ներառել:

«Süddeutsche Zeitung»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031